ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Հանձնաժողովի նիստում այն ներկայացրեց խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը:
«Հանրային ծառայությունների մասին օրենքում փոփոխությունը վերաբերում է 15 հազար բնակիչ ունեցող համայնքների համայնքապետերի և նրանց տեղակալների հայտարարագրման առաջարկին: Փոփոխությամբ առաջարկում ենք ընդգրկել բոլոր համայնքապետերին և նրանց տեղակալներին, առանց բնակիչների քանակի սահմանափակման։ Հետևաբար, բոլոր համայնքների համայնքապետերն ու համայնքի ղեկավարի տեղակալները կդառնան հայտարարագիր ներկայացնող անձ»,- ասաց Թանդիլյանը:
Պատգամավորը նշեց, որ առաջին ընթերցմամբ օրենքի ընդունումից հետո իրենք փոփոխել են հայտարարագիրը ներկայացնելու ժամկետները:
Հանձնաժողովի նիստում որոշվեց հետաձգել նախագծի քվեարկությունը և լրամշակել այն:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է նոյեմբերի 13-ի Ազգային ժողովի նիստում: