Հասարակական

Ակունքում սուբվենցիայի եւ տեղական միջոցների հաշվին կիրականացվեն կենսական նշանակության ծրագրեր

2 րոպեի ընթերցում

Ակունքում սուբվենցիայի եւ տեղական միջոցների հաշվին կիրականացվեն կենսական նշանակության ծրագրեր

ԳԱՎԱՌ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում 2020 թվականի ընթացքում նախատեսվում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի եւ տեղական միջոցների հաշվին կյանքի կոչել մի շարք կենսական նշանակության ծրագրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ակունքի գյուղապետ Նիկոլա Խաչատրյանը, սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Ակունքի համայնքապետարանը հատկացնելու է շուրջ 30 միլիոն դրամ:

«Սուբվենցիոն ծրագրերով նախատեսել ենք համայնքում արարողությունների սրահի եւ զբոսայգու կառուցում, Բարեկամության փողոցի մասնակի եւ Շահումյան փողոցի վերջնամասի ասֆալտապատում , տվյալ թաղամասի խմելու ջրագծի հիմնանորոգում, կոյուղիների վերանորոգում:

Տեղական բյուջեի միջոցներով կամ բարերարների ու համայնքի բնակիչների աջակցությամբ նախատեսում ենք Հայոց ցեղասպանության եւ Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշակոթողի կառուցում, ֆուտբոլի մեծ խաղադաշտի կանաչապատում, գերեզմանատների տարածքների պարսպապատում կամ ցանկապատում, որոշ թաղամասերում մոտ 2500 մետր ընդհանուր երկարության լուսավորության ցանցի անցկացում, եկեղեցի տանող հիմնական ճանապարհի բարեկարգում եւ բակի կառուցապատում, նոր բազմաֆունկցիոնալ տրակտորի ձեռքբերում: Այս ծրագրերի իրականացման համար մենք ունենք բավարար միջոցներ, իսկ մյուս հիմնախնդիրների կարգավորման համար քայլեր կձեռնարկենք, եթե ի հայտ գան նոր հովանավորներ, նոր միջոցներ: Բոլոր ծրագրված աշխատանքները կսկսենք ու կավարտենք 2020 թվականի ընթացքում»,-հավաստեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում