Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Փետրվար

Պատգամավորների բանակային հուշերը. ինչպիսի զինվորներ են եղել խորհրդարանականները

Պատգամավորների բանակային հուշերը. ինչպիսի զինվորներ են եղել 
խորհրդարանականները
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթերորդ գումարման Ազգային ժողովում օրենքներ մշակող և դրանք ընդունող պատգամավորները տարիներ առաջ հետևելով նույն օրենքներին` պարտադիր ծառայություն են անցել Հայոց բանակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում հունվարի 28-ի` Հայոց բանակի օրվա առիթով խորհրդարանական երեք խմբակցությունների պատգամավորներն անկեղծացել են, պատմել, թե ինչպիսի զինվորներ են եղել և թե ինչ է տվել նրանց ծառայության երկու տարին:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը զինվորական ծառայություն է անցել Մեղրիում 1998-2009թթ.: Պատգամավորը նշեց` ուղիղ մեկ ամիս ավելի է ծառայել: «Այն ժամանակ օրացույցային չէր, որ հենց նույն օրը զորացրվեին: Այդ երկու տարիները սովորեցրին ինքնուրույն կյանքին, չասեմ կոփվածության, զենքի հետ աշխատելու, կարգապահության մասին: Բայց ինձ համար ամենակարևոր բաներից մեկն այն է, որ այդ տարիքում բանակում տղամարդն ինքնուրույնություն է ձեռք բերում»,-ասաց նա:
Հակոբյանը նշեց` կարգապահ զինվոր է եղել, բայց պատիժներից ևս չի խուսափել: «Գուբախտ»-ում հայտնվել եմ։ Որքան էլ կարգապահ ես լինում, այդ տարիքում երբեմն ինչ-որ բաներ անում ես, որի համար պետք է պատժվես»,-ասաց պատգամավորն ու հիշեց նաև պատճառներից մեկը` մի անգամ ծառայակից ընկերների հետ չթույլատրված վարում հաց են կերել, հրամանատարական կազմն էլ պատժել է:
Պատգամավորն առանձնահատուկ կերպով նշեց նաև այն ծառայակից ընկերներին, որոնց հետ շփումը դեռ շարունակվում է: 3-4 ընկերներով պայմանավորվել են՝ ամառային մի օր միասին այցելելու են զորամաս, Ագարակ գյուղ: «Այս տարի տոներին` դեկտեմբերի 30-ին, գնացի հենց այն զորամաս, որտեղ ծառայել եմ, շնորհավորեցի զինվորների գալիք տոները: Երբ գնացի, հասկացա, որ մի անգամ էլ կծառայեի: Երբ տեսա, թե հիմա ինչ պայմաններում են ծառայում, բարդություններ չկան, սնունդը լավն է, հագուստը լավն է, հասկացա, որ կուզեի մի քանի ամսով գնայի, ծառայեի»,-ասաց նա:
Հակոբյանի համար ծառայության տարիներին հայրենասիրությունն ավելի առարկայական է դարձել: Ծառայողական տարիների հետաքրքիր դեպքերից նա հիշեց հետևյալը. «Երբ ընդամենը մի քանի ամսվա ծառայող էի, շփման գծում իրավիճակ էր լարվել: Մեզ տեղակայեցին որպես պահեստային, որ եթե վիճակն ավելի լարվի, մեզ ևս բարձրացնեն դիրքեր: Մենք էլ տաքարյուն երիտասարդ էինք, անհամբեր սպասում էիք, թե երբ հրաման կտան, որ մենք էլ բարձրանանք այնտեղ: Իհարկե, հետո հասկանում ես, թե ինչ լավ է եղել, որ այդ սցենարով չի ավարտվել, ուղղակի դադարել են կրակոցները»,-ասաց Հակոբյանն ու Հայոց բանակին մաղթեց առաջին հերթին խաղաղություն, հետո` ուժ, դուխ, նկատեց` չնայած դա կա, սակայն օր օրի պետք է ավելանա:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի զինծառայությունն անցել է Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում 2007-2009թթ: Ի տարբերություն Հակոբյանի` Գորգիսյանը զորացրվել է երկու տարի անց` ծառայության անցնելու հենց նույն օրը: «Ուզում էի անակնկալ կերպով գնալ տուն, սակայն չստացվեց, քանի որ նույն օրը զորացրվեցի»,-ասաց պատգամավորը: 
Սակայն ծառայության ընթացքում օրենքով թույլատրելի երկու արձակուրդները Գորգիսյանին թույլ են տվել գեղեցիկ անակնկալներ մատուցել հարազատներին: «Երբ գնում էի տուն արձակուրդի, տանեցիներին չէի զգուշացնում: Ներկայիս կնոջս`այն ժամանակ ընկերուհուս, ծննդյան կամ էլ մարտի 8-ի օրն էր համընկել արձակուրդս, նրա աշխատանքի վայր գնացի ծաղիկներով, շատ հետաքրքիր անակնկալ ստացվեց»,-պատմեց նա: 
Անդրադառնալով հարցին` արդյոք կարգապահ զինվոր է եղել, թե ոչ` Գորգիսյանը կատակեց` բանակում ասում են` լավ զինվորը նա չէ, որը խախտումներ չի անում, այլ նա է, որը չի բռնվում: «Լավ զինվոր եմ եղել: Բանակը հանրությանն ավելի լավ ճանաչելու, նաև հետագա կյանքի համար սեփական ուժերը ճիշտ գնահատելու փորձ է: Եվ շատ կարևոր է, որ տղաներն անպայման ծառայեն»,-ասաց Գորգիսյանն ու նշեց` իր ծառայության տարիները բավականին լավ են անցել, միշտ, երբ ընկերներով հավաքվում են, հիշելու շատ ջերմ բաներ են ունենում: 
Գորգիսյանը ծառայակից ընկերների հետ կապը մինչև հիմա պահում է: «Ամենակարևոր ձեռքբերումը մնում են ընկերները: Դժվարության ընկերները ուրիշ են լինում: Իսկ բանակն ամեն դեպքում դժվարություններ ունի։ Այդ փուլում ձեռք բերած ընկերությունը կարծում եմ ավելի ամուր ու ջերմ է լինում»,-ասաց նա:
Ծառայությունից հետո Գորգիսյանը զորամաս գնացել է երկու անգամ: Վերջինը նախորդ տարի էր: «Հին սպայակազմից մի 2-3 հոգի էին մնացել, և հաճելի էր, որ նրանք ինձ դեռ հիշում էին: Որքան էլ ծառայության ընթացքում թվում է, թե դժվարությունները շատ են, անսովոր է, հետո միշտ միայն լավն է հիշվում: Եվ հետո միշտ ավելի հաճելի է հիշել այդ ամենը»,-ասաց նա ու մաղթեց, որ ոչ ոք չխուսափի ծառայությունից, քանի որ հայրենիքը բոլորինս է, և յուրքանչյուրն իր թեկուզ փոքր ներդրումը պետք է ունենա հայրենիքի պաշտպանության գործում: 
«Տղաներին կմաղթեմ ամենակարևորը` գիտակցումը, թե իրենք ինչի համար են այնտեղ և ինչ կարևոր պարտականություն են կատարում: Այդ գիտակցումը թույլ չի տալիս այլ սխալներ անել, որոնք կապված չեն զինծառայության հետ: Երկրին մաղթում եմ խաղաղություն, սակայն չպետք է մոռանանք, որ այդ խաղաղությունը մենք  ամեն օր պարտադրում ենք հակառակորդին»,-ասաց նա:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի զինծառայությունն անցել է 1996-1998թթ: Ծառայությունը որպես հրետանավոր սկսել է Գյումրիում, հետո շարունակել է սահմանապահ զորամասում, դիրքերում: Պատգամավորը նշում է` ծառայության յուրքանչյուր օրը հետաքրքիր, ուսուցողական է եղել` թե ռազմական կրթության առումով, թե հայրենիքի նկատմամբ վերաբերմունքի, թե կյանքի այլ բնագավառների համար: «Աննկարագրելի զգացողություն է, երբ կանգնում ես խրամատում, սահման ես պահում, դեմքով նայում ես թշնամուն, իսկ թիկունքումդ քո հայկական գյուղն է, խաղաղ բնակիչներն են, և դու այն կետում ես, որ պետք է պաշտպանես այդ գյուղի, քո երկրի խաղաղությունը, անդորրը: Դա չափազանց կարևոր զգացողութուն է»,-ասաց նա ու հավելեց` ծառայության տարիներից ձեռք է բերել շատ լավ որակներ` կարգապահություն, աշխատանքային հմտություններ, կազմակերպչական ջիղ, լավ ընկերներ: 
Ծառայության հետ կապված հիշում է մի հետաքրքիր դրվագ: «Այդ տարիներին բջջային հեռախոսը տարածված չէր, կապի միջոցները սահմանափակ էին: Մի անգամ զինվորներից մեկի ծնողն իր ընկերոջը խնդրում է տեսակցել իր որդուն: КПП-ում` անցագրային կետում ծառայություն իրականացնող զինվորից հարցնում է, պայմանական, Մարտիրոսյան Ռոմիկին: Զինվորը բոլոր դիվիզիոններում հարց ու փորձով փնտրում է այդ մարդուն, սակայն վերջում պարզվում է, որ հենց իրեն են տեսակցելու եկել: Չի պատկերացնում, որ իր համար են եկել»,-ասաց նա:
Էնֆիաջյանը ևս զինծառայությունից հետո պարբերաբար այցելում է շփման գիծ: «Տոկունությունը, զգոնությունն ու մարտական ոգին ինչպես եղել է, այնպես էլ կա ու բարձրանում է: Մաղթում եմ, որ դա միշտ լինի բարձր հարթության վրա: Մեր բանակը մեր անվտանգության, առաջընթացի մեծագույն երաշխիքն է: Վստահ եմ, որ ձևակերպված յուրքանչյուր խնդիր մեր զինծառայողները փայլուն ձևով կիրականացնեն»,-ասաց պատգամավորն ու մաղթեց խաղաղություն, հոգու, մտքի ներդաշնակություն և ուժ` կամքի դրսևորման, քայլերի և գործողությունների մեջ: 
Աննա Գրիգորյան




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ