Սումգայիթի ջարդերի իրավական գնահատականի թեմայով քննարկում կանցկացվի Երևանում
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնում փետրվարի 27-ին տեղի կունենա մասնագիտական քննարկում՝ «Սումգայիթի ջարդերի իրավական գնահատականը և այլատյացությունն այսօրվա Ադրբեջանում» թեմայով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Օրբելի» կենտրոնից, քննարկման շրջանակներում միջազգային և մարդասիրական իրավունքի, Ադրբեջանի այլատյացության քաղաքականության ուսումնասիրություններով զբաղվող մասնագետները կվերլուծեն առկա իրավիճակը, կներկայացնեն Սումգայիթի ջարդերի իրավական գնահատականի հնարավորությունները, ինչպես նաև կփորձեն ներկայացնել Ադրբեջանում այլատյացության և մասնավորապես՝ հայատյացության քաղաքականության առումով միջազգային ատյաններում հայկական կողմի անելիքները:
Քննարկմանը կմասնակցեն «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը և «Սովորական ցեղասպանություն» նախագծի համակարգող Մարինա Գրիգորյանը: Քննարկումը կվարի «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը:
Քննարկումը կանցկացվի Երևանում՝ Արշակունյաց պողոտա 44 հասցեում՝ «Օրբելի» տեղեկատվական կենտրոնի շենքի 5-րդ հարկի քննարկումների սրահում՝ ժամը 12:00-14:00-ն: Մուտքն ազատ է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում