Քաղաքականություն

Մեր մեծագույն խնդիրը պետք է լինի փոքր երկրի ներկայացուցչի որոշակի բարդույթը հաղթահարելը. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Մեր մեծագույն խնդիրը պետք է լինի փոքր երկրի ներկայացուցչի որոշակի բարդույթը հաղթահարելը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար արտաքին քաղաքականության ասպարեզում մեծագույն խնդիրներից մեկը համարում է փոքր երկրի ներկայացուցչի որոշակի բարդույթը հաղթահարելը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց մարտի 2-ին դիվանագիտական ծառայության աշխատակցի օրվան նվիրված միջոցառման ընթացքում:

«Մեր դիվանագիտությունը մեր նորանկախ պատմության ընթացքում ունեցել է փառահեղ հաջողություններ, եղել են նաև որոշակի խնդիրներ, ձախողումներ, այս գործընթացը պետք է անցնենք: Սա հատուկ է ցանկացած երկրի դիվանագիտությանը: Մեր մեծագույն խնդիրը պետք է լինի փոքր երկրի ներկայացուցչի որոշակի բարդույթը հաղթահարելը: Որքան էլ այն բնական լինի, այդ բարդույթը մեզ շատ տեղերում խանգարում է: Միայն դիվանագիտական համակարգը չի կարող այդ բարդույթը հաղթահարել, այն պետք է հաղթահարվի ամեն քաղաքացու մակարդակում, պետական ողջ ինստիտուտի ամեն կառույցի մակարդակում»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց դիվանագիտական ծառայության բոլոր ներկայացուցիչներին: Փաշինյանը հավաստիացրեց, որ լիարժեքորեն և անկեղծորեն հավատում է, որ այսօր դիվանագիտական ծառայությունն ունի Հայաստանի նկատմամբ աշխարհի վերաբերմունքը փոխելու պոտենցիալը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում