Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հունիս

Մեր շարքերում իրական հերոսներ կան.Արտակ Իգիթյանը պատրաստվում է ֆիլմ նկարել Շավարշ Կարապետյանի մասին

Մեր շարքերում իրական հերոսներ կան.Արտակ Իգիթյանը պատրաստվում է ֆիլմ 
նկարել Շավարշ Կարապետյանի մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջրասուզալող մարզաձևի ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանի կյանքը հերոսական սխրանքների իրական շարք է: Նրա կողմից փրկվել են անկառավարելի ավտոբուսի 30, լճում խորտակված տրոլեյբուսի ավելի քան 20 ուղևոր, նա մասնակցել Է Երևանի ամենագեղեցիկ շենքերից մեկում՝ Մարզահամերգային համալիրում բռնկված հրդեհի փրկարարական աշխատանքներին և տարբեր ժամանակներում ու վայրերում փրկել է ջրում խեղդվելու վտանգում հայտնված տասնյակ մարդկանց: «Ճակատագրին ծառայելու» գինը բարձր է և անարդար, բայց Շավարշի կյանքի պատմությունը իրական ոգեշնչում է կյանքի հանդեպ սիրո, նպատակներին հասնելու, աննկարագրելի մարդկային հերոսությամբ բնութագրվող ընտրության մասին ֆիլմ ստեղծելու համար:

«Արմենպրես»-ը զրուցել է ռեժիսոր Արտակ Իգիթյանի հետ, ով պատրաստվում է ֆիլմ նկարահանել Շավարշ Կարապետյանի և 1976 թվականի սեպտեմբերի 16-ին Երևանյան լճում տեղի ունեցած հայտնի դեպքի մասին:

-Պարոն Իգիթյան, ինչպես տեղեկացանք, «Հայֆիլմ» կինոստուդիայի հետ համատեղ սկսում եք  Շավարշ Կարապետյանի սխրագործության մասին գեղարվեստական ֆիլմի նկարահանումների նախապատրաստական աշխատանքը:

-Այո, այդպես է: «Հայֆիլմ» կինոստուդիան ինձ դիմեց Շավարշ Կարապետյանի սխրագործությանը նվիրված «20» կոչվող  ֆիլմը նկարահանելու առաջարկով: Իրականում այս փառահեղ պատմության ֆիլմի սցենարը ես մշակել էի դեռևս 2011 թվականին: Գաղափարն առաջացավ իմ` «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի պրեմիերայից հետո. այդ ժամանակ Հայոց ցեղասպանության մասին պատմող ժապավենից հետո անհագ ցանկություն ունեի ստեղծելու ապրեցնող որևէ մի բան:

Շավարշի պատմությանը ես շատ վաղուց էի ծանոթ, սակայն հենց այդ ժամանակ սկսեցի ավելի խորությամբ ուսումնասիրել այն. ֆիլմը մեր հայրենակցի սխրագործության և հերոսության, ինքնազոհության և մեծահոգության մասին իրական պատմություն է, և իրականության փաստերի վրա հիմնված նման պատմության էկրանավորումը ցանկացած ռեժիսորի համար երազանք է:

Ի սկզբանե, մեր ցանկությունն էր ֆիլմը բաց թողնել Սոչիի Օլիմպիական խաղերից առաջ, բայց կազմակերպչական և ֆինանսական պատճառներով պրոդյուսերների կողմից նախագիծը կասեցվեց, և ես իմ գաղափարի իրականացումը հետաձգեցի մինչև առաջին իսկ հարմար պահը: Կարծես թե վերջապես այդ ժամանակը եկել է:

Ինձ ուրախացնում է հատկապես այն, որ նախագծի իրականացումը հանձն է առել «Հայֆիլմ» կինոստուդիան. պատմությամբ և ավանդույթներով կինոստուդիան մեր ազգային խորհրդանիշերից և բրենդերից ամենաճանաչելիներից է: Ես հավատում եմ, որ Շավարշ Կարապետյանի  սխրագործության մասին այսպիսի նշանակալի և ամբիցիոզ նախագծի հաջող իրականացումը կարող է  դառնալ «Հայֆիլմի» վերածննդի համար կարևոր իմպուլս:

-Ինչի՞ մասին է լինելու ֆիլմը: Հենց իրադարձության, թե՞ Շավարշի կյանքի մասին:

-Ֆիլմը մեծամասամբ կարելի է համարել կենսագրական, որի առանցքն ու գագաթնակետը, իհարկե, կլինի 1976 թվականի  սեպտեմբերի 16-ի դրամատիկ իրադարձությունը: Պատկերացրեք, 23-ամյա գեղեցիկ երիտասարդ մարզիկը,  ջրասուզալող  մարզաձևի ԽՍՀՄ չեմպիոնը առավոտյան վազքից եղբոր հետ վերադառնում է տուն: Կյանքը լի է խաղաղությամբ և ապագայի հանդեպ վստահությամբ: Եվ հանկարծ  նրա աչքերի առջև ուղևորներով լի տրոլեյբուսը դուրս է գալիս ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկնում է Երևանյան լիճը: Մի քանի վայրկյանում կայացվում է ճակատագրական որոշում. առանց սեփական անձի, կարիերայի և որևէ այլ բանի մասին մտածելու Շավարշը վայրկենապես նետվում է ջրով ծածկված տրոլեյբուսի հետևից և սկսում է մեկը մյուսի հետևից փրկել ջրի մեջ 10 մետր խորությունում հայտնված մարդկանց:

Նա անվերջանալի թվացող 20 րոպեներ է անցկացնում սառը ջրում. ժամանակ առ ժամանակ 10 մետր խորությունից ավելի ներքև սուզվելով՝ միայնակ մեկ առ մեկ դուրս է բերում մարդկանց: 92 ուղևորից 46-ին դուրս է հանում ջրից, բայց նրանցից միայն 20-ի կյանքն է հաջողվում փրկել: Քանի-քանի անգամներ եմ գլխումս պատկերել  այդ տեսարանները…

Իրագործած սխրանքի համար ականավոր լողորդը «թանկ է վճարել»: Այդ ժամանակ Շավարշն արդեն աշխարհի 10-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի, եվրոպայի 13-ակի և ԽՍՀՄ յոթակի չեմպիոն էր ջրասուզալող սպորտաձևում։ 

Տրոլեյբուսի կոտրված ապակիներից ստացած վնասվածքների ու ջրի հիպոթերմային պայմանների պատճառով մարզիկի մոտ առաջանում է արյան ընդհանուր վարակում և երկկողմանի թոքաբորբ: Հետագայում առողջական խնդիրները Կարապետյանին ստիպեցին ավարտել մարզական կարիերան: Այնուամենայնիվ, վերականգնվելուց հետո այս զարմանալի մարդուն հաջողվեց սահմանել ևս մեկ ռեկորդ՝ դառնալով աշխարհի 11-ակի ռեկորդակիր: Շավարշի պատմությունը ոչ միայն մարդու կյանքի, այլև մարզական կամքի, ոգու մեծ հաղթանակի պատմություն է: Սա իսկական կինեմատոգրաֆիական կտավ է:

-Հիմա ամբողջ աշխարհում ֆինանսական ճգնաժամ է, բազմաթիվ նախագծեր չեղարկվում են, կրճատվում են դրանց բյուջեները.. Ինչպե՞ս եք դուք նախատեսում ֆիլմի ստեղծման ֆինանսավորումը:

-Շավարշի պատմությունը հետաքրքիր և ունիվերսալ է ցանկացած երկրի հանդիսատեսի մենթալիտետի համար. սա պատմություն է հերոսի և այն արժեքների ու նպատակի մասին, որոնց ձգտում է հասնել մարդը: Այդ պատճառով, ստեղծված իրավիճակում նման մեծամասշտաբ ծրագրի իրականացումը հնարավոր կլինի միայն համատեղ արտադրության՝ co-production-ի միջոցով: Ֆինանսական տեսանկյունից ճիշտ և արդյունավետ է նման մոտեցումը. սա մեր և «Հայֆիլմ» կինոստուդիայի ընդհանուր դիրքորոշումն է:

Իհարկե, այսօր նորագույն տեխնոլոգիաների օգտագործումն արագացնում է կինոարտադրության գործընթացը, այդ պատճառով ընդհանուր աշխատանքում ամենակարևորներից է նախապատրաստական փուլը, որի աշխատանքներում կարող են ներգրավվել ընկերությունները՝ համատեղ արտադրության նպատակով: Ներկա պահին կան արտասահմանյան մի քանի կինոընկերություններ, որոնք պաշտոնապես ներկայացրել են իրենց հետաքրքրվածությունը այս պատմության էկրանավորման ֆինանսավորման հարցում և այն կիրականացնեն այն պայմանով, որ Հայաստանն էլ մասնակցի ծրագրի համաֆինանսավորմանը՝ ի դեմս համապատասխան մասնագիտական գերատեսչությունների:

-Դերասանական կազմի քասթինգն արդեն անցկացվե՞լ է: Ինչպե՞ս եք ընտրելու դերասաններին:

-Այս պատմության արժեքները համընդհանուր և համամարդկային են, ուստի ցանկացած դերասանի կամ պրոդյուսերի սցենարը պատմել և ներկայացնելը հեշտ է:  Ինձ համար շատ կարևոր է մեր նախագծին միջազգային բնույթ տալը: ֆիլմում մասնակցելու են դերասաններ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ֆրանսիայից և Իտալիայից, ինչը ֆիլմի ապագա վարձույթի և լայն լսարանի ապահովման տեսանկյունից հեռանկարային կլինի:

-Չունե՞ք մտավախություն, որ Ֆասթ-էքշնի, հոլիվուդյան երևակայական և ուշագրավ հերոսների դարաշրջանում  Շավարշի պատմության սյուժեն կարող է բավականաչափ հոլիվուդյան չթվալ:

-Իհարկե, ոչ (ժպտում է,-խմբ.): Ճիշտ է, կարևոր է շարժվել նորաձև և հոլիվուդյան թրենդերին համընթաց: Ի վերջո, դա այն է, ինչով «դաստիարակվել է» վերջին տասնամյակի հանդիսատեսը՝ դառնալով բավականին քմահաճ ժանրի, դերասանական կազմի և պրոդյուսերի և նրա ֆիլմոգրաֆիայի  ընտրության հարցերում: Նախքան ֆիլմը դիտելը, հանդիսատեսն առավել հաճախ ուշադրություն է դարձնում գովազդին և  վարկանիշերին:

Բայց հատկապես կարևոր է այն,  որ կինոինդուստրիայի  մեջ եկել է մի շրջան, երբ  կա իրական պատմությունների պահանջարկ` ոչ թե մտացածին, այլ այնպիսի պատմությունների և դեպքերի, որոնք կարող են պատահել յուրաքանչյուրի հետ, այնպիսի պատմության, որտեղ յուրաքանչյուրը կարող է լինել ականատեսը, մասնակիցը լինել ինչ-որ փառահեղ կամ, ցավոք, ողբերգական իրադարձության: Հանդիսատեսին այսօր ճշմարտության կարիք ունի, անգամ, եթե ժապավենը գունավորված է ռեժիսորական հնարքներով:

Իմ կարծիքով հիմա մենք կինոյի զարգացման այն շրջափուլի ականատեսն ենք, երբ արդեն թանկարժեք հատուկ էֆեկտների կամ հոլիվուդյան հնարքների անհրաժեշտություն չկա. համենայն դեպս փորձառու կինոդիտողին դրանով չես զարմացնի: Իրական դեպքերի վրա հիմնված հաջողված նախագծի վառ օրինակներից է «Չերնոբիլ» սերիալը:

-Շավարշի պատմությունն իսկական էքշըն էլարված, դրամատիկ, մարդկային։ Ի՞նչ ժանրի է դասակարգվելու  ֆիլմը. մարտաֆիլմ, գեղարվեստական լուծումներով դրամա, թե՞ վավերագրական կինո։  

-Ֆիլմի ժանրը ես կսահմանեի որպես մարզական էքշըն-դրամա։ Գաղափարը և ամբողջությամբ մշակված նախագիծը` ներառյալ սցենարը, ինձ մոտ պատրաստ էին դեռ վաղուց` մինչև հայտնի լեգենդար հոքեիստ Խառլամովի մասին պատմող «Լեգենդ 17» հանրահայտ ֆիլմը։ Ես արդեն այդ ժամանակ հասկացա, իսկ ավելի ճիշտ զգացի, որ ժամանակակից ռուսական և առավել ևս հայկական կինոյում քիչ են սպորտային հաղթանակների, հաղթահարման ու նվիրվածության մասին ֆիլմերը: Ես հասկանում էի, որ այն լայն լսարան է գրավելու,  և «Լեգենդ 17»-ի կոմերցիոն հաջողությունը հաստատեց իմ համոզմունքը։  

-Խոսենք սցենարի մասին։ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի թղթակից Սերգեյ Լեսկովն առաջինն էր, որ գրեց Շավարշ Կարապետյանի սխրանքի մասին։ Հետագայում նա նաև գիրք գրեց այդ իրադարձության մասին, հավաքելով նաև Շավարշի այլ սխրանքները։ Այդ տարիներին եթե Երևանում ինչ -որ դժբախտություն էր պատահում, այնտեղ հայտնվում էր Շավարշը։ Նա արդեն դարձել էր էպիկ կերպար։ Արդյո՞ք այս նյութը կօգտագործվի ֆիլմում։  

-Իրական իրադարձության վրա հիմնված ցանկացած սցենար կրկնում է որևէ շրջանի պատմությունն ու տեսարանների փոխկապակցվածությունը։ Ինձ համար շատ կարևոր է, որ այս պատմությունը չափից շատ «վավերագրական» չստացվի, դրա համար ես նաև ստեղծագործում եմ` ինչ-որ բաներ լրացնելով կամ փոփոխելով։

Իհարկե, նախքան սցենարի մշակումը, ես բավականաչափ նյութեր եմ ուսումնասիրել, սակայն լավագույն հնարավորությունն ու օգնությունն ինձ համար դարձավ Շավարշ Կարապետյանի հետ անմիջական շփումն ու նրա խորհրդատվությունը․ պատիվ ունեմ նրա հետ արդեն երկար տարիներ ծանոթ լինելու և շփվելու․․․ 

Շավարշ Վլադիմիրովիչի մասին կարելի է անվերջ խոսել։ Նա հրաշալի անձնավորություն է, որի հետ միշտ անասելի հետաքրքիր է, էլ չեմ խոսում նրա մասին, որ իր ներկայացրած յուրաքանչյուր պատմություն կարող է առանձին կարճամետրաժ ֆիլմ դառնալ (ծիծաղում է-խմբ.): Այս մարդու ամբողջ կյանքը հիացմունքի և ընդօրինակման վառ ապացույց է: Նա ունի հրաշալի ընտանիք, հավատարիմ ընկերներ։ Շավարշ Կարապետյանը այսօր էլ է շատ աշխատում, ծավալում հասարակական ակտիվ գործունեություն և ես անասելի երջանիկ եմ, որ նա աջակցելու է այս նախագծին։  

-Այս պահին, Դուք ֆիլմի նկարահանումների նախապատրաստական փուլում եքի՞նչն է Ձեզ համար ամենադժվարը։ Որո՞նք  են նկարահանման գործընթացի առանձնահատկությունները։ 

-Նախապատրաստական փուլն ամենադժվարն է․ անվերջ քասթինգներ, նկարահանման վայրերի, ռեկվիզիտների, ավտոմեքենաների, տրոլեյբուսների և այն ամենի ընտրություն, ինչը մեզ վիզուալ կտեղափոխի 70-ականներ: «20» նախագիծը բավականին ծախսատար է․ մենք վերստեղծելու ենք այլ դարաշրջանի «պատկեր», ցույց ենք տալու ճարտարապետությունը, կյանքի ոճը։ Սա նշանակում է, որ շատ աշխատանք է սպասվում թե՛ բեմադրող նկարչին, թե՛ դիմահարդարներին, թե՛ դեկորատորներին․․․  

Նկարահանումների մեծ մասն անցնելու է Հայաստանում, ինչպես նաև Ուկրայինայում և Ֆրանսիայում։ Ուզում եմ հատուկ նշել, որ ինձ համար կարևոր է ապագա ֆիլմում փոխանցել Հայաստանի յուրահատուկ հմայքը, գեղեցկությունն ու 70-ականների Երևանի չկրկնվող մթնոլորտը՝ Խորհրդային Հայաստանի պատմության ոսկե դարաշրջանը, գիտության և մշակույթի ծաղկումը։

Իհարկե, ինչպես ռեժիսոր, այպես էլ որպես հայ, քաջ գիտակցում եմ, թե ինչպիսի համակ ուշադրությամբ է մեր հանդիսատեսը դիտելու ֆիլմը։ Հավանաբար, այս նախագծի պատասխանատվություն կրելն ու մանրակրկիտ աշխատանքն անձամբ ինձ համար ամենադժվարն է:

-Արդյո՞ք դժվար չէ էկրան բարձրացնել այս թեման։

-Ցանկացած թեմա դժվար է էկրանավորել մինչ այն պահը, երբ ռեժիսորը հնչեցնում է «мотор» հրահանգը։ Իմ կարծիքով ուղղակի աններելի է, որ Շավարշ Կարապետյանի պատմությունը դեռ էկրանավորած չէ: Նրա սխրանքը ժամանակակից երիտասարդության համար մարդկային քաջության մեծագույն օրինակ է։ 

Ինձ համար կարևոր է ցույց տալ Շավարշին որպես սովորական մարդ, իսկ նրա կյանքի ուղին, նրա ձեռքբերումները` որպես մի օրինակ, որին ֆիլմը դիտելուց հետո կարող է հետևել յուրաքանչյուրը։ Բոլորս հիշում ենք` մանկության տարիներին Զորոյի մասին պատմությունը դիտելուց հետո ինչպիսի դռայվով ու էներգիայով էինք լցվում։ Մենք դառնում էինք ինքնավստահ և զգում, որ կարող ենք հեշտությամբ լուծել ցանկացած խնդիր։ 

Իրականում նոր Բեթմեններ կամ Ինդիանա Ջոնսեր հորինելու կարիք չկա․ մենք ունենք մեր իրական հերոսներին, որոնք մեր շարքերում են, և հենց նրանք պետք է լինեն խոչընդոտները հաղթահարելու և ամենահամարձակ նպատակներին հասնելու մեր օրինակը․․․ 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ