ՀՀ և Արցախի ղեկավարները հարգանքի տուրք մատուցեցին Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը և հոգևոր դասը հարգանքի տուրք մատուցեցին Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հանրապետության օրվան և 1918թ. մայիսյան հերոսամարտին նվիրված պաշտոնական միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:
Պետական այրերը նախ ծաղկեպսակներ տեղադրեցին Սարդարապատի հուշահամալիրի մոտ, ապա հարգանքի տուրքի մատուցման արարողությունն ուղեկցվեց Տերունական աղոթքով:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, այս տարի մայիսի 28-ին արգելվել է քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր:
Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը մայիսի 28-ին տոնում են Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 102-ամյակը՝ Հանրապետության տոնը:
1918-ի մայիսի 28-ին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում տված կենաց-մահու ճակատամարտերում տարած հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի անկախությունը, որը կորցրած էր շուրջ 9 դար առաջ:
102 տարի առաջ այս օրը Երևանից ոչ հեռու, ցեղասպանություն վերապրած հայ ժողովուրդը կռիվ տվեց թշնամու դեմ` հանուն հայրենի երկրի վերջին թիզ հողի պահպանության, հանուն ազգի հարատևման: Սարդարապատի ճակատամարտը որոշիչ էր հայ ժողովրդի համար և ճակատագրական՝ Հայաստանի համար: Հայրենիքի պաշտպանության համար ոտքի էր կանգնել ամբողջ ժողովուրդը: Զինվորների հետ միասին կռվի դաշտում էին ամբողջ ընտանիքներ՝ ծերեր, երեխաներ, կանայք:
Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918թ. մայիսի 28-ին, Թիֆլիսում Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:
Անկախ Հայաստանի առաջին վարչապետն է եղել Հովհաննես Քաջազնունին, վերջինը՝ Սիմոն Վրացյանը: Հայաստանի Հանրապետությունն ընդամենը երկու տարվա կյանք է ունեցել՝ մինչև 1920 թ. դեկտեմբերի 2-ը։ Այդ ժամանակ Երևան են մտել 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվել է:
1918թ. մայիսի 22-28-ին թուրք զավթիչների դեմ մղված պատմական հերոսամարտի 50-ամյա տարեդարձի օրը տեղի է ունեցել Սարդարապատի հուշահամալիրի բացումը: Այն կառուցվել է ճիշտ այն վայրում, որտեղ տեղի է ունեցել Սարդարապատի ճակատամարտը:
Նորայր Շողիկյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում