Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Օգոստոս

Հոսպիտալացման իր հերթին տանը սպասող քաղաքացի այս պահի դրությամբ չկա

Հոսպիտալացման իր հերթին տանը սպասող քաղաքացի այս պահի դրությամբ չկա

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 21-ի երեկոյից չկա կորոնավիրուսով վարակված և հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացի, ով հոսպիտալացման իր հերթին է սպասում տանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

 «Հոսպիտալացման կարիք  ունեցող քաղաքացիների թիվը հիմնականում վերջին 1 շաբաթվա ընթացքում տատանվում էր 150-200 –ի շրջանակներում: Նրանց մի մասը գտնվում էր տանը, այսինքն՝ տանն էր սպասում հոսպիտալացման, իսկ մի մասը գտնվում էր այլ բժշկական կենտրոններում: Եվ երեկ երեկոյից փաստացի տանը սպասող քաղաքացի, որպես այդպիսին, չունենք: Այսինքն, այն քաղաքացիները, որոնց մոտ հաստատվում է կորոնավիրուսային հիվանդություն և ովքեր կարիք ունեն հոսպիտալացման՝ իրենց առողջական վիճակով պայմանավորված, հրատապ հոսպիտալացվում են: Եվ այս առումով կարող ենք ասել, որ այդ խնդիրը լուծված է»,-ասաց Թորոսյանը:

Հաջորդ խնդիրը մնում է վարակվածներին որոշ բուժհաստատություններից դեպի կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող հիվանդանոցներ տեղափոխելը: Նախարարը վստահեցրեց, որ այդ խնդիրը նույնպես մոտ օրերս կլուծվի: Թորոսյանը նկատեց, որ այդ առումով հիմա բավականին բարվոք վիճակ է, պետք է  ամեն ինչ արվի այդ վիճակը պահելու համար:

Հայաստանում հունիսի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20 588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 10 980  պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 96843 թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 360 դեպք: 

Աննա Գրիգորյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]