Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ-ն չընդունեց ձերբակալված անձանց տեսակցելու պատգամավորի իրավունքին առնչվող նախագիծը

ԱԺ-ն չընդունեց ձերբակալված անձանց տեսակցելու պատգամավորի իրավունքին 
առնչվող նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված բուռն քննարկման արժանացած օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում էր պատգամավորներին հնարավորություն տալ տեսակցել կալանավորված և ձերբակալված այն անձանց, որոնց նկատմամբ տեսակցության արգելք է սահմանվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 34 «կողմ», 79 «դեմ» ձայներ:

Նախագծի շուրջ նախորդ օրը բուռն քննարկում, անհամաձայնություններ էին եղել: Նախագծի զեկուցող, խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ օրենսդրությունը սահմանում է, որ պատգամավորն ունի մուտքի և ելքի իրավունք: Պատգամավորի կարծիքով՝ արդարադատության նախարարության համապատասխան հիմնարկները մեկնաբանում էին, որ դա պարզապես մուտքի և ելքի իրավունք է և ոչ ավելի, դա շփման, տեսակցության իրավունք չի ենթադրում: Եվ այս օրենքի նախագծքով իրենք ցանկանում էին լուծել այդ հարցը՝ պատգամավորներին և 48-րդ հոդվածով սահմանված մյուս անձանց՝ օրինակ նախագահին, վարչապետին, ՍԴ նախագահին ևս տեսակցելու իրավունք տալ ձերբակալված և կալանավորված այն անձանց, որոնց նկատմամբ տեսակցության արգելք է սահմանվել:

ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը վստահեցրել էր, որ մեկնաբանության խնդիր չկա, քանի որ չեն կարող մեկնաբանել մի բան, որը գրված չէ: Նա հիշեցրել էր, որ այսօր պատգամավորները և անձինք, որոնք նշված են քննարկվող օրենքի 48-րդ հոդվածում, իրավունք չունեն տեսակցել կալանավորված կամ ձերբակալված այն անձին, որի համար կա վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշում՝ տեսակցությունները սահմանափակելու մասին:

Նախագծի վերաբերյալ տարբեր ու հակասական տեսակտներ ունեին նաև պատգամավորները:

Նախագծի քվեարկությունից առաջ Պետաիրվական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը կոչ արեց դեմ քվեարկել դրան: Նա, մասնավորապես, նշեց, որ, «Լուսավոր Հայաստան»-ը հանձնաժողովի նիստում չի ընդունել որևէ առաջարկ, որը ներկայացվել էր կառավարության կողմից: «Եվ, ըստ էության, հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն: Ցավալի է, քանի որ առնվազն այն տեսքով, որ առաջարկում էինք, կարևոր նախագիծ էր: Բայց առաջակում ենք դեմ քվեարկել այս նախագծին, քանի որ շեղվում է այն կարգավորումների տրամաբանությունից, որ ի սկզբանե նախատեսված էր»,-ասաց Վարդանյանը:

Քվեարկությունից հետո «Իմ քայլ»-ից Սուրեն Գրիգորյանը նշեց՝ քանի որ ԱԺ-ն անձնական ամբիցիաների տեղ չէ, և պետք է որակով օրենքներ ընդունեն, և եթե ԼՀԿ-ն կարծում է, որ նախագիծն ի սկզբանե չի եղել մեկուսի տեսակցությունների մասին, ապա  հորդորեց, որ հանդես գան առաջարկությամբ և նախագիծը վերադարձնեն առաջարկությունների ստացման փուլ:

«Լուսավոր Հաայստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց՝ գտնում են, որ նախագիծն այդ տեսքով հնարավոր է փոխել, որոշակիացնել, որ այլ մեկնաբանություններ չլինեն: «Սակայն, եթե նախագիծը չլինի էլ, գործող օրենքի իրավակարգավորմամբ մինչև 2010 թվականը կիրառվել է այսպես՝ եղել են քաղբանտարկյալներ, ում նկատմամբ տեսակցության արգելք է եղել, և  պատգամավորները, օմբուդսմենը և մնացածն այցելել են: Ինչպե՞ս եղավ, որ դուք նույն կերպ եք մեկնաբանում դրույթը, ինչպես նախկին իշխանությունները»,-ասաց Մարուքյանն ու նշեց, որ նախագիծը առաջարկությունների փուլ վերադարձնելու առաջարկ չեն ներկայացնելու:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am