Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Կապանը դառնում է հետաքրքիր էքստրիմի սիրահարների համար. քաղաքը կունենա ամենաերկար զիփլայնը

Կապանը դառնում է հետաքրքիր էքստրիմի սիրահարների համար. քաղաքը կունենա 
ամենաերկար զիփլայնը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում, համավարակով պայմանավորված, զբոսաշրջության ոլորտում բազմաթիվ ծրագրեր հետաձգվեցին, որոշները չեղարկվեցին: Չնայած դժվարություններին, Սյունիքի մարզի Կապան քաղաքում, հետաքրքիր նախաձեռնություններ են կյանքի կոչվում: Մասնավորապես, աշխատանքներ են իրականացվում, որպեսզի Կապանը դառնա հետաքրքիր էքստրիմի սիրահարների համար: Մոտ ժամանակներս ավարտին կհասցվեն Կապանում զբոսաշրջային ոլորտում 2020 թվականին խոշոր ծրագրերից մեկի աշխատանքները: Մասնավոր հատվածի ներդրումների արդյունքում Կապանը կունենա աննախադեպ երկարությամբ զիփլայն: Այն երկար է Ենոքավանի (750 մ) և Երևանի (մոտ 870 մ) զիփլայններից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում նախագծի ինժեներ Գեղամ Միրոյանը նշեց, որ մի քանի օրից կկատարվեն վերջնական փորձարկումները:  

«Այս զիփլայնի մեկ կետից մինչև մյուս կետը ուղիղ գծով 1080 մետր է: Գետնից ճոպանի ամենաբարձր կետը գերազանցում է 160 մետրը: Այն անցնում է քաղաքի վրայով: Այսինքն` զբոսաշրջիկն անցնելու է շենքերի վրայով: Հիմնականում զիփլայնները բնության գրկում են լինում, սա քաղաքի մեջ է, քաղաքի վրայով է անցնում: Այս զիփլայնը դրանով նույնպես աննախադեպ է»,- ասաց Գեղամ Միրոյանը: 

Զիփլայնի կառուցման աշխատանքները մեկնարկել են անցած տարվա սեպտեմբերի վերջին: Թղթաբանությունից մինչև վերջնական արդյունք՝ ամիսներ շարունակ հետևողական աշխատանքի շնորհիվ այն արդեն պատրաստ է: Գեղամ Միրոյանը նշեց, որ հիմա վերջնական փուլում են: 

«Անվտանգության առումով կարող եմ ասել, որ խնդիր չկա: Աշխատանքները կատարվել են ամենաբարձր մակարդակով: Այցելուների հետ տեղում աշխատանք կկատարվի, կլինի հրահանգավորում: Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա այն քննարկման փուլում է»,- ասաց Գեղամ Միրոյանը:  

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը շատ կարևոր համարեց նման ծրագրի իրականացումը: Այն Կապանում զբոսաշրջության ոլորտում այս տարվա առաջին խոշոր ծրագիրն է: 

«Աշխատանքները գրեթե ավարտական փուլում են: Այն շատ գրավիչ կլինի էքստրիմը սիրող զբոսաշրջիկների համար: Այս նախաձեռնությունը մեծ նշանակություն կունենա Կապանի համար. վստահաբար մեր համայնքը զբոսաշրջիկներին այլ կողմից կներկայանա, այցելուների նոր հոսք կապահովվի: Ցավոք, համավարակով պայմանավորված, ծրագրերը փոխվեցին, սակայն չենք հուսահատվում, մենք և մասնավոր հատվածը շարունակում ենք աշխատել ու պատրաստվել»,-ասաց Կապան համայնքի ղեկավարը:  

Նա տեղեկացրեց, որ Կապանում ևս մեկ զիփլայն է լինելու, այս անգամ բնության գրկում՝ անտառային հատվածում: Այս ուղղությամբ ևս գործընթացներն առաջ են գնում, օրերս ավագանու օրակարգում այդ նպատակով հողատարածքի օտարման հարցն էր ներառված: 

«Զբոսաշրջության զարգացման տեսանկյունից մեծ հույսեր ունենք՝  կապվածօդանավակայանի վերաբացման հետ: Դրանից բացի, ինչպես գիտեք, հիմնանորոգվում է Տաթև-­Կապան ավտոճանապարհը: Այս տարի պետական միջոցներով հիմնանորոգվում է դրա 12.5 կմ հատվածը, հաջորդ տարի՝ 17.5 կմ-ը: Սա նույնպես կարևոր ենթակառուցվածք է և զարկ կտա տուրիզմի զարգացմանը», -ասաց համայնքի ղեկավարը: 

Գևորգ Փարսյանը նշեց, որ քաղաքի բարեկարգման, համայնքին նոր տեսք տալու ուղղությամբ աշխատանքները չեն կանգնում: Իրենք ամեն ինչ անում են, որ քաղաքն ավելի գրավիչ դառնա հյուրերի համար: Նախատեսվում է այգիների վերանորոգում, հանգստյան նոր միջավայրի ստեղծում: Կապանում սպասում են երկրում համաճարակային իրավիճակի բարելավմանը, որպեսզի հետաձգված ծրագրերը նույնպես սկսեն կյանքի կոչել:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]