Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Տիգրան Ավինյանը ներկայացրեց արտակարգ դրությունը երկարաձգելու պատճառը

Տիգրան Ավինյանը ներկայացրեց արտակարգ դրությունը երկարաձգելու պատճառը

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտակարգ դրության ռեժիմի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանի պատգամավորներին ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրությունը 30 օրով երկարաձգելու պատճառը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս թեմային Ավինյանն անդրադարձավ ապրիլի 13-ին ընթացող Ազգային ժողովի հատուկ նիստում։

«ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել արտակարգ դրության ռեժիմի վերաբերյալ որոշումը երկարաձգել, քանի որ չեն վերացել այն հիմնական պատճառները, որոնք հիմք են հանդիսացել, արտակարգ իրավիճակով պայմանավորված, արտակարգ դրության հայտարարմանը»,- ասաց Ավինյանը։

Փոխվարչապետը նշեց, որ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում չկա բացարձակ արդյունավետ ռազմավարություն։

«Անհնար է վարակն ամբողջովին վերացնել։ Դրա դեմ պատվաստանյութի ստեղծումը հնարավոր կլինի ամիսներ, եթե ոչ` մեկ տարի անց։ Պետությունների կողմից ձեռնարկված միջոցառումները մեծամասամբ միտված են անորոշությունները կառավարելուն։ Հասարակությունները կանգնած են կարևոր երկընտրանքի առջև` փորձել խուսափել մեծաքանակ զոհերից և դանդաղեցնել վարակի տարածման արագությունը, որպեսզի առողջապահական համակարգն ի վիճակի լինի սպասարկել հիվանդներին` միաժամանակ մեծ վնաս հասցնելով տնտեսությանը, կամ թույլ տալ վարակի արագ տարածում` մարդկանց մոտ ձևավորելով դիմադրողականություն և հնարավոր դարձնելով արագ վերադարձը բնականոն կյանքին՝ միաժամանակ ունենալով ավելի մեծ թվով զոհեր։ Պետությունների գերակշիռ մասը գնում է առաջին ուղղությամբ՝ չբացառելով որևէ պահի անցումը երկրորդ տարբերակին»,- նշեց փոխվարչապետը։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ` Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 1039 է։ Վիրուսից ապաքինվել է 211 անձ, մահացել` 14-ը։ Փաստացի բուժում է ստանում 814 պացիենտ։

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am