Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Հայաստանն ու Արցախն անվտանգային ընդհանուր տարածք են. Փաշինյանն ընդունել է Արայիկ Հարությունյանին

Հայաստանն ու Արցախն անվտանգային ընդհանուր տարածք են. Փաշինյանն ընդունել է 
Արայիկ Հարությունյանին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընդունել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո սա Հարությունյանի և Փաշինյանի առաջին պաշտոնական հանդիպումն է:

«Այսօր մենք նշում ենք մեր ժողովրդի տարած ամենափառապանծ հաղթանակներից մեկը՝ Սարդարապատի հերոսամարտի օրը, Հանրապետության օրը, որը շատ մեծ խորհրդանիշ ունի իր մեջ: Այն ցույց է տալիս, թե առաջնորդներն ինչպես կարող են փոխել երկրի և ժողովրդի ճակատագիրը: Այս օրը շատ մեծ ուղերձ ունի ու խորհրդանշական է, որ մենք պաշտոնական Երևանում, Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական առաջին հանդիպումը հենց այս օրն ենք անցկացնում»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ Արցախում կայացած համապետական ընտրություններից հետո ստեղծվել են բոլոր նախադրյալները, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները ռազմավարական երկարաժամկետ ծրագրերի իրագործման փուլ անցնեն:

«Մեր ռազմավարությունները և ծրագրերը պետք է հնարավորինս համադրվեն, որպեսզի սիներգիայի էֆեկտն ավելի մեծ լինի: Մենք այս ընթացքում քննարկել ենք, մասնավորապես, գյուղատնտեսության, արտադրության, տեխնոլոգիաների ոլորտում մեր ընդհանուր գործերը կազմակերպելու հետ կապված բազմաթիվ հարցեր: Ինչ վերաբերում է անվտանգությանը, Հայաստանն ու Արցախն անվտանգային ընդհանուր տարածք են, և այս առումով մեր անելիքներն ու մարտահրավերներն ակնհայտ են ու բացահայտ, և ես համոզված եմ, որ մենք կկարողանանք համագործակցված այդ մարտահրավերները կառավարել ու մեր հայրենիքը դուրս բերել ռազմավարական և կայուն զարգացման ուղի»,- նշել է վարչապետը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հանրապետության օրվա առթիվ, հայտնելով, որ Արցախի շենացման հարցում ակնկալում է ՀՀ վարչապետի անմիջական աջակցությունը:

Նորայր Շողիկյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]