Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանում ՀՀ դեսպանը հորդորել է խուճապ չտարածել կորոնավիրուսի հետ կապված

Իրանում ՀՀ դեսպանը հորդորել է խուճապ չտարածել կորոնավիրուսի հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հորդորել է խուճապ չտարածել կորոնավիրուսի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Թումանյանն ասել է «Ալիք» օրաթերթին տված հարցազրույցում:

«Թեև ստեղծված վիճակը չափազանց անհանգստացնող է, սակայն և´ պետական մարմինների, և´ քաղաքացիների հետ հարաբերություններում առկա է ՀՀ դեսպանության հետ համագործակցության մեծ պատրաստակամություն: Իհարկե, կան նաև խոչընդոտներ: Որպես խանգարող գործոն՝ կարող եմ նշել հասարակության մեջ տարածվող տարատեսակ լուրերը հիվանդության տարածման մասշտաբների մասին, մի բան, որ համոզված եմ ավելի շատ կապված է ապատեղեկատվության և երբեմն էլ ասեկոսեների հետ: Իմ կարծիքով այսպիսի դեպքերում ամենավնասակար ազդեցությունը կարող է ունենալ խուճապը, որը պետք է հիմնովին բացառել: Ի դեպ, տեղին է նշել, որ այս պայմաններում ՀՀ պետական մարմիններն առաջին հերթին իրենց աշխատանքի հիմքում դնում են ԻԻՀ-ից ստացվող պաշտոնական տեղեկատվությունը ու միաժամանակ համագործակցում միջազգային համապատասխան կառույցների հետ»,- ասել է դեսպանը:

Դեսպանն անդրադարձել է նաև կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ Հայաստանի և Իրանի միջև իրականացվող քայլերին:

«Հայաստանում անհանգստացած են բարեկամ երկրում ստեղծված վիճակով և բոլորիս ցանկությունն է օր առաջ տեսնել այս համաճարակի հաղթահարումը, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ առողջ և երջանիկ: Կորոնավիրուսի տարածման վտանգը կանխարգելելու և այդ ուղղությամբ մեր բարեկամ Իրանի հետ փոխգործակցության համակարգման նպատակով ժամանակավոր՝ երկշաբաթյա սահմանափակումներ են մտցվել Հայաստան-Իրան օդային և ցամաքային սահմանով հաղորդակցության վրա: Համաձայն կառավարության որոշման՝ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիները և Հայաստանում գտնվող ԻԻՀ քաղաքացիներն անարգել կերպով կարող են վերադառնալ իրենց երկրներ: ՀՀ քաղաքացիներին Իրանից Հայաստան փոխադրելու համար առաջիկայում կիրականացվի թռիչք, իսկ ցամաքային սահմանով շարունակվում է ՀՀ քաղաքացիների վերադարձը Հայաստան, ինչպես նաև ԻԻՀ քաղաքացիների վերադարձը Իրան»,- նշել է Թումանյանը:

Դիվանագետը հավելել է, որ Իրանից Հայաստան ավտոտրանսպորտային բեռնափոխադրումներն իրականացվում են համապատասխան սանիտարական վերահսկողության պայմաններում: Հաղորդակցության սահմանափակումները չեն վերաբերում ՀՀ և ԻԻՀ պաշտոնական պատվիրակություններին, դիվանագետներին և նրանց ընտանիքի անդամներին:

Փետրվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am