Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դատավորների թվի ավելացում, ծանրաբեռնվածության նվազեցում. Բադասյանը ներկայացնում է բարեփոխումները

Դատավորների թվի ավելացում, ծանրաբեռնվածության նվազեցում. Բադասյանը 
ներկայացնում է բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը արդեն կատարել և դեռ նախատեսում է որոշ գործառույթների թվայնացման միջոցով դատավորների ծանրաբեռնվածության նվազում, դատավորների թվի ավելացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը:

Բադասյանը նշեց՝ թվայնացման գործընթացն արագացվում է, ավելի ճիշտ՝ սկսվում է 0-ից: «Էլեկտրոնային եղանակով հայցի ներկայացումը, քննարկումը, վերջնական դատական ակտի կայացումը և դատական ակտը  համակարգից դուրս հանելը թվայնացված չէ: Արդեն առաջին քայլն արված է, վճարման կարգադրությունների գործընթացն ամբողջությամբ թվայնացված է»,-ասաց նախարարը:

Վարչապետ հետաքրքրվեց, թե դա մարդու կյանքում ինչ է փոխում: Բադասյանն արձագանքեց՝ դա մարդու կյանքում անուղղակի փոփոխություն  է մտցնում: Նա նկատեց՝ հաճախ անձն իր իրավունքների համար դիմում է դատարան, սակայն դատավորն իր վարույթում կարող է ունենալ 2000-3000 գործ, թղթաբանությունն է շատ լինում: Նախարարը նշեց՝ վճարման կարգադրությունները հիմնված են անվիճելի վճարային պարտավորությունների վրա, այսինքն այդտեղ, որպես այդպիսին, վեճ չկա:

«Եթե դատավորը կրճատի իր ժամանակը  այդ գործիքների  վրա, կկարողանա ուշադրություն դարձնել այն վեճերին, որտեղ իրավունքների  խախտում կա: Սրանով թեթևացնում ենք դատավորի բեռը, որպեսզի դատավորը կարողանա իրական վեճ պարունակող գործերով ավելի մեծ ուշադրություն դարձնել»,-ասաց նա ու նշեց՝ այս պահին Աջափնյակի դատարանում դա կիրառվում է, նախատեսում են կիրառել Երևանի բոլոր դատարաններում:

Վարապետի համապատասխան որոշմամբ աշխատանքային խումբ է աշխատում քրեական դատավորության ողջ գործընթացը թվայնացնելու, տեխնիկական պահանջները մշակելու ուղղությամբ:  Նախարարը տեղեկացրեց նաև, որ ԲԴԽ-ն առաջարկել է նաև 6-ով ավելացնել Վարչական, Վերաքննիչ դատարանի դատավորների թիվը, 6-ով՝ Առաջին ատյանում քաղաքացիական գործեր քննող դատավորների թիվը, որը ևս կբերի ծանրաբեռնվածության նվազեցման:

Վստահ լինելու համար, որ արժանի դատավորներն են համալրելու բարեփոխված դատական համակարգը, նախարարությունը նաև ներդրել է երկու գործիք Դատական օրենսգրքում: «Դա համարում ենք թեկնածուների բարեվարքության ստուգում: Առաջինը՝ հոգեբանական թեստավորումն է, այն հիմա էլ է իրականացվում է, սակայն դա, կարելի է ասել, որ ձևական բնույթ է կրում: Ցանկացած թեկնածու անցնելու է լուրջ ծրագրով, լավագույն միջազգային փորձով հոգեբանական թեստավորում,  և ԲԴԽ-ն թեկնածության քննարկման ժամանակ ունենալու է խորհրդատվական եզրակացություն: Բարեվարքության ստուգումը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր թեկնածու լրացնում է հարցաթերթիկ, որտեղ տեղեկություններ են պարունակվում անձի նախորդ գործունեությունների, կարգապահական պատասխանատվության մասին, իր և ընտանիքի գույքային դրության մասին, օրինակ, թե իր օրինական եկամուտներով հիմնավորվում է գույքը, թե ոչ»,-ասաց նախարարը:

Փաշինյանը հարցրեց. «Իսկ այդ գույքային վիճակի հայտարարագիրը և իրականությունը համեմատելու ռեալ գործուն մեխանիզմներ ունե՞նք»:

Բադասյանը պատասխանեց՝ այո, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն ունի հասանելիություն, ֆինանսական տվյալներին մատչելիություն:

Աննա Գրիգորյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]