Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Մայիս

Հայաստանը կաշկանդված չէ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ մտցնելու հարցում. Թորոսյան

Հայաստանը կաշկանդված չէ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ մտցնելու հարցում. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կաշկանդված չէ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներ մտցնելու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Իտալիայում երկու տեղ է բռնկումը և այն շատ տեղայնացված է: Մեծ քաղաքներում, եթե նույնիսկ կան շատ դեպքեր, ապա դրանք տեղայնացված են: Այսօրվա դրությամբ՝ Իտալիայի հետ կապված թռիչքները դադարեցնելու անհրաժեշտություն չենք տեսնում, սակայն դա չի նշանակում, որ վաղը կամ մյուս օրը այլ որոշում չի կարող չլինել: Ի դեպ, այդ սահմանափակումները ոչ միայն արտաքին գործընթացներին են վերաբերում, այլև ներքին: Դա վերաբերում է հանրային միջոցառումներին, դպրոցներին, մանկապարտեզներին և այլն: Մեզ համար կարևոր է հանրային առողջությունը»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ ամեն դեպքում որոշումները պետք է լինեն փաստարկված, ապացուցված, այլ ոչ թե պահանջված:

«Մենք կաշկանդված չենք սահմանափակումների հետ կապված որոշում ընդունելիս: Ինչպես դա արել ենք Չինաստանի դեպքում ազատ վիզային ռեժիմի հետ կապված, ինչպես արել ենք Իրանի դեպքում»,-  հավելեց նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքը: Նա նշել էր. «Սիրելի հայրենակիցներ, մոտ երկու ժամ առաջ կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք ունեցանք՝ ցավոք։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին, Թեհրանից։

Նա ինքն է դիմել բժշկի եւ նրա վիճակը լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, հիմա նույնիսկ ջերմություն չունի։ Նախնական թեսթը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երեւանի ժամանակով գիշերը ժամը երեքին։

Հատկանշական է, որ պացիենտի կնոջ թեսթի պատասխանը բացասական է։ Այսինքն՝ նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել։ Այժմ կառավարությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած կանոններով անհրաժեշտ միջոցառումներ կձեռնարկի։

Պացիենտի հետ ռիսկային շփում ունեցած մարդիկ կմեկուսացվեն։ Նշեմ նաեւ, որ Թեհրանից ժամանած օդանավի մեջ, ինչպես եւ նախատեսել էինք, եղել են ՀՀ քաղաքացիներ եւ չվերթով ապահովվել է հայրենիք վերադառնալու նրանց անքակտելի իրավունքը։

Թեհրանում եւ օդանավի մեջ բոլորը ուղեւորները եղել են դիմակներով, օդանավից եւ օդանավակայանում ուղեկցվել են հատուկ կարգով, ոչ անհրաժեշտ շփումներ չունենալու համար։

Հայտնի է սահմանապահ ծառայության այն աշխատակիցը, որը ձեւակերպել է պացիենտի եւ նրա կնոջ մուտքը ՀՀ։ Ի դեպ, սահմանապահները նույնպես եղել են դիմակներով եւ բժշկական ձեռնոցներով։

Այն տաքսիները, որոնցով պացիենտը օդանավակայանից տուն եւ տնից հիվանդանոց են եկել՝ կհայտնաբերվեն եւ նրանց վարորդները նույնպես կմեկուսացվեն։ Մեկուսացված քաղաքացիների համար ապահովվելու ենք բարձր մակարդակի հյուրանոցային, սակայն առանձնացված պայմաններ։ Ընդհանուր առմամբ այսօր կմեկուսացվի մոտ 30 քաղաքացի։

Լույսը բացվելուն պես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում կքննարկենք Մարտի 1-ի երթը չեղարկելու հարցը։ Իմ առաջարկը լինելու է երթը չեղարկել։

Բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվում են՝ վիրուսի տարածում թույլ չտալու համար։ Ժամը 12.00-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ասուլիս կհրավիրի եւ կհայտնի այդ պահին հայտնի տեղեկատվությունը։

Կոչ եմ անում պահպանել հանգստություն, վստահել միայն կառավարության եւ պաշտոնական մարմինների կողմից տարածվող լուրերին, ինչպես նաեւ կիրառել վարակի տարածումը կանխարգելող՝ Առողջապահության նախարարության կողմից խորհուրդ տրվող միջոցները»։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ