Իտալիայից Հայաստան վերադարձած քաղաքացիների մեջ եղել են կարանտինից հրաժարվել փորձողներ. ԱԱՏՄ ղեկավար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայից հատուկ չվերթով Հայաստան վերադարձած քաղաքացիների մեջ եղել են անձինք, ովքեր հրաժարվել են մեկնել կարանտինի մեջ գտնվելու վայրեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:
«Եղել են ՀՀ ժամանած ուղևորներ, որոնք հրաժարվել են կարանիտինի վայր տեղափոխվել: Այդ հարցը լուծվել է մոտ 1 ժամ բանակցությունների արդյունքում: Անձամբ ես էլ եմ մասնակցել այդ բանակցություններին: Քաղաքացին ժամանել էր Իտալիայից, որն ի վերջո համոզվեց ու ասաց, որ գնում է ինքնամեկուսացման: Էլի ունեցել ենք մարդիկ, որոնք փորձել են հրաժարվել գնալ մեկուսացման վայր, այդ ժամանակ էլ Առողջապահության նախարարության մեր գործընկերների երկար բանակցություններից հետո այդ մեկուսացումը տեղի է ունեցել»,- ասաց Ավագյանը:
ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 102-ի: Առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: