Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ՀՀ-ն պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության արդյունքում կրել է միլիարդավոր դոլարների վնաս. Փաշինյան

ՀՀ-ն պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության արդյունքում կրել է միլիարդավոր 
դոլարների վնաս. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2018 թվականի մայիսից հայտարարվել է կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար, ինչն արժանացել է ոչ միայն հայաստանյան հանրության հավանությանը, այլև միջազգային հանրության ուշադրությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարությունում հրավիրված խորհրդակցության ընթացքում ասաց ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս ընթացքում, սակայն, մի քանի առիթներով հայտարարել եմ, որ, չնայած կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներն աննախադեպ են, ես բավարարված չեմ արդյունքներով: Համոզված եմ՝ դրա արդյունքներով բավարարված չէ նաև հանրությունը: Ընդ որում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նկատի ունեմ ոչ միայն և ոչ այնքան կոռուպցիոն գործերով դատավճիռների կայացումը, որքան պետությունից ու ժողովրդից գողացված միջոցների վերադարձը Հայաստանի պետական գանձարան: Բայց թույլ տվեք այս առումով նույնպես հիմնավորել կոռուպցիայի դեմ տարվող պայքարի ծավալների աննախադեպ լինելը: Հատկանշական է այն վիճակագրությունը, որ հրապարակել է Հատուկ քննչական ծառայությունը: Ըստ այդմ՝ 2019 թվականի գործունեության ընթացքում քրեական գործերով վերականգնված գումարը կազմել է 4 միլիարդ 331 միլիոն դրամ, որը 7 անգամ ավել է, քան Հատուկ քննչական ծառայության գործունեության ողջ նախորդ ընթացքում ծառայությունում քննված գործերով վերականգնված գումարը միասին վերցրած»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

Նա հավելեց, որ նույն կամ մոտավորապես նույն իրավիճակն է նաև այլ իրավապահ մարմիններում: Վարչապետը հայտնեց, որ ԱԱԾ-ի կողմից 2019 թվականին վերականգնված գումարը 2017 թվականի համեմատ ավել է 1371 տոկոսով, քննչական կոմիտեում 2019 թվականի վերականգնումները 2017 թվականի համեմատ ավել են 462 տոկոսով, ոստիկանությունում 2019 թվականի վերականգնումները 2017 թվականի համեմատ ավել են 10 767 տոկոսով: «Այս վիճակագրությունը և տոկոսային աճը, իհարկե, տպավորիչ է, եթե չասեմ սենսացիոն: Բայց եթե այս տոկոսները վեր ենք ածում բացարձակ թվերի, պիտի արձանագրենք, որ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մենք ամենալավատեսական հաշվարկներով կոռուպցիոն գործերով վերականգնել ենք 150 միլիոն դոլարի վնաս, ներառյալ նաև Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող վարույթների շրջանակում տեղի ունեցած վերաքննումները: Մենք այստեղ էլ վիճակագրական հաշվարկների խնդիր ունենք և ստիպված ենք հենվել մոտավոր թվերի վրա: Բայց, այնուամենայնիվ, եկեք որպես հաշվարկի հիմք ընդունենք 150 միլիոն դոլարը: Եթե պետական եկամուտների կողմից իրականացված վերականգնումները հանենք հաշվարկից, մեր այս թվաբանությունը կիսով չափ կկրճատվի: Ինչո՞ւ եմ առանձնացնում պետեկամուտների կոմիտեի հատվածը, որովհետև այստեղ շատ դժվար է տարանջատել չկատարված, ապա վերականգնված զուտ հարկային պարտավորությունների հատվածը մաքուր կոռուպցիոն եկամուտների հաշվարկից»,- մանրամասնեց վարչապետը:

Փաշինյանը հարց հնչեցրեց՝ Եթե հիմնվում են միայն ՀՔԾ-ի, քննչական կոմիտեի, ԱԱԾ-ի և ոստիկանության կողմից վերականգնումների վիճակագրության վրա, կարո՞ղ են արդյոք պնդել, թե 1.5 տարվա 70-80 միլիոն դոլարի վերականգնումները համամասնորեն արտահայտում են այն վնասը, որը Հայաստանի Հանրապետությունը վերջին 30 տարիներին կրել է կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով: «Իմ պատասխանը միանշանակ է՝ ոչ, կրկին ու կրկին անգամ, ոչ: Այս ողջ ընթացքում ես ընդունել եմ գործերի քննության համար առկա օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարությունների փորձագիտական կարողությունների սակավության ու պրոցեսի տևական լինելու, քննիչների ծանրաբեռնվածության մասին բացատրությունները: Չեմ կարող չխոստովանել, որ այդ բացատրությունների մի մասը իրոք օբյեկտիվ են ու արդարացված: Բայց մյուս կողմից ժամանակն անցնում է, և մեր իրավապահ համակարգի դանդաղկոտությունը կոռուպցիոներների մի մասին հնարավորություն է տալիս փախչել Հայաստանից, մյուս մասի համար հանցանշանները և ապացույցները թաքցնելու, քողարկելու պատուհան է բացում»,- ընդգծեց վարչապետը:

Նրա խոսքով՝ կան ավելի աղաղակող իրավիճակներ, երբ կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշված ընկերությունները կամ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքերն ակնհայտորեն պատկանում են այս կամ այն նախկին կամ ներկա բարձրաստիճան պաշտոնյաներին, բայց մեր իրավապահ մարմիններն այդ կապերն ապացուցող փաստեր չեն գտնում: «Սա կատարելապես վարկաբեկում է մեր իրավապահ համակարգը և կոռուպցիայի դեմ պայքարն ընդհանրապես: Սրան գումարվում է այն փաստը, որ մի շարք գործերով առանցքային վկաներ նույնիսկ կասկածյալներ ու մեղադրյալներ լքել են հանրապետության տարածքը, ինչի արդյունքում այդ գործերով քննությունը մտել է փակուղի կամ այդ ճանապարհին է կամ այդ սպառնալիքի առաջ է կանգնած: Ես չեմ թաքցնի իմ գնահատականը և հստակ կասեմ, որ նման իրավիճակի առանցքային պատճառներից մեկն այն  է, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են բառիս բուն իմաստով դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և այլ հանձնարարություններով: Բայց հարցս հետևյալն է՝ արդյոք կարո՞ղ ենք երաշխավորել, որ հենց այսօր իրավապահ համակարգը լիարժեք և լիաթոք, սկսած քննչական գործողություններից, շարունակած օպերատիվ-հետախուզական գործողություններով, իրականացնում է իր գործառույթները կոռուպցիայի դեմ պայքարում: Ցավոք, չեմ կարող վստահաբար դրան դրական պատասխան տալ»,- ասաց վարչապետ Փաշինյանը:

Վարչապետը շեշտեց, որ եկել է ժամանակը, որպեսզի խորը վերլուծեն և գնահատեն այն արդյունքները, որ վերջին 1.5 տարվա ընթացքում արձանագրվել է կոռուպցիայի դեմ պայքարում և հատկապես պետությունից գողացված միջոցների վերադարձի և պատճառված վնասների վերականգնման առումով: «Այո, զուտ տոկոսային վիճակագրությամբ մենք այստեղ ունենք աննախադեպ ծավալներ և ձեռքբերումներ: Բայց աննախադեպ նշանակում է մինչև այժմ ոչ մի անգամ չգրանցված, ոչ մի անգամ տեղի չունեցած: Եվ այստեղ պետք չէ սեթևեթել, այլ պետք է հստակ ասել, որ Հայաստանում երբեք, կրկնում եմ՝ երբեք կոռուպցիայի դեմ իրական պայքար չի տարվել: Եվ ուրեմն համեմատությունը ոչնչի հետ որևէ կերպ չի կարող շահեկան և օբյեկտիվ համեմատություն համարվել»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ Հայաստանի Հանրապետությունը բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության արդյունքում կրել է միլիարդավոր դոլարների վնասներ, և ինքը՝ որպես Հայաստանի ղեկավար, ժողովրդից մանդատ է ստացել նաև այդ միլիարդները հետ բերելու խոստումների համար: Վարչապետի ակնկալիքն է, որ իրավապահ մարմինները քննչական և օպերատիվ-հետախուզական ողջ պոտենցիալի ներգրավմամբ իրականացնեն  ժողովրդի արդար ակնկալիքը: «Ասեմ նաև, որ Հայաստանի Հանրապետության տուժած լինելը կոռուպցիայից միջազգայնորեն ճանաչված փաստ է: Վերջերս բավականին սկանդալային պայմաններում հրապարակվեց Համաշխարհային բանկի «էլիտաների կողմից օտարերկրյա օգնությունների յուրացումը» զեկույցը, որտեղ նշված են այն երկրները, որտեղ օտարերկրյա օգնությունների մի զգալի բաժինը յուրացվել է էլիտաների կողմից և տեղափոխվել օֆշորային գոտիներ: Ինչպես և կարելի էր կռահել, Հայաստանը հայտնվել է այդ երկրների առաջատար քսանյակում: Այդ ցանկում են հայտնվել, օրինակ, Բուրկինա Ֆասոն, Բուրունդին, Գանան, Գայանան, Զամբիան, Մավրիտանիան, Նիգերը, Ուգանդան և այլ երկրներ, որոնց ժողովուրդների՝ կոռուպցիայի պատճառով կրած տառապանքները հանրահայտ են աշխարհում: Բայց մենք միջազգային փորձագետների զեկույցից չէ, որ պետք է այս ամենի մասին պատկերացում կազմենք, որովհետև այդ ամենի մի շատ մեծ մասի թալանը տեղի է ունեցել բոլորիս աչքի առաջ, և մեր իրավապահ համակարգը պետք է ի վիճակի լինի բոլորիս հայտնի ճշմարտություններին գրագետ իրավական ձևակերպումներ տալ»,- մանրամասնեց նա:

Փաշինյանը հույս հայտնեց որ  ի վիճակի կլինեն գտնել կոնկրետ պատասխաններ՝ ներկայացնելով մի կարևոր պարզաբանում ևս: Նա շեշտեց, որ այս ամենը որևէ կերպ չի կարող մեկնաբանվել և չպետք է մեկնաբանվի որպես Հայաստանում օրինական ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ որևէ նեգատիվ երանգ ունեցող ասելիք: «Հայաստանում բիզնեսը, տնտեսական գործունեությունը պետք է լինի լիարժեք պաշտպանված որևէ ապօրինի միջամտությունից: Մենք օրինական բիզնեսի առաջ միայն մեկ խնդիր ենք դնում՝ վճարել օրինական հարկերը: Այս կետից հետո մեր ասելիքը ձեռնարկատերերին շարունակում է մնալ նույնը՝ հարստացեք և հարստացրեք: Եվ մենք սրա համար կստեղծենք բոլոր անհրաժեշտ պայմանները»,- եզրափակեց վարչապետը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]