Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   4 Հունիս

Արման Բաբաջանյանին չեն գոհացնում դատական համակարգի նախատեսվող բարեփոխումները

Արման Բաբաջանյանին չեն գոհացնում դատական համակարգի նախատեսվող 
բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ իշխանությունը, դատական համակարգում համատարած վեթթինգ չկատարելով, ձախողելու է համակարգի առողջացման գործընթացը, ինքնամաքրման շանս տալը սխալ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբաջանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ մայիսի 12-ի նիստում իր ելույթում՝ անդրադառնալով մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ուղիղ եթերում քննարկմանը՝ դատական համակարգի բարեփոխումների՝ վեթթինգի և ապօրինի ծագման գույքի բռնագանձման թեմայով: 

«Երեկվանից հետո պարզ դարձավ, որ Հայաստանում շարունակելու են արդարադատություն իրականացնել անցյալ տասնամյակներին քաղաքացիների հետապնդումներին, սպանություններին իրավական ձևակերպումներ տված, մարդկանց ունեզրկողներին ու կողոպտողներին արդարացրած դատավորները, նույն այն դատավորները, որոնք մինչև օրս էլ գտնվում են նախկին իշխանությունների, օլիգարխների ուղղակի և անուղղակի ազդեցության տակ: Եվ դուք միամտորեն որոշել եք նրանց ինքնամաքրման շանս տալ: Ու ստացվում է, որ շարքային քաղաքացին շարունակելու  է իր հարկերից վճարել այս հանցագործ դատավորներին, ավելին՝ պարզ դարձավ, որ որոշել եք նրանց աշխատավարձերը բարձրացնել»,-ասաց Բաբաջանյանը:

Պատգամավորին չեն գոհացրել նախատեսվող բարեփոխումները, կարծում է, որ դատավորների՝ ոչ համատարած վեթթինգը արմատական առողջացման չեն բերի:  Նրա կարծիքով՝ հանուն նաև դրանց փոփոխության է տեղի ունեցել հեղափոխությունը: Նա կարծում է, որ այդ առանցքային ոլորտում հեղափոխությունը պարտություն կկրի: 

 Վարչապետի հետ քննարկմանը ՀՀ արադարատության նախարար Ռուստամ Բադասյանը, խոսելով համատարած վեթթինգի մասին, նկատել է, որ առանց Սահմանադրության փոփոխության այն հնարավոր չէ: Բադասյանը վստահեցրել էր, որ Դատական օրենսգրքում փոփոխությունները, դրանում դրված մեխանիզմները թույլ են տալիս դատական համակարգում իրականացնել առողջացում՝ աստիճական: Նախարարը նաև ներկայացրել էր, թե ինչ մեխանիզմներ են դրել օրենսգրքում, որոնցով պետք է ստուգեն դատավորների բարեվարքությունը, կատարեն համակարգի առողջացում: 

Աննա Գրիգորյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ