Կիպրոսը հիշում է այդ սարսափելի ոճրագործության զոհերին և մեծարում նրանց․ Նիկոս Անաստասիադիս
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կիպրոսի Հանրապետությունը աջակցում է միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը։
«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-ամյակը, որն իրականացվել է Օսմանյան կայսրության կողմից։ Կիպրոսը հիշում է այդ սարսափելի ոճրագործության զոհերին և մեծարում նրանց՝ աջակցելով միջազգային հանրության կողմից Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերին»:
Օսմանյան կայսրության կողմից 1915 թ․ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր։ Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն։
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատը 1975 թվականի օգոստոսի 24-ին ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև, իսկ 1982 թ. ապրիլի 29-ին՝ ընդունել է ցեղասպանությունը դատապարտող որոշում։
Լիլիթ Դեմուրյան