Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Օդեսայի հայ համայնքը ձեռք է բերել վիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ մի շարք պարագաներ

Օդեսայի հայ համայնքը ձեռք է բերել վիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ մի 
շարք պարագաներ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդեսայի հայ համայնքի անդամները կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով ինքնամեկուսացել են, մոբիլիզացրել են իրենց բոլոր ուժերը և ձեռք են բերել պաշտպանիչ մի շարք պարագաներ՝ դիմակներ, ախտահանող միջոցներ, ձեռնոցներ և այլն:

Արտաքին աշխարհի, միմյանց հետ կապը չկորցնելու նպատակով համայնքի անդամները հաղորդակցվում են օնլայն հարթակում:

Այս և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Օդեսայի հայ համայնքի նախագահ, ODREX բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Տիգրան Հարությունյանի հետ:

Նա հիշեցրեց, որ այս տարի լրանում է համայնքի ստեղծման 31-րդ տարեդարձը: «Համայնքը ամուր, կայացած կազմակերպություն է, որի անդամները շատ ակտիվ են: Բնականաբար, կան որոշ հարցեր, բայց դրանք ժամանակի ընթացում լուծվում են: Ինչ վերաբերում է կորոնավիրուսին, ապա պետք է շեշտել, որ դրա տարածմանը մենք արձագանքեցինք՝ մոբիլիզացնելով մեր բոլոր ուժերը: Հավաքեցինք որոշ գումար և ձեռք բերեցինք պաշտպանիչ միջոցներ, որոնց պակաս համայնքի պահեստում չկա: Ունենք նաև պարենամթերքի տոպրակներ»,-պատմեց Հարությունյանը:

Համայնքի նախագահի խոսքով՝ կոչ են անում բոլորին մնալ տանը, դուրս չգալ և կարիքի դեպքում դիմել իրենց: Դիմել են ոչ միայն հայ համայնքին, այլև օդեսացիներին, որոնք համայնքի շրջակայքում են ապրում և օգտվում են  առաջարկած օգնությունից: Շատերին հեռախոսահամար են թողել:  Ադմինիստրատորը հավաքում է մարդկանց տվյալները, հասկանում, թե ում ինչ է հարկավոր, և կամավորների միջոցով անհրաժեշտ պարագաները հասցվում են հասցեատերերին: Մարդիկ չեն չարաշահում համայնքի ղեկավարության առաջարկը:

Հարությունյանը շեշտեց, որ իրավիճակները տաբեր են: Մի քանի օր առաջ իրենց է դիմել ՀՀ քաղաքացի, որը մինչ սահմանների փակվելն աշխատել է Օդեսայում և չի հասցրել ժամանակին վերադառնալ Հայաստան: Աջակցություն ստանալու նպատակով ՀՀ քաղաքացին դիմել է Օդեսայի հայ համայնքին: Նրան օգնել են:

 

Պատասխանելով հարցին համայնքում վարակվածներ կա՞ն, թե՞ ոչ՝ համայնքի նախագահն ասաց, որ Օդեսայում հիվանդներ կան, բայց հայեր՝ ոչ: «Որքան էլ պահպանենք անվտանգության կանոնները, հնարավոր է՝ վիրուսը մեզ էլ չշրջանցի, քանի որ այն ազգություն չի ճանաչում: Ինչպես բոլոր երկրներում, այնպես էլ Ուկրաինայում այն դժվար է հաղթահարվում. բժշկության ոլորտում շատ բանի պակաս կա»,-խոստովանեց նա:

Անդրադառնալով կարանտինի շրջանում համայնքի անդամների զբաղվածությանը՝ Հարությունյանը նշեց, որ Օդեսայի կիրակնօրյա դպրոցն սկսել է աշխատել օնլայն հարթակում: Դասերին մասնացում են նաև մեծահասակները, ինչպես նաև երեխաներ Կիևից: «Աշակերտները չեն մոռանա այն, ինչ սովորել են, ուսումնական գործընթացն էլ առաջ կգնա: Մանկապարտեզը նույնպես օնլայն է աշխատում: Օդեսայում հայկական երգի խմբակ կա, որի ուսուցչուհին փոքր-ինչ վատառողջ է, բայց արդեն ապաքինվում է և կարող է շարունակել դասերը վիրտուալ տիրույթում: Փորձում ենք վիրտուալ հարթակում չկորցել կապը, որպեսզի երբ անցնեն այս դժվար ժամանակները, հեշտությամբ վերադառնանք բնականոն կյանքին»,-եզրափակեց Տիգրան Հարությունյանը:

Օդեսայում բնակվող հայերի մեծ մասն Ուկրաինայի քաղաքացիներ են: Նրանցից շատերն Ուկրաինա են եկել 1988 թվականի երկրաշարժից ու Սումգայիթյան կոտորածներից հետո:  Համայնքի ներկայացուցիչներն աշխատում են և մեծ հաջողություններ գրանցում ամենատարբեր բնագավառներում:

Օդեսայում գործում է հայկական մակնապարտեզ և դպրոց, որտեղ անցկացվում են հայերեն և ռուսերեն դասեր: 1995-ին կառուցվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, իսկ 2008-ին` Հայկական մշակութային կենտրոնը:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։

Հայաստանում ապրիլի 6-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 833 է, արձանագրվել է մահվան 8 դեպք:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։

Անժելա Համբարձումյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]