Հասարակական

Խորհրդարանը քննարկեց ընտանեկան դրամագլուխը ընտանիքին միանգամից տրամադրելու հարցը

2 րոպեի ընթերցում

Խորհրդարանը քննարկեց ընտանեկան դրամագլուխը ընտանիքին միանգամից տրամադրելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է, որ մարդիկ ընտանեկան դրամագլուխը կարողանան ստանալ միանգամից, այլ ոչ թե ամսեամիս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մելքումյանը «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց ԱԺ ապրիլի 16-ի նիստում:

Պատգամավորը հիշեցրեց, որ նախագիծը ընտանեկան դրամագլխի տնօրինման սխեմայի փոփոխության մասին է: Այդ սխեման տարիների ընթացքում փոփոխվել է: «Սկզբնական փուլում այն տրվել է 25 հազարական դրամներով, հետո թույլատրվեց, որ 3-րդ, 4-րդ երեխայի դեպքում ստանան 500 հազար դրամը, հետո 10 ամսվա ընթացքում՝ 50 հազարական դրամներով, իսկ 5-րդ և 6-րդ երեխաների դեպքում 1.5 մլն դրամը՝ նույն բաշխվածությամբ: Պարզվեց, որ դա չի ծառայում ընտանիքի արմատական հարցերի լուծմանը, դրա համար մենք առաջարկեցինք, որ այդ գումարը միանգամից տրվի, ծնողները միանգամից տնօրինեն այն»,-ասաց նա:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ստացվել:

Ընտանեկան դրամագլուխը ձևավորվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում: 3-րդ և 4-րդ երեխաների ծնվելու դեպքում պետությունը տրամադրում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ 1 մլն դրամի չափով, որից 500 000-ն անմիջապես վճարվող գումարն է: 5-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` պետությունը տրամադրում է 1.5 մլն դրամ ծննդյան միանվագ նպաստ, որից մեկ միլիոն դրամը՝ որպես ընտանեկան դրամագլուխ:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում