Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Imagine, there's no newsroom… Լրատվամիջոցները համավարակից հետո

Imagine, there's no newsroom… Լրատվամիջոցները համավարակից հետո

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եթե չլինեին լրատվամիջոցները, համացանցը եւ հեռահաղորդակցությունը, կարող էր թվալ, թե հետինդուստրիալ մարդկությունը վերադարձել է խորը միջնադար։ Ավելի ճիշտ՝ միջնադարի այն հանգրվանը, երբ մարդու տեղաշարժը սահմանափակված է իր բնակավայրի (շատ երկրների դեպքում՝ իր բնակարանի) տարածքով։ Մի քանի ամիս առաջ ոչ ոք անգամ ամենասարսափելի մղձավանջում չէր կարող պատկերացնել, որ «սոցիալական հեռավորություն» առօրեական բառակապակցությունն իրական կյանքում նկարագրելու է մարդկային շփումների ասոցիալացումը։

Նոր կորոնավիրուսի համաճարակը յուրատեսակ սթրես-թեստ էր ոչ միայն պետությունների, առողջապահության, տնտեսության, այլեւ մամուլի համար։ Մենք հայտնվել ենք նոր անորոշությունների ժամանակաշրջանում, եւ բազմաթիվ անհայտներով այս հավասարումի լուծման փնտրտուքն օրեցօր ավելի բարդ է դառնում։ Աշխարհի անգամ ամենագովազդված ապագայապաշտների վերլուծություններն ու ուսումնասիրությունները, թերեւս, վերանայման կարիք ունեն։ Կորոնավիրուսի համաճարակը ցրեց այն յուրատեսակ մտավոր թմբիրը, թե անգամ գոյություն ունեցող մարտահրավերների պարագայում, հնարավոր է որոշակի մոտավորությամբ կանխատեսել ապագան։

Իհարկե, բժշկական գիտությունը վաղ թե ուշ հայտնաբերելու է COVID-19-ի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ։ Պատկերավոր ասած՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի դեղամիջոցը կգտնվի ավելի շուտ, քան մենք կարծում ենք, բայց ավելի ուշ, քան մենք բոլորս ցանկանում ենք։

Այժմ ոչ թե ամփոփումների ու դասեր տալու, այլ դասեր քաղելու ժամանակն է։ Լրատվության ապագայի տեսանկյունից, սակայն, հնարավոր է որոշ նախնական դիտարկումներ անել հետհամավարակային շրջանի համար։ Որոշ ժամանակ անց «կորոնահամաճարակի» հետեւանքներն ազդելու են լրատվամիջոցների ամենօրյա գործունեության վրա, եւ ազդեցության շրջանակը ներառելու է թե՛ բովանդակության արտադրության եւ սպառման ձեւերը, թե՛ տնտեսավարման մոդելները, թե՛ մարդկային ռեսուրսների կառավարումը։ Լրատվական ինդուստրիայի մի շարք ճյուղերի համար կարող են առաջանալ լրջագույն մարտահրավերներ, մյուսների համար (օր.՝ ռադիոյի ու հեռուստատեսության)՝ սկսվի երկրորդ «ոսկե դարը»։ Այսօր ոչ ոք չունի պատրաստի բանաձեւեր, եւ ներկայացվող թեզերն էլ ապագայի վերաբերյալ քննարկում սկսելու հրավեր են։

 

No news is good news

Այսօր լրատվամիջոցները հեղեղված են կորոնավիրուսի համաճարակի մասին տեղեկություններով։ Այս թեմայով լուրերի անվերահսկելի սպառումը հասնում է այնպիսի ծավալների, որ սպառնում է թուլացնել մարդու հոգեբանական դիմադրողականությունը։ Այդ մտահոգությունից ելնելով՝ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կոչ արեց տեղեկատվության հետ առնչվել օրվա ընթացքում առավելագույնը երկու անգամ։ Փաստորեն, կորոնավիրուսի համաճարակի համար առավել կիրառական է այն թեւավոր խոսքը, երբ լուրերի բացակայությունն արդեն իսկ լավ նորություն է։

Սակայն լրատվամիջոցների համար սա միակ լավ նորությունը չէ։ Լրատվամիջոցները լուրեր են արտադրել թե՛ համաշխարհային պատերազմների, թե՛ այլ ոչ պակաս լուրջ ցնցումների ժամանակաշրջանում։ Լրագրողները կրկին ապացուցեցին, որ պատրաստված են փոփոխություններին, որ արտակարգ իրավիճակում աշխատելու ռիթմն իրենց համար սովորական է։ Հիմա էլ բազմաթիվ պրոֆեսիոնալներ զբաղված են աշխարհը պատուհասած համաճարակի մասին պատմություններ պատմելով՝ հիվանդության դեմ պայքարի առաջնագծից մինչեւ տնային աշխատասենյակները։

Աշխարհի բազմաթիվ պետություններում հեռավար աշխատանքին անցնելուն ամենապատրաստված ճյուղերից մեկը եղան լրատվամիջոցները։ Մեր գործընկերներից շատերն այս բարդ իրավիճակում ցույց տվեցին արագ կողմնորոշվելու հանճարեղության հասնող պարզ լուծումներ։ Եթե նախկինում հեռավար աշխատանքը համարվում էր ֆրիլանսերների մենաշնորհը, ապա համավարակի պայմաններում այն դառնում է կյանքի սովորական նորմ։ Ասվածն այլեւս վերաբերում է ոչ միայն արդեն իսկ հեռավարության որոշակի փորձ ունեցող համացանցային լրատվամիջոցներին, այլեւ ավանդական լրատվության մյուս ոլորտներին՝ տպագրից մինչեւ հեռարձակող։

Այս վերափոխումը, մի կողմից, տեխնոլոգիական արագ առաջընթացի, մյուս կողմից՝ ազատ տեղաշարժի եւ սոցիալական շփումների սահմանափակման հետեւանք է։ Լրատվական բովանդակության ստեղծման համար այսօր բացակայում են մենաշնորհները, նոր խելացի հեռախոսների օգնությամբ էլ հնարավոր է ստեղծել այնպիսի որակի աուդիո—վիզուալ բովանդակություն, որ համադրելի է անգամ մի քանի տարի առաջվա պրոֆեսիոնալ տեխնիկայի արտադրանքի հետ։ Ճգնաժամային պայմանները տաբուներ են կոտրում։ Ավանդական լրատվամիջոցներն էլ այլեւս կաշկանդված չեն չօգտագործել այն ձեւաչափերով ստեղծված բովանդակությունը, որին նախկինում դիմում էին միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում (օրինակ՝ հեռավար կոնֆերանսներ, հեռազանգերի տեսագրութուններ եւ այլն), այնպես ինչպես G20-ի երկրների առաջնորդները այլեւս պարտադրված չեն հավաքվել գագաթնաժողովի, եթե այն կարելի է անցկացնել տեսակոնֆերանսի ռեժիմով։

Համավարակը դարձավ նախկինում կանխատեսված միտումների զարգացման կատալիզատոր։ Սակայն արդյո՞ք այդ կանխագուշակված իներցիան չի դանդաղելու տնտեսական վերահաս անորոշությունից։

 

Իտալացի բժշկի ընտրությունը, տնտեսական մարտահրավերները, մարդկային կապիտալն ու տեխնոլոգիաները

Համաշխարհային տնտեսության ապագայի մասին հնչող կանխատեսումները եւ տնտեսական ակտիվության հավանական դանդաղեցումը կարող են ցավոտ հարված հասցնել լրատվամիջոցների տնտեսական հնարավորություններին ու ֆինանսական կայունությանը։ Կարճաժամկետ հեռանկարում այս ամենը կարող է լուրջ մարտահրավեր չդառնալ, սակայն պարզից էլ պարզ է, որ խորացող հանրային ու տնտեսական տագնապի պայմաններում լրատվամիջոցները նույնպես տնտեսական լուրջ կորուստներ են կրելու։

Դեռեւս անհասկանալի է, ինչ կլինի լրատվամիջոցների եկամուտների ավանդական աղբյուրների հետ, անորոշ է, թե ինչպես կփոփոխվի գովազդային շուկաների կոնյունկտուրան։ Այս ձեւափոխումները ցավոտ հարված կհասցնեն լրատվական «ոսկե միջինին», քանի որ համաշխարհային խոշոր խաղացողներն ավելի շատ ռեսուրսներ ունեն հնարավոր շոկերին դիմակայելու համար, իսկ փոքր դերակատարները՝ բլոգերները, վլոգերներն ու պոդքասթերներն առանց այն էլ գործում են սահմանափակ միջոցների առկայությամբ։ Լրատվամիջոցների մի մասն ստիպված է լինելու եկամուտի նոր աղբյուրներ գտնել՝ սեղմվող հնարավորությունների պայմաններում։

Միեւնույն ժամանակ, հեռավար աշխատանքի երկարող փորձառությունը կարող է հարցականի տակ դնել գրասենյակներ պահելու, դրա հետ կապված ծախսեր կատարելու անհրաժեշտությունը։ Արդյո՞ք վերանում է մեծ նյուզռումը՝ տեղը զիջելով անհրաժեշտ նվազագույն ծանրաբեռնվածություն ունեցող գրասենյակին, որը հնարավոր է սպասարկել սահմանափակ ծախսերով։ Եվ արդյո՞ք մեդիամենեջերների համար չի մոտենում այն օրը, երբ լրատվամիջոցներ փրկելու համար պետք է ստիպված ծանր ընտրություն կատարել մարդկային ռեսուրսների կառավարման հարցում, ճիշտ այն մեթոդով, ինչն, ըստ լրատվամիջոցների, կատարում են գերբեռնված հիվանդանոցի բժիշկները՝ մարդկային կյանք փրկելու համար։

Ամեն դեպքում, բովանդակության նկատմամբ տեխնիկական պահանջների ազատականացումը հանգեցնելու է մի իրավիճակի, երբ մեդիայի առաջնային օղակում անհրաժեշտ են լինելու բազմազան բովանդակություն ստեղծելու ունակություն ունեցող մասնագետներ՝ յուրատեսակ «ունիվերսալ զինվորները»։ Եվ եթե այս կանխատեսումն իրականություն դառնա, ավելի մեծ կիրառություն են ստանալու արհեստական բանականության գործիքներն ու մոբիլ տեխնոլոգիաները ոչ միայն մեդիասպառման, այլեւ՝ մեդիա բովանդակության արտադրության ոլորտում։

 

Մեջբերելով Մարկեսին. «Մի հայտարարված մահվան պատմություն», թե՞ «Սերը ժանտախտի ժամանակ»

Ես մարդկանց այն փոքրացող խմբից եմ, ում համար տպագիր թերթը լրագրողական, իսկ Գաբրիել Գարսիա Մարկեսի ստեղծագործությունները գրական «առաջին սերերն» են։ Հավանաբար, ենթագիտակցության հեգնանքով էր, Մարկեսի այս երկու գործերի վերնագրերը դարձան այս ենթաբաժնի բնաբանը։

Տպագիր մամուլի մահվան մասին կանխատեսումները հնչում են վաղուց։ Հնչում են չարագուշակ։ Բոլոր երկրներում էլ տպագիր մամուլի տպաքանակները նվազում են, եւ թերթերի ու հանդեսների փակման կամ միայն էլեկտրոնային ձեւաչափի անցնելու մասին նորություններն այնքան հաճախ են հանդիպում լրահոսում, որ թղթային կրիչի վրա ցանկացած նոր լրատվամիջոցի ծնունդ համարյա սենսացիա է։ Տպագիր մամուլի «նավապետները» կատաղի դիմադրում են, անցնում են էլեկտրոնային ու առցանց վաճառքներին, սակայն բացասական կանխատեսման ողնաշարը կոտրել որեւէ մեկին չի հաջողվում։

Ու չնայած թերթերն առ այսօր էլ կարողանում են պահել լրատվության ամենահեղինակավոր ճյուղը լինելու առաջնությունը, նոր կորոնավիրուսի համավարակն ամենացավոտը հարվածում է տպագիր մամուլին, որի արտադրության մեջ ներգրավված են հարակից օղակներ (պոլիգրաֆիայի, ցրման ու բաժանորդագրության ծառայություններ)։ Կարանտինային միջոցառումները, ամենայն հավանականությամբ, նվազեցնելու են տպագիր մամուլի առանց այն էլ իջած վաճառքները։ Այդ միտումների վրա ազդեցություն է ունենալու նաեւ այն մտավախությունը, որ թղթային կրիչը կարող է լինել վիրուսի տարածման աղբյուր։

Հայտնի չէ, թե համավարակից հետո ի՞նչ փոփոխությունների կարող է ենթարկվել մարդկանց սպառողական վարքագիծն ու, ամենայն հավանականությամբ, հենց տպագիր մամուլին է վիճակված դիմանալ այս «կորոնաճգնաժամի» ամենածանր հարվածին։

 

Novus ordo։ կրթական, առողջապահական ու զվարճանքի ծառայություններ

Ցանկացած մարտահրավեր նախեւառաջ հնարավորություն է։ Հետհամաճարակային «Նոր աշխարհում» տնտեսական կարողությունների ամրապնդման մարտահրավերն ամենածանրն է լինելու։ Ամենայն հավանականությամբ, այդ հանգամանքը լրատվամիջոցներին ստիպելու է ավելի մեծ ուշադրություն դարձնել գործունեության այնպիսի ոլորտներին, ուր տեղափոխվելու է վճարունակ պահանջարկը։ Ու խոսքը բնավ զուգարանի թղթի արտադրության մասին չէ…

Համաշխարհային տնտեսական ֆորումի տարիներ առաջ հրապարակած կանխատեսումներից մեկի համաձայն, միջին դասի աճին զուգահեռ (2030 թ. այն ողջ աշխարհում պետք է կազմեր 4,9 միլիարդ մարդ), պետք է ավելանա նաեւ նոր մեդիա- ծառայությունների պահանջարկը՝ կրթական, պրեմիում բովանդակության, on-demand տեսաբովանդակության, առողջապահական ու բարեկեցության ծառայությունների սպառման ասպարեզում։

Կորոնավիրուսի տարածման համաճարակն ու կարանտինային միջոցների կիրառումն աշխարհի շատ երկրներում ինքնաբերաբար նպաստեցին այդ կանխատեսումների արդարացմանը։ Ենթադրում ենք, որ լրատվամիջոցները նույնպես մեծացնելու են ներդրումներն այս ոլորտներում։ Սա որոշակիորեն կարող է փոփոխել լրատվամիջոցների աշխատանքի բնույթն ու բովանդակությունը։

 

Հեղինակություն. լրատվամիջոցի «աննյութական» կապիտալը

Ժամանակակից յուրաքանչյուր լրատվամիջոցի համար հեղինակությունը ոչ միայն ու ոչ այնքան աննյութական արժեք է, որքան կապիտալիզացվող, ինչու չէ, նաեւ կոմերցիալիզացվող ակտիվ։ Եվ չնայած անորոշություններին, մեկ բան շատ որոշակի է. ապագան զերծ չի լինելու համամարդկային նոր մարտահրավերներից, որոնք վերաբերելու են յուրաքանչյուրին, այնպես, ինչպես համաճարակային վտանգը։ Հաշվի առնելով աշխարհի փոխկապակցվածության ու գլոբալացման ծավալը՝ նոր մարտահրավերները կարող են պակաս ծանր չլինել։

Որքան էլ ներկա կարճաժամկետ փուլում հնչեն հակագլոբալիստական կոչեր, աշխարհն ինքնին, ավելի քիչ գլոբալ չի դառնալու ո՛չ տնտեսական կապերի, ո՛չ մարդկային շփումների, ո՛չ էլ տեղեկատվական հոսքերի առումներով, եւ տեխնոլոգիական զարգացումները միայն խորացնելու են այս միտումները։

Ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում ճգնաժամերի հաղթահարման մեջ կարեւորվելու է տեղեկատվություն սփռողների հեղինակությունը։ Այդ «աննյութական կապիտալն» ամրապնդելու գործում անելիք ունեն հասարակական կյանքի բոլոր դերակատարները, առաջին հերթին լրատվամիջոցներն իրենք, մանավանդ այս ժամանակաշրջանում, երբ նախկին խնդիրներին (Fake news, սոցիալական ցանցերի հաղթարշավ, թվային դարաշրջանի լրատվական էթիկական հարցեր եւ այլն) ավելանում են նորերը, որոնք ավելի բարդ են, առօրեական եւ շոշափելի։

Համաճարակից հետո աշխարհում կարող է շատ բան փոխվել, սակայն լրատվությունը, համացանցն ու հաղորդակցությունը մնալու են նույնքան կարեւոր։ Չէ որ, եթե նրանք չլինեին, մենք հայտնվելու էինք խորը միջնադարում։

 

Արամ ԱՆԱՆՅԱՆ

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]