Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Արցախում ժամը 17:00–ի դրությամբ նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների 37,5%–ը

Արցախում ժամը 17:00–ի դրությամբ նախագահական ընտրություններին մասնակցել է 
ընտրողների 37,5%–ը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ապրիլի 14-ի, ժամը 17:00–ի դրությամբ` մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 37,5%–ը։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը։

«Ապրիլի 14-ի, ժամը 17։00–ի դրությամբ` ընտրություններին մասնակցել է 38 հազար 839 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 37,5%–ը»,– ասաց Արզումանյանը։

ԿԸՀ նախագահի տեղակալը ներկայացրեց քվեարկության ընթացքն ըստ շրջանների.

Ստեփանակերտում քվեարկել է 10616 քաղաքացի, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 27,2%–ը, Ասկերան` 5522 ընտրող կամ 46,3%–ը, Հադրութ` 4237 ընտրող կամ 49,7%–ը, Մարտակերտ` 5601 ընտրող կամ ընտրողների 43%–ը, Մարտունի` 7305 ընտրող կամ ընտրողների 42,4%–ը, Շահումյան` 887 ընտրող կամ 42,2%–ը, Շուշի` 1551 ընտրող կամ ընտրողների 39,5%–ը, Քաշաթաղ` 2973 ընտրող կամ ընտրողների 41,9%–ը։

Երևանում Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում քվերակել է 147 ընտրող կամ ընտրողների 17,7%–ը։

Արցախի Հանրապետությունում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ապրիլի 14-ի, ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։

Մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում երկրորդ փուլ են դուրս եկել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը` 49,26% «կողմ» ձայնով, և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 26,4% «կողմ» ձայնով։

Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում:

Արցախի Հանրապետության ոստիկանության` 2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն, Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103.637, որոնցից 832 հոգի ընտրություններին կմասնակցի Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում, իսկ 1270-ն ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում:

Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում արցախցիներին կոչ է արել չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։

Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Թեստավորված քաղաքացիների ընդհանուր թիվը 59 է։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։

Նորայր Շողիկյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am