Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

«Երևանյան բեսթսելեր». Ռոուլինգի գործերն ամենապահանջվածներն են. մանկական, փետրվար, 2020

«Երևանյան բեսթսելեր». Ռոուլինգի գործերն ամենապահանջվածներն են. մանկական, 
փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ փետրվարի վաճառքի տվյալների:

Առաջին հորիզոնականում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում: Սյուժեն իր նմանակներն ունի նաև շատ այլ ժողովուրդների մոտ:

Երկրորդ հորիզոնականում է Ռոբերտ Լյուիս Սթիվենսոնի «Գանձերի կղզին»:  Պատանի Ջիմ Հոքինսի հետ նստե´ք Հիսպանյոլան ու համարձակ նավարկեք դեպի Գանձերի կղզին: Փորձված ծովայինների հետ Ջիմը հայտնվում է վտանգավոր արկածների մեջ՝ հուսալով գտնել նավապետ Ֆլինթի թաքցրած ոսկին: Սակայն ամենուր վտանգ է: Կարելի ՞ է վստահել անձնակազմին: Ի ՞նչ է թաքցնում կղզին… 

Երրորդ տեղում է «Հայկական հեքիաթներ» ժողովածուն: Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են իրենց արդիականությունը պահպանած ճշմարտություններ ու արժեքներ:

Չորրորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» ստեղծագործությունը: Տասներկու երկար տարիներ Ազքաբանի բանտում փակված է Սիրիուս Բլեք անունով սոսկալի մի կալանավոր: Նրանից վախենում են բոլորը` մագլ թե մոգ: Ժամանակին Բլեքը մեկ անեծքով տասներեք հոգու էր միաժամանակ կործանել: Շատերը կարծում էին, որ նա լորդ Վոլդեմորի հետնորդն էր: Եվ ահա Սիրիուս Բլեքին հաջողվում է խորամանկել անգամ Ազքաբանի պահնորդներին և փախչել իր ատելի խցից: Ինչ-որ կերպ Բլեքը ճակատագրով կապված է Հարրիի հետ:

Հինգերորդ տեղում է Արթուր Քոնան Դոյլի «Շերլոք Հոլմսի արկածները» ժողովածուն: Այն բաղկացած է 12 ստեղծագործությունից: Առաջին՝ «Սկանդալը Բոհեմիայում» պատմվածքը տպագրվել է «Ստրենդ» ամսագրում 1891 թվականին: Գիրքը հրատարակվել է 1892 թվականին և համարվում է Հոլմսի մասին պատմվածքների առաջին հավաքածուն: Պատմությունները ժամանակագրական հերթականությամբ չեն ներկայացված, և, բացի Շերլոք Հոլմսից և բժիշկ Ուոթսոնից, բոլոր հերոսները տարբեր են:

Վեցերորդ հորիզոնականում է Հայաստանում բոլոր ժամանակների ամենաընթերցվող հեղինակներից մեկի` Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներ ու պատումներ:

Յոթերորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Ծնողներին կորցնելուց հետո Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, որտեղ տղային հալածում են, նվաստացնում և գրեթե կիսաքաղց պահում: Երբ լրանում է Հարրիի տասնմեկ տարին, նրան հրավիրում են Հոգվորթս` աներևակայելի մի դպրոց, որտեղ կարող են սովորել միայն բացառիկ` կախարդական ունակություններով օժտված պատանիներն ու աղջիկները:

«Մանկական բեսթսելեր»-ի հաջորդ հորիզոնականում «Երեք խոզուկ+6 խճանկար» մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:

«Շունն ու կատուն» գիրքը իններորդ հորիզոնականում է: Այս հեքիաթի սյուժեի մասին կարելի է ընդհանրապես չխոսել, քանի որ այն ծանոթ է յուրաքանչյուր փոքրիկի: Թումանյանական այս հեքիաթը սիրված է շատերի կողմից:

Տասներորդ հորիզոնականում է Ջ. Ք. Ռոուլինգի «Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում» գիրքը: Այս ուշագրավ հատորյակը ստեղծվել է Նյութ Սքամանդերի ուղևորությունների և տարիների հետազոտությունների արդյունքում: Գրքում նկարագրվում են ութսունհինգ արարածների սննդակարգը, բազմացումը և անհրաժեշտության դեպքում նրանցից պաշտպանվելու հնարավոր եղանակները:  

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0 «Բոքոնիկը» Բուկինիստ 130
2 * Ռոբերտ Լյուիս Սթիվենսոն «Գանձերի կղզին» Անտարես 52
3 0 «Հայկական հեքիաթներ» GSM 45
4 0 Ջ. Ք. Ռոուլինգ, «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» Զանգակ 43
5 նոր

Արթուր Քոնան Դոյլ

«Շերլոք Հոլմսի արկածները»

Էդիթ Պրինտ 40
6 *

Հովհաննես Թումանյան

«Հեքիաթներ»

GSM 40
7 -5 Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» Զանգակ 38
8 * «Երեք խոզուկ+6 խճանկար» GSM 38
9 * «Շունն ու կատուն» GSM 34
10 *

Ջ. Ք. Ռոուլինգ

«Գերբնական գազաններ, և որտեղ են նրանք բնակվում»

Զանգակ 22

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]