Կյանքից հեռացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է Ազգային ժողովի նախկին նախագահ, Բելառուսում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Խաչատրյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեցին Արտաքին գործերի նախարարությունից:
Արմեն Խաչատրյանը 63 տարեկան էր։
Արմեն Խաչատրյանը ծնվել է 1957թ. օգոստոսի 13-ին՝ Երևանում։ 1978թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան Երևանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, բանասիրության գիտությունների թեկնածու է։
1999 -2003թթ. Խաչատրյանը զբաղեցրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ անվտանգության խորհրդի անդամի, ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարական վեհաժողովի խորհրդի անդամի պաշտոնները: 2003-2010թթ. եղել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, 2004-2016թթ.՝ Մոլդովայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 2010-2017թթ.՝ Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչը:
Նորայր Շողիկյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում