Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հայաստանը պատրաստ է հնարավորության սահմաններում օգնություն ցույց տալ ԵԱՏՄ գործընկերներին. Փաշինյան

Հայաստանը պատրաստ է հնարավորության սահմաններում օգնություն ցույց տալ ԵԱՏՄ 
գործընկերներին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն հայտնեց Հայաստանի կողմից հնարավորության դեպքում օգնություն ցույց տալ Եվրասիական տնտեսական միության անդամ գործընկեր երկրներին` կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց ապրիլի 10–ին ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում։

«Հայաստանը պատրաստ է իր հնարավորությունների սահմանում օգնություն ցույց տալ ԵԱՏՄ իր գործընկերներին։ Վստահ եմ, որ ԵԱՏՄ–ում մենք պարտավոր ենք համախմբել մեր ջանքերը համավարակի դեմ պայքարում։ Մենք պետք է ամրացնենք մեր միությունը, նույնիսկ համավարակի պարագայում։ Պետք է ապացուցենք մեր միության կենսունակությունը ճգնաժամի պայմաններում։ Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ապահովել ԵԱՏՄ շրջանակներում ազատ առևտրի ռեժիմի անխափան գործունեությունը։ Անընդունելի է ապրանքների և ծառայությունների շարժի սահմանափակումը ԵԱՏՄ ներսում, նույնիսկ` համավարակի պայմաններում։ Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել բեռնափոխադրումների անխափան իրականացման համար»,– ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնությանը` Հայաստանին ցուցաբերած օպերատիվ աջակցության համար։

«Համավարակի դեմ պայքարում մենք համագործակցում ենք մեր հիմնական միջազգային գործընկերների հետ, և, առիթից օգտվելով, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ռուս գործընկներներին` օպերատիվ օգնության և արդյունավետ փոխգործակցության համար»,– նշեց վարչապետը։

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցման, ինչպես նաև փորձն ու պրակտիկ գիտելիքները փոխանցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը:

Հայաստան բերված շարժական լաբորատորիան թույլ է տալիս իրականացնել օրական 100 ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդ, PCR) անալիզ: COVID-19 վարակի հետազոտություններ կատարելու հնարավորությամբ շարժական լաբորատորիայով և ախտահանման համակարգով համալիրը հնարավորություն ունի ծավալվել և 45 օր առանց արտաքին շրջապատի հետ շփման կատարել առաջադրված խնդիրը:

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստն անցկացվում է տեսակոնֆերանսի միջոցով` աշխարհում կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով։ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը պետք է անցկացվեր Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում։ Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 1 մլն 608 հազարը։ Համավարակից ապաքինվել է 358 հազար 15 մարդ, մահացել` 95 հազար 837–ը։

Նորայր Շողիկյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am