Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Քննարկման փուլում շատ բան կարող է փոխվել. Ալեն Սիմոնյանը՝ ՍԴ-ին առնչվող նոր նախագծի մասին

Քննարկման փուլում շատ բան կարող է փոխվել. Ալեն Սիմոնյանը՝ ՍԴ-ին առնչվող նոր 
նախագծի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի խոսքով՝ իրենց խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված՝ Սահմանադրական դատարանին առնչվող նոր նախագծի քննարկման փուլում շատ բան կարող է փոխվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Սիմոնյանն այս մասին ասաց «Իմ քայլը»-ի նիստից հետո՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ առաջարկված նախագծով Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել ՍԴ անդամի պաշտոնում:

Սիմոնյանը հորդորեց չշտապել: «Որովհետև զարգացումները տարբեր լուծումներ են առաջարկում տարբեր ժամանակներում: Իրավիճակը փոխվում է: Քննարկման փուլում կարող է շատ բան փոխվել»,-ասաց ԱԺ փոխնախագահը:

Նրա խոսքով՝ խմբակցության նիստում վարչապետի հետ չեն քննարկել նախագիծը:

Սիմոնյանը նկատեց՝ ՍԴ հարցը լուծելու համար հանրաքվեն ամենալավ տարբերակն էր, բայց համաճարակի պատճառով հնարվոր չէ այն անցկացնել: «Այս դեպքում մնում է երկրորդ տարբերակը՝ ժողովրդի կողմից 72 տոկոս վստահության քվե ստացավ պատգամավորների և ԱԺ-ի միջոցով այդ հարցի պատասխանը գտնելը: Բնական է, բոլորս հասկանում ենք, որ այսօրվա վիճակում հնարավոր չէ հանրաքվե անցկացնել»,-ասաց նա:

Սիմոնյանը չի կարծում, թե ՀՀ-ում կա մթնոլորտ, որ կարող է հանրաքվե անցկացվի, և այդ հարցը չլուծվի: «ՀՀ քաղաքացիներն իրենց գերակշիռ մեծամասնությամբ վստահում են ՀՀ իշխանությանը, վարչապետին »,-կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության 50-ից ավելի պատգամավոր Սահմանադրական դատարանի նախագահին և դատավորներին փոխարինելու օրենքի նախագիծ է մշակել: Օրինագծի ընդունման դեպքում կդադարեցվի ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ: Օրենքի նախագծով՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված և պաշտոնավարումը դադարում է: Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում սույն հոդվածի 1-ին մասի ուժով, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը` հաշվի առնելով նաև մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը որպես Սահմանադրական դատարանի անդամ պաշտոնավարած ժամկետը:

Ավելի վաղ նախաձեռնվել էր Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որով առաջարկվում էր դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով, այնուհետև չեղարկվեց:

Աննա Գրիգորյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]