Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գեղարքունիքում նախորդ տարվա անորակ շինարարության դիմաց չի վճարվել երեք կազմակերպության գումարները

Գեղարքունիքում նախորդ տարվա անորակ շինարարության դիմաց չի վճարվել երեք 
կազմակերպության գումարները

ԳԱՎԱՌ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզում նախորդ տարում իրականացված շինարարական անորակ աշխատանքների դիմաց պետությունը չի վճարել երեք կազմակերպության, որոնք չեն կատարել համապատասխան պայմանագրերով սահմանված պարտավորությունները: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին Գանձակ համայնքում, պատասխանելով բնակիչների հարցերին,  հայտարարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Նախորդ տարում մենք Հայաստանի Հանրապետությունում առաջինն էինք սուբվենցիոն ծրագրերի իրականացման քանակով ու ծավալներով:

Միեւնույն ժամանակ անորակ շինարարության չորս դեպք է արձանագրվել մեզանում, որը, մյուս կողմից, ամենանվազն է Հայաստանում: Շինարարական բոլոր տեղամասերում մենք ժամանակին հատուկ զգուշացրել ենք բոլոր շինարարներին, որ որեւէ անորակ աշխատանքի դիմաց իրենք չեն վճարվելու: Բացի այդ, կատարել ենք այցելություններ ու դիտարկումներ, տվել համապատասխան ցուցումներ՝ նկատված թերությունները վերացնելու մասին: Այդուհանդերձ, ճանապարհաշինական չորս տեղամասերում՝ Վարդենիկում, Գանձակում, Գեղարքունիքում եւ Ճամբարակի Նադարյան փողոցում  որակը չի համապատասխանել սահմանված չափորոշիչներին, ուստի եւ այդ կազմակերպությունները չեն վճարվել:

Գանձակում եւ Գեղարքունիքում  աշխատանքներն իրականացրել է նույն կազմակերպությունը:  Մենք պարզել ենք, որ  ճանապարհաշինության որակը չի ապահովվել հիմնականում երկու պատճառով. առաջին, որ ասֆալտապատման աշխատանքները կատարվել են եղանակային անբավարարության պայմաններում, եւ երկրորդ, որ մրցույթները շահած կազմակերպությունները չեն ունեցել շինարարության որակն ապահովող տեխնիկա: Կարծում եմ, որ սա դաս կլինի մյուսներին, որպեսզի չկրկնեն նույն սխալները եւ ամեն գնով ապահովեն շինարարության որակը: Մենք տարվա ընթացքում քանիցս զգուշացրել ենք Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Ծակքար-Մարտունի հատվածի ճանապարհաշինարարական կազմակերպությանը, արել համապատասխան դիտողություններ, սակայն այդպես էլ նրանց կողմից անհրաժեշտ հետեւություն չարվեց: Արդյունքում՝ այդ կազմակերպությանը չվճարվեց շուրջ 100 միլիոն դրամ: Մենք ոչ մի շինարարի կամ անձի հանդեպ կաշկանդված չենք, մեզ համար չկան արտոնյալներ, քանի որ նրանցից միայն օրենքով մի բան ենք պահանջում՝ որակյալ շինարարություն»,-նշեց Գնել Սանոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]