Հասարակական

Մամուլի և խոսքի ազատությունը Հայաստանի կարևորագույն նվաճումներից է. ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը

2 րոպեի ընթերցում

Մամուլի և խոսքի ազատությունը Հայաստանի կարևորագույն նվաճումներից է. ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ուղերձ է հղել մամուլի ազատության համաշխարհայի օրվա կապակցությամբ՝ նշելով, որ մամուլի և խոսքի ազատությունը Հայաստանի կարևորագույն նվաճումներից է, որին Հայաստանի հասարակությունը հասել է ազատության արժեքներին իր ձգտմամբ, իր ժողովրդավարական ընտրությամբ և այդ ընտրությունը պաշտպանելու ունակությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ ԱԳ նախարարն իր ուղերձում նշել է. «Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ մամուլի բոլոր ներկայացուցիչներին և նրանց հսկայական լսարանին:

Մամուլի ազատության համաշխարհային օրվա խորհուրդն առավել ընդգծված է այսօր, երբ ողջ միջազգային հանրությունն առերեսվում է նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով առաջացած գլոբալ մարտահրավերներին: Այդ մարտահրավերների հաղթահարումը ենթադրում է քաղաքացիական համերաշխություն, որի ձևավորման կարևորագույն գրավականն է վստահելի ու փաստերի վրա հիմնված տեղեկատվության հասանելիությունը:

Ազատ և անկախ մամուլը ժողովրդավարական հասարակությունների կենսունակության և ժողովրդավարական վերափոխման շարժիչ ուժն է: Մամուլի և խոսքի ազատությունը Հայաստանի կարևորագույն նվաճումներից է, որին Հայաստանի հասարակությունը հասել է ազատության արժեքներին իր ձգտմամբ, իր ժողովրդավարական ընտրությամբ և այդ ընտրությունը պաշտպանելու ունակությամբ:

Հայաստանը մեծապես կարևորում է խոսքի ազատությունը և լրատվամիջոցների անխափան գործունեության երաշխավորումը, տեղեկատվության հասանելիությունը, առավել ևս հակամարտության գոտիներում: Ազատ խոսքը և ազատ արտահայտվելու իրավունքը մեծ ներդրում կարող են ունենալ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործում»:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում