Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ԵՄ hանձնակատարը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հակաճգնաժամային գործողությունները

ԵՄ hանձնակատարը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հակաճգնաժամային 
գործողությունները

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին մայիսի 5-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ տեսազրույցում բարձր է գնահատել ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային գործողությունները և վստահեցրել, որ ՀՀ փոխվարչապետի կողմից բարձրաձայնված համագործակցության ուղղությունները ՀՀ-ԵՄ օրակարգում կպահպանվեն որպես առաջնահերթություն: Տեսազանգին մասնակցել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, շնորհավորելով Օլիվեր Վարհեիին հանձնակատար նշանակվելու կապակցությամբ՝ փոխվարչապետը նրան մաղթել է արդյունավետ աշխատանք իր պատասխանատու պաշտոնում՝ վստահություն հայտնելով, որ հանձնակատարի գործունեության տարիներին ՀՀ-ԵՄ սերտ գործընկերությունը էլ ավելի կխորանա։

Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանի համար այս բարդ ժամանակաշրջանում աջակցություն ցուցաբերելու համար: Նա անդրադարձել է Հայաստանում համաճարակաբանական իրավիճակին և տեղաշարժի և տնտեսական գործունեության նկատմամբ գործող սահմանափակումների աստիճանական վերացմանը: Մհեր Գրիգորյանը ԵՄ հանձնակատարին ներկայացրել է նաև նոր տիպի կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով Կառավարության կողմից մշակված աջակցության 16 ծրագրերի բովանդակությունը: Փոխվարչապետը նշել է, որ Կառավարության և Հայաստանում ԵՄ պատվիրակության միջև շարունակվում է ամենօրյա աշխատանքը՝ հստակեցնելու համատեղ գործողությունները ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքելու նպատակով:

Մհեր Գրիգորյանը գոհունակությամբ ընդգծել է, որ այս բարդ իրավիճակում հնարավոր եղավ ապահովել ՀՀ-ԵՄ համատեղ օրակարգի առանցքային ուղղություններում իրականացվող ծրագրերի շարունակականությունը, այդ թվում՝ դատաիրավական և ոստիկանության բարեփոխումների, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով:

ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին իր հերթին բարձր է գնահատել Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային գործողությունները և վստահեցրել, որ ՀՀ փոխվարչապետի կողմից բարձրաձայնված համագործակցության ուղղությունները ՀՀ-ԵՄ օրակարգում կպահպանվեն որպես առաջնահերթություն: ԵՄ հանձնակատարը նշել է, որ Եվրոպական Միությունը կանգնած է իր գործընկերների կողքին նաև ճգնաժամային ժամանակներում, ինչպիսին է կորոնավիրուսային համավարակը, և ԵՄ-ն հանձնառու է աջակցելու Հայաստանին տնտեսության վերականգնման և զարգացման գործում, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի միջոցով:

Զրուցակիցներն ընդգծել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ որպես բարեփոխումների հենասյուներից մեկի ամբողջական կիրարկման կարևորությունը:

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում ընդգծել է Արևելյան գործընկերության՝ որպես արժեքահեն և ներառական համագործակցության հարթակի պահպանման, ինչպես նաև ԱլԳ երկրների միջև տարածաշրջանային համագործակցությունը խրախուսելու և խթանելու առանցքային նշանակությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությանը։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am