Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հեղափոխական մոտեցում կանաչապատման ոլորտում. Երևանում տնկվող ծառերը պետք է լինեն ամենաքիչը 5 տարեկան

Հեղափոխական մոտեցում կանաչապատման ոլորտում. Երևանում տնկվող ծառերը 
պետք է լինեն ամենաքիչը 5 տարեկան

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի կանաչապատման ոլորտում այսուհետև լինելու են հեղափոխական մոտեցումներ. նախատեսվում է մայրաքաղաքում 300-500 հազար ծաղկող թուփ տնկել, որը կկլանի առկա փոշին ու աղմուկը: Առաջին անգամ 2020 թվականին կմեկնարկի աղբի տեսակավորման գործընթացը՝ պլաստիկի, ապակու, թղթի և վտանգավոր թափոնների (էկրան, մարտկոց, նոութբուք, շարժիչ):

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Բեգոյանը ներկայացրեց կառույցի գործունեության էությունը, խոսեց 2020 թվականի անելիքների և ավելացվող հաստիքների մասին։

Երևանում կավելանա ևս 500 աշխատատեղ՝ 2.5 անգամ բարձր աշխատավարձով

2019 թվականի դեկտեմբերի վերջին Երևան քաղաքի ավագանու որոշմամբ ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որի հաստիքացուցակը հաստատվել է  2020 թվականի հունվարի 15-ին։ Քաղաքապետարանից ՀՈԱԿ-ին տրամադրվել է 3 մլրդ 4 մլն ՀՀ դրամ, որի 2 մլրդ 200 մլն դրամը լինելու է աշխատակիցների աշխատավարձը: ՀՈԱԿ-ի բյուջեի մի մասն էլ ուղղվելու է վերամշակվող աղբի տեսակավորմանը և կանաչապատմանը։

Կազմակերպությունում աշխատելու է  շուրջ 1000 աշխատող։ Նախկինում այս աշխատանքը կատարել են 12 վարչական շրջանին կից գործող ՓԲԸ-ները, որոնց հիմնադիրը Երևանի քաղաքապետարանն էր։ Քաղաքային իշխանություններն այս տարի այդ ամենը համարեցին ավելորդ ծախս և ստեղծվեց մեկ ընդհանուր ՀՈԱԿ։ Այսպիսով, կատարվում է նաև գումարային մեծ խնայողություն: Կանաչապատման հետ կապված քաղաքի արտաքին ձևավորումը կատարվելու է մեկ տեղից և պրոֆեսիոնալ թիմի կողմից: Նախկինում 12 վարչական շրջանին կից գործող ՓԲԸ-ներում, որոնք այս պահին գտնվում են լուծարման փուլում, ընդհանուր առմամբ, եղել է 500 աշխատակից, և այժմ նրանց հիմնական մասին ընդունում ենք աշխատանքի և ավելացրել ենք ևս 500 հաստիք:

1000 աշխատողից 90 տոկոսը լինելու են այգեպան-բանվորներ, վարպետներ, որոնց աշխատավարձը լինելու է 30-40 տոկոսով ավելի բարձր, քան նախկինում: Այգեպան-բանվորների աշխատավարձը 150 հազար դրամ է, վարպետներինը (սղոցավարներ, եռակցողներ)՝ 200 հազար դրամ: Մեր թիմում աշխատելու են Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի դեկանը, ամբիոնի վարիչը, ոլորտի մի խումբ այլ մասնագետներ: Գլխավոր դենդրոլոգ է նշանակվել Արծվիկ Գրիգորյանը:

Երևանում առաջին անգամ կիրականացվի աղբի վերամշակման գործընթաց

Երևան քաղաքում պատմության մեջ առաջին անգամ 2020 թվականին կսկսենք աղբի վերամշակման գործընթացը։ Առաջին հերթին իրականացնելու ենք պլաստիկի, ապակու, թղթի և վտանգավոր թափոնների (էկրան, մարտկոց, նոութբուք, շարժիչ) տեսակավորում: Այս ամենից հետո նախատեսում ենք տեսակավորել նաև մեծ եզրաչափեր ունեցող սարքերը՝ սառնարաններ, լվացքի մեքենաներ, հեռուստացույցներ: Ամեն վարչական շրջանում կունենանք մեկ կետ, որտեղ քաղաքացիները կկարողանան հանձնել իրենց կողմից չօգտագործվող իրերն ու տեխնիկան: Այս պահին Հայաստանում կան պլաստիկի, թղթի և ապակու հանձնման և վերամշակման գործարաններ:

Այս պահին բանակցություններ են տարվում USAID-ի հետ, որպեսզի մեզ դրամաշնորհ տրամադրեն՝ հատուկ տեսակավորման համար աղբամաններ ձեռք բերելու համար: Նախատեսում ենք ունենալ մոտ 400 նմանատիպ աղբաման:

Երևանում կավելացվեն խորքային հորերը

Ոռոգման ջուրը Երևանը վերցնում է Հրազդան գետից, սակայն այդ հարցի շուրջ այս պահին այլ մոտեցումներ ենք մշակել: Նախատեսում ենք մայրաքաղաքում ավելացնել խորքային հորերը: Մետրոպոլիտենի տակ նույնպես հավաքվում են ընդերքային ջրեր, պատրաստվում ենք հանել այդ ջուրը և փորձել այն ուղղել դեպի դուրս և օգտագործել ոռոգման նպատակով: Մասնագետներն արդեն ուսումնասիրել են բոլոր այն տեղանքները, որտեղ ենթադրվում է, որ առկա է ջուր՝ խորքային հորեր փորելու համար:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը ձմռան ամիսների համար ստացել է «ԿամԱԶ»-ներ, որոնք այս պահին իրականացնում են ձնամաքրման ֆունկցիան: Ավելի տաք ամիսներին, դրանք կարող են օգտագործվել նաև որպես ջրատար մեքենաներ: ԵԱՍՄ հիմնարկի տնօրենի հետ մենք ունենք պայմանավորվածություն, որ այդ մեքենաներից 20-ը տրամադրվելու են մեր ՀՈԱԿ-ին և այն հատվածներում, որտեղ չենք կարողանա ապահովել ոռոգման ցանց, կօգտագործենք ջրատար մեքենաները:

Նուբարաշենում և Սիլիկյան թաղամասում նոր անտառներ կհիմնվեն

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ՀՈԱԿ-ի ստեղծման օրից հստակ խնդիրներ էր դրել մեր առջև՝ այգիները վերակառուցել, քաղաքի որոշ տարածքներում ամբողջությամբ նոր մոտեցումներով հանդես գալ և այլն: Այգիների թվում է «Հաղթանակ» զբոսայգու ներքևում գտնվող հատվածը, Սարյանի արձանին հարող պուրակում, ինչպես նաև Նուբարաշեն վարչական շրջանում, Սիլիկյան թաղամասում նախատեսվում է նոր անտառներ հիմնել: Այս աշխատանքների մի մասն արդեն մեկնարկել է: «Հաղթանակ» զբոսայգու ներքևում գտնվող հատվածի վերաբերյալ 2019 թվականին կատարվել են նախագծանախահաշվարկային աշխատանքները, և այս պահին քաղաքապետարանի կողմից մրցույթ է հայտարարվել: Մի քանի օր առաջ շինբարեկարգման վարչության պետի հետ ենթադրվող կապալառուների հետ բարձրացել էինք «Հաղթանակ» զբոսայգու այդ հատվածը և փորձում էինք լուծում տալ մի շարք խնդիրների: Այնտեղ շատ կարևոր հանգամանք կա՝ պետք է ոռոգման ցանց անցկացնել: Այսուհետև Երևան քաղաքում չեն տնկվելու ծառեր, թփեր, տնկարկներ, որտեղ չկա ոռոգման ցանց: Այս աշխատանքներն իրականացնելուց հետո կլինի նաև ծառատունկ: Այդ հատվածում լինելու են ծաղկող, շատ արժեքավոր ծառատեսակներ և թփաբույսեր: Նախատեսում ենք, որ այս տարի այդ աշխատանքները կհասցնենք ավարտին և լանջը չի ունենա այն տխուր տեսքը, որն այսօր տեսնում ենք:

Այսուհետև Երևանում տնկելու ենք 5 և ավելի տարեկան ծառեր ու թփեր

Երևան քաղաքում այլևս չեն տնկվի շիվեր, որոնք տասնյակ տարիներ տնկվել և չեն ծառայել իրենց նպատակին: Այսուհետև մայրաքաղաքում տնկվող ծառերը պետք է լինեն ամենաքիչը 5 տարեկան, այսինքն՝ դրանք կլինեն գրեթե պատրաստի ծառեր՝ իրենց բնահողով: Նմանատիպ ծառերը շատ կարճ ժամանակում կատարելու են իրենց ֆունկցիան: Այսօր օդի աղտոտվածությունն ու փոշին մի փոքր շատ է մեր քաղաքում և, կարծում եմ, որ տնկարկների ավելացումը խնդրի միակ լուծումը կլինի:

Զրուցեց Լիլիթ Դեմուրյանը

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]