Սումգայիթի ջարդերի իրավական գնահատականի թեմայով քննարկում կանցկացվի Երևանում

Armenpress 14:47, 26 Փետրվար, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնում փետրվարի 27-ին տեղի կունենա մասնագիտական քննարկում՝ «Սումգայիթի ջարդերի իրավական գնահատականը և այլատյացությունն այսօրվա Ադրբեջանում» թեմայով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Օրբելի» կենտրոնից, քննարկման շրջանակներում միջազգային և մարդասիրական իրավունքի, Ադրբեջանի այլատյացության քաղաքականության ուսումնասիրություններով զբաղվող մասնագետները կվերլուծեն առկա իրավիճակը, կներկայացնեն Սումգայիթի ջարդերի իրավական գնահատականի հնարավորությունները, ինչպես նաև կփորձեն ներկայացնել Ադրբեջանում այլատյացության և մասնավորապես՝ հայատյացության քաղաքականության առումով միջազգային ատյաններում հայկական կողմի անելիքները:

Քննարկմանը կմասնակցեն «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը, փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը և «Սովորական ցեղասպանություն» նախագծի համակարգող Մարինա Գրիգորյանը: Քննարկումը կվարի «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան Տարոն Հովհաննիսյանը:

Քննարկումը կանցկացվի Երևանում՝ Արշակունյաց պողոտա 44 հասցեում՝ «Օրբելի» տեղեկատվական կենտրոնի շենքի 5-րդ հարկի քննարկումների սրահում՝ ժամը 12:00-14:00-ն: Մուտքն ազատ է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am