Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ընտրակաշառքի փաստաթղթի հայտնաբերման դեպքում ցանկացած քաղաքական ուժ կունենա նույն ճակատագիրը. դատախազ

Ընտրակաշառքի փաստաթղթի հայտնաբերման դեպքում ցանկացած քաղաքական ուժ 
կունենա նույն ճակատագիրը. դատախազ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե որևէ գործով որևէ այլ շինությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեն որևէ այլ քաղաքական ուժի՝ որևէ այլ ժամանակահատվածի ընտրությունների վերաբերյալ փաստաթղթեր, կունենա բացարձակապես նույն ճակատագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին և Ծառուկյանին ազատությունից զրեկոլւն համաձայնություն տալու մասին իր միջնորդության ներկայացմանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին: 

Թանդիլյանը հետաքրքրվեց, թե արդյոք ամբողջ ընթացքում, գործի, խուզարկությունների շրջանակում միայն 2017-ին վերաբերվող առևերույթ ընտրակաշառքի դեպքեր են գտել, չե՞ն գտել արդյոք 2018-ի, մինչև այդ որևէ ընտրական ժամանակահատվածի որևէ նյութ, պատգամավորների ստորագրած որևէ փաստաթուղթ: Նա նաև հարցրեց, թե արդյոք ՀՀԿ-ի ընտրակաշառքների մասին տեղեկատվության չեն տիրապետու՞մ: 

Գլխավոր դատախազը արձագանքեց՝ քրեական հետապնդման մարմինները չեն փնտրում որևէ քաղաքական ուժի կամ որևէ կոնկրետ ընտրության ընթացքում կատարված փաստաթղթեր: «Քրեական գործերը կամ քրեական վարույթները ենթադրում են քրեադատավարական գործողություններ: Եվ երբ քրեադատավարական գործողությունների ընթացքում ձեռք են բերվում այս կամ այն դեպքերի՝ այդ թվում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ տեղեկություններ, ոչ մի դեպքում անալիզ չի արվում, թե դա որ քաղաքական ուժին կամ որ ժամանակահատվածին է վերաբերում»,-ասաց Դավթյանն ու շեշտեց՝ իր միջնորդագիրը հատուկ ծանրաբեռնել էր՝ սկսելով այն քրեական գործից, որով տեղեկություններ էին հայտնաբերվել:

Նա նշեց՝ բացարձակ ընտարակաշառքին չառնչվող քրեական գործի քննության ընթացքում գործող Քաղաքաշինության կոմիտեի նախագահին վերագրվող հանցագործության փաստով նրա հանցակցի ընկերության շենքում կատարվել է խուզարկություն: Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են այն փաստաթղթերը, որոնց մասին դատախազն արդեն բարձրաձայնել է: «Եթե այդ կամ այն այլ որևէ գործով այդ կամ որևէ այլ շինությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեն որևէ այլ քաղաքական ուժի, որևէ այլ ժամանակահատվածի ընտրությունների ժամանակ փաստաթղթեր, հավաստիացնում եմ, որ կունենա բացարձակապես նույն ճակատագիրը»,-ասաց դատախազը:

Անդրադառնալով Թանդիլյանի մյուս հարցին, թե ինչպես է ստացվում, որ առերևույթ նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթերը հայտնվում են իշխող քաղաքական ուժի նախարարների, պատգամավորների Ֆեյսբուքի էջերում՝ Դավթյանը ներկայացրեց նախաքննության գաղտնիքի հրապարակման օրենսդրական կարգավորումը: «Վարույթ իրականացնող մարմինն ինքն է որոշում, թե ինչ ծավալով տեղեկություն հրապարակի՝ բնականաբար գնահատելով ռիսկերը, նախաքննության արդյունավետության վրա հետագա բացասական ազդեցությամբ: Բոլոր այն դեպքերում, երբ նախաքննական մարմինը պաշտոնապես կորոշի այս կամ այն տեղեկությունը հրապարակել,  վարույթ իրականացնող մարմնի իրավունքն է, լիազորությունն է, եթե կուզեք, նույնիսկ պարտականությունն է՝ պայմանավորված հանրությանը համապատասխան տեղեկատվություն տրամադրելու իր պատասխանատվությամբ: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ իմ ասած աղբյուրներից զատ այլ կերպ նախաքննության տվյալների արտահոսք կլինի, միանշանակ անընդունելի է: Յուրաքանչյուր այդպիսի դեպքով, և բազմաթիվ նման դեպքեր ենք ունեցել, մեր հստակ պահանջն է՝ պարզել այդ փաստը, որովհետև մենք գործ ունենք հանցագործության հետ»,-շեշտեց դատախազը:

Ազգային անվտանգության ծառայության շենքում հունիսի 14-ին, ժամը 13:00-ից մինչև 23:30-ը գտնվում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, որն այնտեղ էր հրավիրվել հարցաքննության: Ծառուկյանի աջակիցները շուրջ 9 ժամ ԱԱԾ շենքի տարածքում հավաք էին իրականացնում և պահանջում էիր դադարեցնել պատգամավորի նկատմամբ իրականացվող գործողությունները: Ավելի վաղ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն, Գագիկ Ծառուկյանի «Մուլտի գրուպ» կոնցեռնի մեջ մտնող «Օնիրա Քլաբ» ընկերությունը պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների վնաս է պատճառել։ 

Մեկ այլ հաղորդագրությամբ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները: 

Ազգային անվտանգության ծառայությունը նաև պարզել է, որ Կոտայքի մարզի Առինջ համայնքի պաշտոնատար անձինք, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իրենց կազմակերպական-տնօրինչական ու վարչատնտեսական գործառույթները ծառայության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, «Նյու» ՍՊ ընկերության հիմնադիրների, մասնակիցների ու տնօրենի կողմից օրենքով սահմանված կարգի խախտմամբ վարձակալությամբ տրամադրել են 7.5 հա գյուղատնտեսական նշանակության հողատարածք, որտեղ համայնքի ղեկավարի որոշումներով ապօրինի կառույցներն օրինականացնելուց հետո և առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու որպես արտադրական շինություններ օտարել են վերը նշված ընկերությանը։ 

Հունիսի 16-ին ԱԱԾ-ն մեկ այլ հաղորդագրությամբ նշել է, որ ԱԱԾ Քննչական դեպարտամենտում նախապատրաստված նյութերով ձեռք բերված փաստական տվյալներով տեղեկություններ են ստացվել այն մասին, որ պետական պաշտոնատար անձինք, կազմակերպված հանցավոր մեխանիզմով, 2017 թ. մայիսի 14-ի  Երևանի  ավագանու ընտրություններին՝ ընտրությունների նշանակման օրվանից առաջ և հետո ընկած ժամանակահատվածում, համոզելու, նյութապես շահագրգռելու կամ այլ ապօրինի եղանակով, մայրաքաղաքից դուրս հաշվառված ու այլ համայնքներում ժամանակավոր կամ մշտական բնակության վայր, ինչպես նաև ընտրելու իրավունք ունեցող շուրջ 100-120 հազար ՀՀ քաղաքացիների դրդել են իրենց հաշվառման իրական վայրերից կարճ ժամանակով, ձևականորեն տեղափոխվել և ՀՀ օրենսդրությամբ ու իրավական այլ ակտերով սահմանված պահանջների խախտմամբ, ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր օգտագործելու միջոցով, հաշվառվել  փաստացի նրանց համար ժամանակավոր կամ մշտական բնակության վայր չհանդիսացող՝ Երևան քաղաքի վարչական շրջանների տարբեր հասցեներում, որպիսի պայմաններում հնարավորություն են ստացել նշված անձանց ներառելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրողների ցուցակներում և այդ կերպ Երևանի ավագանու ընտրություններին ապահովել անհրաժեշտ քանակի «կողմ» ձայներ, իսկ ընտրություններն ավարտվելուց անմիջապես հետո նշված անձանց կրկին տեղափոխել և հաշվառել են Երևան քաղաքից դուրս գտնվող՝ իրենց  հաշվառման իրական վայրերում։ 

Վերոգրյալից բացի, նյութերի նախապատրաստմամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2004 թ. ապրիլի 30-ին հիմնադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, մասնակցելով տարբեր տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում անցկացված  Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իրենց կուսակցության, թեկնածուների, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ քվեարկելու նպատակով  ընտրողներին անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով տրամադրել  են կաշառք` դրամ, գույք կամ որևէ այլ առավելություն, որպիսի ապօրինի գործողություններով տարբեր ընտրություններին կամ հանրաքվեներին ստացել են իրենց համար  ցանկալի արդյունքներ։ Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թ. հունիսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերի, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի  հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվում են լայնածավալ քննչական ու դատավարական այլ գործողություններ և  օպերատիվ-հետախուզական միջոցաոռւմներ։ Քրեական գործի նախաքննությամբ անհերքելի փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ  Նաիրա Զոհրաբյանը 2018 թ. մայիս ամսին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հեղափոխությանը հաջորդած ընտրությունների արդյունքների  կապակցությամբ համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազմիցս վիրավորական արտահայտություններ է հնչեցրել  իրենց կամքն ազատորեն արտահայտած բազմահազար քաղաքացիների նկատմամբ՝  նրանց անվանելով ոչխարներ, աղանդավորներ։ 

Ավելին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է նաև, որ Նաիրա Զոհրաբյանը նույն համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում  բազմիցս ընդունել է այն փաստը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկին տարիներին անցկացված ընտրություններում անհրաժեշտ քանակի ձայներ կարողացել է ապահովել բացառապես ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու արդյունքում՝ բառացիորեն հայտնելով հետևյալը. «…պարզվեց՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի…պիտի ճշմարտության երեսին նայե՞նք, թե՝ չէ, էտա…, իրականությունը էտա…»: Խոսակցություններից պարզ է դառնում նաև, որ Զոհրաբյանն ու իր համախոհները ընդունում են, որ հեղափոխություւնից հետո ընտրակաշառք բաժանելու միջոցով հաջողության հասնելու մեխանիզմները կիրառելի չլինեու հետևանքով՝  իրենց կուսակցությունն այլևս հնարավորություն չի ունեցել անհրաժեշտ քանակի քվեներ ապահովել։

 

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]