ԱԳՆ-ում գրանցված է Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող 1870 ՀՀ քաղաքացի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտաքին գործերի նախարարությունում ներկայումս գրանցված է 1870 Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ովքեր ցանկանում են վերադառնալ Հայաստան:Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Հանրային Հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Առաջին շրջանում անմիջապես սկսեցինք դիմել մեր քաղաքացիներին, որպեսզի իրենք դադարեցնեն ճամփորդություններն ու վերադառնան Հայաստան։ Մեծ մասն արձագանքեց: Եվ մարտի 1-ից ի վեր ունենք Հայաստան վերադարձած 63 հազարից ավել քաղաքացի: Մենք ինքներս կազմակերպեցինք մեր քաղաքացիների վերադարձը Իտալիայից՝ օգնելով տոմսերի ձեռքբերման հարցում, ուղղորդելով գտնել վերադարձի լավագույն ճանապարհը, համագործակցելով տարբեր երկրների մեր գործընկերների հետ։ Այս առումով Վրաստանի հետ ունենք շատ լավ համագործակցություն»,- ասաց Մնացականյանը:
Նախարարը այս իրավիճակում բարձր է գնահատում ՀՀ քաղաքացիների համախմբվածությունը։
Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է։ Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149: Այս պահին առկա է մահվան 12 դեպք։
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։ Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում արգելված են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ:
Կարեն Խաչատրյան