Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Թուրքական ուրացություն 2: Պոնտոսի հույների ցեղասպանությունը

Թուրքական ուրացություն 2: Պոնտոսի հույների ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր հույները հարգում են 1916-1922թթ. Օսմանյան կայսրության ու Թուրքիայի հանրապետության կողմից իրականացրած Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հայոց ցեղասպանությանը զուգահեռ թուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ երկրի ոչ մահմեդական այլ ժողովուրդների ոչնչացմանը: Ի դեպ, հայ ժողովրդի զանգվածային տեղահանության ու կոտորածի ականատեսը լինելով, պոնտական հույները սկսեցին կազմել առաջին պարտիզանական խմբերը և դիմեցին ինքնապաշտպանության: Թուրքիայի հակաքրիստոնեական արշավը շարունակվեց հետագա տարիներին ևս: Համաձայն տարբեր գնահատականների, թուրքական քաղաքականության արդյունքում Պոնտոսում սպանվել է 300-350 հազար հույն, սակավաթիվ փրկվածներն էլ ապաստան են գտել Հունաստանում ու այլուր։

Բոլորին քաջ հայտնի է Զմյուռնիայի ջարդը, 1940-ականներին ոչ մահմեդականների դեմ տարվող քաղաքականության դրսևորումները: Կապկելով անցյալի փորձը, թուրքերը հույներին ոչնչացնելու համար կազմեցին աշխատանքի գումարտակներ: Գործի դրվեց նաև ձուլման մասշտաբային ծրագիր: 1953-1955 թթ. թուրքական կառավարությունը իրականացրեց հունական ջարդեր Իմբրոսում, Տենեդոսում և Ստամբուլում:

Հակահունական քաղաքականության դրսևորումն էին 1955թ. սեպտեմբերի ստամբուլյան պոգրոմները, որոնցից հետո հույները սկսեցին զանգվածաբար լքել բյուզանդական հնամենի մայրաքաղաքը: 1974թ. թուրքական ներխուժումը և դրան հաջորդած ջարդերը կրկին անգամ փաստեցին, որ թուրքերը չեն հանդուրժում հունական ներկայության որևէ տեսակ:

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ թուրքական այս գործողությունները, ինչպես  Հայոց ցեղասպանության դեպքում, միջազգային համապատասխան արձագանք չեն ստացել: 1994թ. Հունաստանի խորհրդարանը մայիսի 19-ը, որը Քեմալ Աթաթուրքի Սամսուն քաղաքում ափ իջնելու օրն է, հռչակեց Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակի օր։

Հայոց ցեղասպանության ուրացության քրեականացման քննարկումներին զուգահեռ հույների կոտորածների միջազգային ճանաչման արշավի սկիզբը թուրքերի համար ծայրահեղ անցանկալի էր։ Այդ ուղղությամբ հունական իշխանությունների գործողությունները մշտապես ջղաձիգ արձագանք են գտել Անկարայում։

Քսանչորս տարի առաջ՝ 1996թ. ապրիլի 25-ին՝  Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը մտավ  Հունաստանի խորհրդարանի օրակարգ` ապրիլի 24-ը Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության հիշատակի օր սահմանելու ձևակեպմամբ: Քննարկումների ժամանակ նշվել էր, որ Հայոց ցեղասպանությունն «մեկն էր առաջին միջոցառումներից, որոնք սկսեցին կիրառվել պանթուրքիզմի և պանթուրանիզմի շրջանակներում: Պոնտոսի հելլենական տարրի ցեղասպանությանն ու ոչնչացմանը հետևեց Կոնստանդնուպոլսի, Իմբրոսի, Տենդոսի հունական տարրի բնաջնջումը, հանցագործ ներխուժումը Կիպրոս և նրա բարբարոս գրավումը, իսկ այսօր էլ քուրդ ժողովրդի բնաջնջումը, Թուրքիայի սպառնալիքներն իր հարևանների դեմ, հողերի անօրինական զավթումները»:

2006թ. «Երկիր» շաբաթաթերթում գրել էի․ «Հայաստանն առաջիններից մեկը պիտի ընդունի հունական կոտորածները համապատասխան դատապարտող ու բնորոշող իրավական նորմ… Ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը, միջազգային ատյաններում պիտի լինի ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման նախաձեռնողը, քանզի մարդկության դեմ հանցագործությունները միջազգային հանրության յուրաքանչյուր անդամին հուզող խնդիր են, ու քաղաքական պատեհությունից բխող անտարբերությունը, որին այսքան տարի բախվում է Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային պայքարը, չպիտի տեղ գտնի Հայաստանի պաշտոնական քաղաքականությունում»:

2015թ․ մարտի 24-ին Հայաստանը պաշտոնապես ճանաչեց Պոնտոսի հույների ցեղասպանությունը։ Պաշտոնական Անկարայի ուրացության դեմ միասնական աշխատանքը կարևոր է, կարևոր՝ առաջին հերթին թուրքական հասարակության համար, քանի որ միայն ճշմարտությունն է ազատագրում անցյալի կապանքներից։

Տարիներ առաջ, Հայոց ցեղասպանության ճանաչման քննարկումների ժամանակ Հունաստանի երջանկահիշատակ վարչապետ Ստեֆանոս Ստեֆանոպուլոսը նշեց. «Դժբախտ հրեա ժողովուրդը գոնե տեսավ կանցլեր Վիլլի Բրանդտին՝ ծնրադրած համակենտրոնացման մի ճամբարում, կարծեմ Աուշվիցում, հրապարակավ ներողություն խնդրելիս համաշխարհային հասարակությունից, մարդկությունից: Կա՞ որևէ մեկը, ոչ միայն այստեղ, ամբողջ աշխարհում, որ հավատա, թե Դեմիրելը կամ որևէ մեկ ուրիշ թուրք նախագահ կամ վարչապետ այդ նույն պատճառով երբևէ պիտի ծնրադրի Եփրատի ափին, Էրզրումի կիրճերում, Խարբերդի ձորերում և ներողություն պիտի խնդրի մարդկությունից՝ մեկուկես միլիոն հայերի ջարդի համար, երբ, մանավանդ, Թուրքիան ազգայնական, շովինիստական իր մի զառանցանքի մեջ, նենգափոխելով պատմությունը և ծաղրելով իր իսկ զոհերին, հուշարձան ստեղծեց հայերի կողմից մորթված թուրքերի հիշատակին»։

Այսօր էլ, այս հարցադրումն արդիական է, ոչ միայն հայերի, այլև պոնտական հույների ցեղասպանության ճանաչման համատեքստում։

 

Հետգրություն

Հայոց ցեղասպանության ճանաչման քննարկումների ժամանակ հույն խորհրդարանականներից  մեկն ասել էր. «Ցեղասպանության դեմ պատմության մեջ առաջին դատը տեղի է ունեցել Ք. ա. 405թ.: Դա Լամպսակոսի դատն էր, Պելոպոնեսյան պատերազմի ավարտից մեկ տարի առաջ: Այդ ժամանակ  աթենացիները հայտարարել էին, որ եթե սպարտացիները և նրանց դաշնակիցները պարտվեն, իրենք կտրելու են թշնամիներից յուրաքանչյուրի աջ ձեռքը, և ավելին` դրանից մի քանի շաբաթ առաջ էլ ջրասույզ էին արել, խեղդել Էգեյան ծովում սպարտացիների դաշնակիցներ կորնթացիներին ու Անդրոս կղզու բնակիչներին: Բայց երբ աթենական նավատորմի պարտությունից հետո ձերբակալվեց աթենացի ծովակալ Ֆիլոկլիսը, Լիսանդրոսը նրան հարցրեց, թե ի՞նչ պատիժ կկամենար, որ սահմանեն իրեն: Դիմելով Լիսանդրոսին` նա հստակ պատասխանում է. «Կկամենայի այն պատիժը, ինչ որ դու, եթե դու պարտված լինեիր»։

Սա պատմության առաջին Նյուրնբերգն էր…

 

Արամ Անանյան
Արմենպրես լրատվական գործակալության տնօրեն

 

 

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ