Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Սեպտեմբեր

Օրակարգում նման հարց գոյություն չունի․ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի կողմից ՀՀ-ին աջակցելու լուրերի մասին

Օրակարգում նման հարց գոյություն չունի․ ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի կողմից ՀՀ-ին 
աջակցելու լուրերի մասին
ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պարզաբանել է, թե փակ սահմանների և դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում ինչպես է հնարավոր եղել կազմակերպել Թուրքիայից ՀՀ քաղաքացիների Հայաստան տեղափոխելու գործընթացը։ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է նաև Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից տրված մամուլի հաղորդագրությանը, որում նշված է, որ Թուրքիան առաջարկում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում: Ներկայացնում ենք «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերն ու ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանները․ 
ԱՐՄԵՆՊՐԵՍ-Հայտնի է դարձել, որ կազմակերպվել է Թուրքիայից մեր քաղաքացիների Հայաստան տեղափոխումը: Փակ սահմանների և դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում ինչպես է հնարավոր եղել կազմակերպել այդ գործընթացը:
ՊԱՏԱՍԽԱՆ- Տեղյակ եք, որ Հայաստանի կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները՝ մեր քաղաքացիների վերադարձը Հայաստան ապահովելու ուղղությամբ, և առաջնահերութություն է հատկապես տրվում համավարակի լայն տարածում ստացած երկրներում դժվար կացության մեջ հայտնված մեր քաղաքացիների տեղափոխմանը: Այդ պատճառով որոշում կայացվեց տեղափոխել Թուրքիայում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած մեր քաղաքացիներին:
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ հետ կապ են հաստատել Թուրքիայում գտնվող մոտ հարյուր ՀՀ քաղաքացիներ: ԱԳՆ ջանքերով և ֆինանսավորմամբ իրականացվում է Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած յոթ տասնյակ ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Վրաստանի տարածքով։ Նրանք Հայաստան ժամանելուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: Տեղափոխումը համաձայնեցված է թուրքական և վրացական համապատասխան ծառայությունների հետ, որոնց օժանդակությունը գնահատելի է:
ԱՐՄԵՆՊՐԵՍ- Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից տրված մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ Թուրքիան նախատեսում է աջակցություն ցուցաբերել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում:  
ՊԱՏԱՍԽԱՆ -Մենք ծանոթ ենք Կ. Պոլսի Պատրիարքարանի կողմից Թուրքիայի նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ մամուլի հաղորդագրությանը: Որպես երրորդ կողմ, ձեռնպահ կմնայինք ոչ պաշտոնական տեղեկատվությունը մեկնաբանելուց: Բոլոր դեպքերում, օրակարգում նման հարց գոյություն չունի: 




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ