Հասարակական

Առողջապահության փոխնախարարը հորդորում է բացառել աշխատավայրում ժողովների անցկացումը

3 րոպեի ընթերցում

Առողջապահության փոխնախարարը հորդորում է բացառել աշխատավայրում ժողովների անցկացումը

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տնտեսական գործունեության տեսակների, ազատ տեղաշարժի սահմանափակումների վերացմանը զուգահեռ նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել կանոնները, մասնավորապես ախտահանել աշխատավայրերը, ժողովներ չանցկացնել կամ անցկացնել քիչ մարդկանցով, ջերմություն ունեցող աշխատակիցներին հնարավորություն տալ լքելու աշխատավայրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 1-ին հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ անդրադառնալով մայիսի 4-ից ազատ տեղաշարժի սահմանափակման վերացմանը:

Նա նախ հիշեցրեց, որ արդեն սահմանվել էր ուղեցույց, թե աշխատավայրերում ինչպիսի կանոններ պետք է գործեն:

«Սկզբունքները նույնն են բոլոր տեսակի գործունեությունների համար՝ աշխատողների միջև, հաճախորդների հետ շփվելիս ապահովել սոցիալական հեռավորություն, հիգիենիկ տարբեր միջոցառումների իրականացում՝ ախտահանումներ, օդափոփոխություն, ձեռքերի հաճախակի լվացում: Այն դեպքերում, երբ աշխատողները կամ հաճախորդները կունենան ջերմություն, պետք է անպայման լքեն աշխատվայրը և դիմեն բժշկի: Մյուս կարևոր միջոցառումների շարքում է խոցելի խմբերի՝ 65 տարեկան և բարձր անձանց, ինչպես նաև քրոնիկ հիվանություններով տառապող անձանց հեռահար աշխատանքների կազմակերպումը՝ հնարավորության դեպքում: Տնտեսական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է աշխատեն բացառել ժողովների անցկացումները կամ փոքրաթիվ անձանցով պետք է անցկացեն՝ նորից ապահովելով սոցիալական հեռավորությունը»,-ասաց Նանուշյանը:

Փոխնախարարը կարևորեց նաև տարբեր կազմակերպություններում սննդի ընդմիջումներին սննդի ընդունման հետ կապված աշխատանքների կազմակերպումը՝ չթողնելով, որ մարդիկ կուտակվեն նույն վայրում: Մի քանի ուղղություններով ուղեցույցներ են մշակվել, որոնք կօգնեն գործատուներին ավելի արդյունավետ կազմակերպել կանխարգելիչ աշխատանքները: Կանոններն ու ուղեցույցները հրապարակված կլինեն կառավարության կայքէջում, նաև Covid19.gov.am կայքում:

Հայաստանում մայիսի 4-ից մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումները կհանվեն, հանրային տրանսպորտի արգելքը կպահպանվի: Գրեթե բոլոր սահմանափակումները հանվելու են, մնալու են որոշ սահմանափակումներ՝ տնտեսական գործունեության տեսակների վերաբերյալ: Մասնավորապես մոլերը, հանրախանութները փակ են լինելու: Բացվելու է մշակող արդյունաբերությունը՝ բոլոր տեսակներով: Կգործեն միայն բացօթյա ռեստորանները, սրճարանները:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում