Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռուստամ Բադասյանի հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ռուստամ Բադասյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում սահմանադրական փոփոխությունների օրակարգին, դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը, այս ոլորտներում միջազգային համագործակցությանն, ինչպես նաև մի շարք այլ հարցերի:

Նախարարը Հանրապետության նախագահին տեղեկացրել է սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի գործունեության մասին:

Կարևորելով սահմանադրական բարեփոխումները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Սահմանադրությունը ժամանակի մարտահրավերների պայմաններում ապրող և զարգացող իրավական փաստաթուղթ է: Նախագահի խոսքով՝ Սահմանադրության ցանկացած փոփոխություն, կատարելագործում պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության սկզբունքի վրա՝ նպաստելով մեր պետության անցնցում, բնականոն զարգացմանը:

Նախագահը նաև ներկայացրել է իր պատկերացումներն ու մոտեցումները սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Նա նշել է երկրի հիմնական օրենքի մշակման գործընթացում հասարակության հնարավորինս լայն շերտերի մասնակցության կարևորությունը: Արմեն Սարգսյանն ասել է, որ նախագահի աշխատակազմը պատրաստակամ է իր առաջարկություններով և կարողություններով համագործակցել թե նախարարության, թե սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի հետ:

Երկուստեք կարևորվել են նման հանդիպումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am