Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   9 Օգոստոս

Հրեշ Զեքին. հայ դիվանագետը բացահայտել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից ամենադաժանի առեղծվածը

Հրեշ Զեքին. հայ դիվանագետը բացահայտել է Հայոց ցեղասպանության 
կազմակերպիչներից ամենադաժանի առեղծվածը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունն իրականացրած գործիչներից ամենադաժանը՝ Սալիհ Զեքին (Կուշարկով), տասնամյակներ շարունակ պատմագիտության մեջ մնացել է ստվերում: «Արմենպրես»-ը զրուցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ, պատմական գիտությունների դոկտոր (ՌԴ և ՀՀ), պրոֆեսոր (ԵՊՀ) Արսեն Ավագյանի հետ, որն ուսումնասիրելով Օսմանյան կայսրության, ռուսական և վրացական արխիվները, բացահայտել է հրեշ Զեքիի առեղծվածը:

«Սալիհ Զեքին ծնվել է 1883թ., Սամսուն քաղաքում ազգությամբ չերքեզ էր: Նրա հայրը Օսմանյան կայսրություն ներգաղթել էր 1864թ. չերքեզների մեծ գաղթի ժամանակ, Հյուսիսային Կովկասի Կուբանի շրջանից: Հայկական աղբյուրներում, եթե նայում ենք, բոլոր հուշերում՝ կապված ցեղասպանության հետ կամ ընդհանրապես այդ շրջանի իրադարձությունները լուսաբանելիս, Սալիհ Զեքի անունը առկա է՝ որպես «Հրեշ Զեքի», որը նախ 1915թ. Էվերեկում էր պաշտոնավարում, հետո Դեր Զորի նահանգապետն էր, որտեղ գտնվում էր ամենամեծ համակենտրոնացման ճամբարը, և կազմակերպել էր տարբեր տվյալներով մոտ 200 հազար հայերի ոչնչացումը: Սալիհ Զեքիի հետ կապված խնդիրն ինչումն է, եթե նայում ենք աղբյուրները, այնպիսի տպավորություն է, որ նա 1915թ. հայտնվեց, 1916թ. իր ամենասև գործունեությունը ծավալեց, և անհետացավ: Այսինքն՝ շատ քիչ տեղեկություններ կան նրա անցյալ կյանքի և ապագայի մասին»,- ասաց Ավագյանը:

Արսեն Ավագյանը Սալիհ Զեքիի վերաբերյալ տեղեկությունները գտել է Օսմանյան կայսրության, ռուսական և վրացական աղբյուրներում, սակայն օսմանյան արխիվներում առկա են այն ժամանակ պաշտոնավարած նույն անվամբ մոտ 210 պաշտոնյա, ինչը խճճում է հետազոտողներին:

«Քանի որ ես երկու անգամ պաշտոնավարել եմ 2001-2005թթ., և 2015-2019թթ., որպես Հայաստանի մշտական ներկայացուցիչ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում, և քանի որ իմ մենագրություններն ու գիտական հոդվածները Թուրքիայում հրատարակվել են թուրքերեն, այսինքն՝ բավական ճանաչում ունեմ, ինձ թույլ տվեցին օգտվել օսմանյան արխիվից: 6 տարի ես օսմանյան արխիվում ուսումնասիրություն եմ արել, բազմաթիվ տարաբնույթ արխիվային փաստաթղթեր եմ հավաքել: Բացի դրանից, Սալիհ Զեքիի վերաբերյալ շատ կարևոր նյութեր կան ռուսական արխիվներում: Մի քանի նյութ գտել եմ վրացական արխիվներից, քանի որ Սալիհ Զեքին 1925-1933թթ. ապրել է Թիֆլիսում: Ադրբեջանի արխիվից թուրք պատմաբան ընկերներս օգնեցին, որոշ նյութեր բերեցին: Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատման գործում Սալիհ Զեքին կարևոր դերակատարություն է ունեցել, և դա հաստատվում է արխիվային փաստաթղթերով: Հետաքրքրական է նաև, որ նա եղել է ադրբեջաներենի լատինատառ այբուբենի մշակման հանձնաժողովի նախագահի տեղակալ, ինչպես նաև ադրբեջաներեն «Dai Yildiz» ամսագրի և «Yeni Fikir» թերթի գլխավոր խմբագիր»,- նշեց նա:

Սալիհ Զեքին մեծ դեր է ունեցել Հայոց ցեղասպանության իրականացման գործում: Դեր Զորի նահանգապետի պաշտոնում Սալիհ Զեքիի նշանակվելը եղել է նրա առանձնակի դաժանությամբ պայմանավորված:

«Սալիհ Զեքիի նշանակումը Դեր Զորի նահանգապետ, եղել է այն ժամանակ Սիրիայի նահանգապետ Աբդուլ Հալիք Ռենդայի առաջարկությամբ: Ընդորում, Ռենդան նշանակումը շատ ուշագրավ է հիմնավորել. նա նշել է, որ նախորդ մյութեսարիֆ Ադիլ բեյը շատ գթասիրտ է հայերի նկատմամբ՝ տեղահանված հայերին ոչ թե ոչնչացնում է, այլ, նույնիսկ, պահում է, նրանց համար ստեղծել է պայմաններ, և պետք է մեկը, որը կարող է իրականացնել այն հայերի նկատմամբ ծրագրվածները: Ռենտան առաջարկել է Սալիհ Զեքիի թեկնածությունը, որն արդեն Էվերեկում բավական համբավ էր ձեռք բերել իր դաժանությամբ: Հայոց ցեղասպանության պատմության շատ իրադարձություններ կապված են Սալիհ Զեքիի հետ, օրինակ՝ Էվերեկում նա կախաղան է բարձրացրել օսմանյան խորհրդարանի պատգամավոր Մեծն Մուրադին իր 8 ընկերներով, օրենքի խախտմամբ աքսորել է Դարդանելի հերոս Սարգիս Թորոսյանի ընտանիքը»,- ասաց Ավագյանը:

Ավագյանի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Զեքին հայերին ոչնչացնելու համար օգտագործել է նաև հենց կրոնափոխ հայերին:

«Սալիհ Զեքին օգտագործում էր կրոնափոխ հայերին՝ հայերին ոչնչացնելու համար: Նա ասում էր, որ, եթե կրոնափոխ եք եղել, պետք է ապացուցեք ձեր հավատարիմ լինելն ու ոչնչացնեք ձեր հայրենակիցներին: Սալիհ Զեքին նաև շրջանի չեչեններից խմբեր է հավաքել, որոնց օգտագործել է հայերի ոչնչացման գործում: Գոյություն ունեն վկաների ու վերապրածների բազմաթիվ հուշեր, որտեղ Սալիհ Զեքիի անունը կա: Օսմանյան խորհրդարանի պատգամավոր Էմանուել Էմանուլիդիսը նշում է, որ 1917թ. հանդիպել է Սալիհ Զեքիին, որն ասել է, թե զղջում է, որ 60 հազար հայ է վերացրել, երեխաներին կենդանի վառել, և, նույնիսկ, ուզում է ինքնասպանություն գործել: 1933թ. Մոսկվայում գրած իր կարճ ինքնակենսագրականում Սալիհ Զեքին, նկարագրելով հայերի ոչնչացումը և, թե ինչ արյունալի տեսարաններ ու մասսայական սպանդեր էին տեղի ունենում հայերի տեղահանության ընթացքում, խոստովանում է, որ. «որպես նահանգապետ պատասխանատվություն եմ կրում, քանի որ մասնակցել եմ այդ զազրելի գործին»,- նշեց պատմաբան-դիվանագետը:

1918թ. Սալիհ Զեքին լքել է Թուրքիան: 1920թ. Զեքին դատապարտվել է մահապատժի, որի որոշումն էլ ստորագրվել է սուլթանի կողմից, սակայն այդպես էլ ի կատար չի ածվել, ինչից հետո էլ սկսվել է Զեքիի կոմունիստական ուղին, որում ցեղասպանություն իրականացրած գործիչը ներկայացել է Կուշարկով ազգանունով:

«Այդ մարդը դարձել է կոմունիստ, և հետաքրքրական է, որ հայերի հետ էլ է աշխատել այն ժամանակ: Մարդը հայերին ոչնչացնելուց հետո հայ կոմունիստների հետ համագործակցել է, աշխատել: Ընդ որում, Անաստաս Միկոյանը բավական օգնել է Սալիհ Զեքիին իր կոմունիստական գործունեության ընթացքում: Սալիհ Զեքին բավական մեծ դերակատարություն է ունեցել, և ոչ միայն Թուրքիայի կոմունիստական կուսակցության հիմնադրման հարցում, այլև շատ ուշագրավ է, որ նա եղել է այն օղակը, որի միջոցով հաստատվում էր կապը Բաքվում գտնվող թուրք կոմունիստների և Անատոլիայում ազգայնական շարժման միջև: Ընդորում, թե’ իր անձնական գործում, թե’ նրա վերաբերյալ կազմված տարբեր զեկուցագրերում նշված է եղել, որ Զեքին մասնակցել է հայերի ոչնչացմանը»,- ասաց Ավագյանը:

Սալիհ Զեքիի (Կուշարկով) հետ կապված մի շարք հանգամանքներ նպաստել են, որպեսզի նրա կերպարը տասնամյակներ շարունակ մնա չբացահայտված: Այդ գործում որոշ դերակատարություն են ունեցել նաև 1918թ. հայկական մամուլում լույս տեսած տեղեկությունները:

«Թուրքական պատմագրությունը չի ժխտում Սալիհ Զեքիի գոյությունը, բայց մի խնդիր կա՝ թուրքական պատմագրությունում Սալիհ Զեքիի վերաբերյալ ուսումնասիրություն չկա, և մի հետաքրքիր հանգամանք կա՝ ով Սալիհ Զեքիի մասին թռուցիկ անդրադարձել է, նրան սխալ ազգանուն է վերագրել, այդպիսով նպաստելով, որ այս մարդն անհետանա պատմական թատերաբեմից: Հայկական թերթերը նշում էին, որ 1918թ. նրան Բեյրութի մոտակայքում իր օգնականի հետ ձերբակալել և սպանել են հայկական լեգիոնի զինվորները: Մեկ այլ տեղեկություններ կան, որ նրան Սիրիայում են ձերբակալել հայերը և սպանել: Սակայն, իրականում այդ ընթացքում նա գտնվում էր Ստամբուլում, իսկ 1918թ. վերջին արդեն մեկնել էր Բաքու: Նա մտավախություն ուներ, որ հայերի նկատմամբ ոճրագործության համար, իրեն դատելու են: Հենց այդպես էլ եղավ»,- նշեց դիվանագետը:

Սալիհ Զեքիի անունը ներգրավված է եղել Նեմեսիսի և՛ փոքր, և՛ մեծ ցուցակի մեջ: Իր հետ աշխատողներից շատերը գիտեին, թե նա ով է, և հայերի կողմից նրա նկատմամբ որևէ ոտնձգություն չի եղել: Սալիհ Զեքին մահացել է 1940թ. նոյեմբերի 3-ին, 57 տարեկանում, Մոսկվայում:

Արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետ, պատմական գիտությունների դոկտոր (ՌԴ և ՀՀ), ԵՊՀ պրոֆեսոր Արսեն Ավագյանի «Մթության մեջ մնացած մի գործիչ՝ Իթիհադական կոմունիստ Սալիհ Զեքի (Կուշարկով)» գրքույկը թուրքերենով տպագրվել է Ստամբուլում:

Նորայր Շողիկյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ