Պաշտոնական

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին

2 րոպեի ընթերցում

Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին: Ինչպես«Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ավելի վաղ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ իրեն ուղղված շնորհավորանքների, մաղթանքների ու աղոթքների համար:

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղղված ուղերձում նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է.«Ներկայիս տագնապալի ժամանակներում, երբ նոր կորոնավիրուսի համավարակը մարդկանց կանգնեցրել է առողջական, սոցիալական ու տնտեսական լուրջ խնդիրների առջև, և մեր պետական հաստատություններն ու համապատասխան կառույցներն անում են հնարավոր ամեն ինչ՝ դիմակայելու այդ վարակին, հանրությունը նմանապես կարիք է զգում Ձեր խոսքի և հորդորի:

Այս պայմաններում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ձեր հովվապետությամբ առավելագույն ճիգեր է ի գործ դնում՝ աջակից լինելու հավատացյալ ժողովրդին Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում։

Մաղթենք զորություն հայոց պետությանը և Ձեր հայրապետությամբ՝ Սուրբ Եկեղեցուն, առողջություն ու ապահովություն մեր ժողովրդին»։

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին ուղղված՝ նախագահի խոսքում մասնավորապես ասվում է.«Ներկայիս բարդ ժամանակներում, երբ մարդիկ ստիպված են լարել իրենց ուժերն ու մեծ ջանքեր գործադրել, ավելի է մեծանում Եկեղեցու և հավատքի դերը մեր կյանքում։

Թող Տիրոջ Սուրբ Հարության ավետիսը հարստացնի յուրաքանչյուրիս հոգին ու տունը, իսկ Ձեզ համար դառնա կենարար աղբյուր՝ ի փառս Հայոց Սուրբ Եկեղեցու և ի ապահովություն մեր աշխարհասփյուռ ժողովրդի, Հայաստանի և Արցախի»։

Կազմակերպություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում