Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ժողովրդի աչքերի մեջ նայող և ստող քաղաքական ուժը քաղաքական գործունեություն չի ծավալելու. Փաշինյան

Ժողովրդի աչքերի մեջ նայող և ստող քաղաքական ուժը քաղաքական գործունեություն չի 
ծավալելու. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքնաոչնչացած է համարում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում, արձագանքելով այն դիտարկմանը, թե ԲՀԿ-ն խորհրդարանում ներկա չէ, որովհետև բոյկոտել է ԱԺ նիստը:

«Այսօր ասում եք՝ քաղաքական ուժը բոյկոտել է: Քաղաքական ուժն իմ գնահատմամբ, ինքնաոչնչացել է, որովհետև, երբ այս ամբիոնից լուրջ դեմքով ասվում է, հերքվում է մի բան, որ ՀՀ բոլոր քաղաքացիները գիտեն… նորությո՞ւն է, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ընտրակաշառք են բաժանել, իսկ ԲՀԿ-ն ընտրակաշաքով է ընտրվել, դա նշանակում է ինքնաոչնչացում: Նրանք այսօր այստեղ չեն, ոչ թե նրա համար, որ հետապնդվում են, այլ այստեղ չեն, որովհետև չկան այլևս: Ժողովրդի աչքերի մեջ նայող և սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու: Չի կարելի ժողովրդին ձեռք առնել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ այսօր տեղի է ունենում Հայաստանում ամենամեծ բարեփոխումը՝ քաղաքական դաշտի բարեփոխումը: 

«Նրանք, որոնք կուլիսներից մարիոնետների նման կառավարվել են, այլևս Հայաստանի քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու: Նրանք, ովքեր կուլիսներից մարիոնետների են կառավարել, այս քաղաքական դաշտում տեղ չեն ունենալու: Թույլ տվեք կանխատեսել՝ հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք աներկբայորեն պաշտպանում են 2018թ. ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության արժեքները: Սա ասում եմ ոչ թե, որպես վարչապետ, այլ, որպես ՀՀ քաղաքացի:  Այսօր այդ ուժերից էլ կան, որ մեզ քննադատում են, ամենամեծ քննադատելու տեղն իրենք ունեն և ամենաշատն իրենց քննադատությունից ենք մենք նեղվում»,- նշեց վարչապետը:

Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ընտրակաշառք տալու համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ 

Հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ քվեարկություններով հավանություն է տվել պատգամավոր Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ Գլխավոր դատախազի միջնորդություններին: 

Դատարանը հունիսի 21-ին մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդությունը։ Ավելի ուշ ՀՀ դատախազությունից հայտնել էին, որ դատախազությունը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան է բողոքարկելու Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանամն միջոց ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ներկայացրած միջնորդության մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել:

Ավելի վաղ, ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am