Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Տարբեր երկրներ աստիճանաբար թեթևացնում են COVID-19-ով պայմանավորված սահմանափակումները

Տարբեր երկրներ աստիճանաբար թեթևացնում են COVID-19-ով պայմանավորված 
սահմանափակումները

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակներում դեռևս փետրվար ամսից  աշխարհի շատ երկրներ սկսեցին դիմել սահմանափակումների՝ վիրուսի ակտիվ տարածումը կանխելու և սեփական բնակչությանը պաշտպանելու նպատակով։ Մարտին այդ սահմանափակումներն ընդլայնվեցին, իսկ շատ երկրներ անգամ արտակարգ դրություն կամ արտակարգ իրավիճակ սահմանեցին։ Արդեն ապրիլի կեսերից մի շարք երկրներում նկատելի է որոշ սահմանափակումների  թուլացում և չեղարկում, ինչը մի կողմից պայմանավորված է վարակի տարածման տեմպերի համեմատաբար մեղմացումով, մյուս կողմից` տնտեսական լուրջ  խնդիրներից խուսափելու նպատակով: Հատկանշական է, որ սահմանափակումների թուլացման ճանապարհով են գնում անգամ այն երկրները, որտեղ կորոնավիրուսի տարածման մակարդակը բավական բարձր է։

Սահմանափակումները երեք փուլով չեղարկելու մասին հայտարարությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 27-ին արդեն հայտարարել է, որ նահանգները կարող են դիտարկել դպրոցները բացելու հնարավորությունը՝ պահպանելով անվտանգության կանոնները։ Շատ նահանգներում բիզնեսին թույլատրվել է աշխատել, որոշներում թույլատրվել է ռեստորանների աշխատանքը, բացվել են եկեղեցիները, սակայն այս ամենը սանիտարահիգենիկ խիստ վերահսկողության պայմաններում։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսով վարակվածության ամենաբարձր ցուցանիշ ունեցող եվրոպական երկրներին, ապա՝ Իտալիայում բացվել են գրախանութները, լվացքատները, գրենական պիտույքների խանութները, և հայտարարվել է մայիսի 4-ից մշակող արտադրության ոլորտում աշխատանքների թույլտվության մասին։  Իսպանիայում մայիսի 2-ից թույլատրվելու է մինչև 14 տարեկան երեխաների զբոսանքը ծնողի հետ՝ օրվա մեջ մեկ անգամ (արգելվել էր դեռևս մարտի կեսերից)։ Ֆրանսիայում մայիսի 11-ից գործելու են խանութները և հիմնական դպրոցները, ավագ դպրոցները փակ են լինելու մինչև հունիս, չեն աշխատելու նաև սրճարաններն ու ռեստորանները։

Եվրոպական մի շարք այլ երկրներում նույնպես սկսվել է սահմանափակումների թուլացման գործընթացը։ Այդպիսի երկրներից են Գերմանիան, Բելգիան, Շվեյցարիան, Դանիան, Նորվեգիան, Ավստրիան, Շվեդիան, Չեխիան և այլն:

Նոր տեսակի կորոնավիրուսի ծագման երկիր հանդիսացող Չինաստանը ևս ընթանում է սահմանափակումների կրճատման ճանապարհով։ Ապրիլի 8-ից սահմանափակումները հանվել էին կորոնավիրուսի բռնկման սկզբնաղբյուր հանդիսացող Ուհան նահանգում։ Երկրում արդեն աշխատում են խանութները, ռեստորանները, բարերը, սակայն չինացիները նախկինի պես չեն հաճախում դրանք՝ վարակի երկրորդ ալիքից վախենալով։

Ռուսաստանի Դաշնության նախագահը նույնպես կառավարությանը հանձնարարել է մինչև մայիսի 5-ը չափորոշիչներ մշակել  մայիսի 12-ից սկսած սահմանափակումները փուլ առ փուլ հանելու ուղղությամբ։

Սահմանափակումների մեղմացման ճանապարհով են ընթանում նաև հարևանԻրանն ու Վրաստանը։ Իրանն արդեն հանել է միջքաղաքային տեղաշարժի սահմանափակումները, թույլատրել է «քիչ ռիսկայնությամբ» բիզնեսների աշխատանքը, ինչպես նաև խոշոր առևտրային կենտրոնների աշխատանքը։ Վրաստանում հայտարարվել է հակաճգնաժամային պլանի մասին, ըստ որի՝ ապրիլի 27-ից երկրում փուլ առ փուլ հանվելու են որոշ սահմանափակումներ։ Առաջին փուլով սահմանվում է թեթև մարդատար ավտոմեքենաներով երթևեկության, տաքսիների աշխատանքի, օնլայն առևտրի, մթերային շուկաների աշխատանքի թույտվությունը։ Երկրում սահմանափակումների յուրաքանչյուր հաջորդ փուլին անցումը տեղի է ունենալու տիրող համաճարակային իրավիճակի գնահատումից հետո։

Այսպիսով, ուսումնասիրելով կորոնավիրուսի հետևանքով աշխարհում ստեղծված իրավիճակը, կարելի է արձանագրել, որ երկրներն աստիճանաբար կանգնում են լուրջ տնտեսական խնդիրների առաջ, և այս պայմաններում սահմանափակումներն անվերջ շարունակվել չեն կարող։ Ուստի սահմանափակումների թուլացումը, տարբեր երկրներում դիտարկում են որպես տնտեսական անհրաժեշտություն` խոստովանելով, որ անհրաժեշտ է «սովորել» ապրել նոր պայմաններում:

 

Իզաբել Շատոյան

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ