Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Փետրվար

Անակնկալները շարունակվելու են նաև 2020 թվականին. Գաբրիել Բալայանը՝ ՀՀ ԶՈՒ սպառազինության մասին

Անակնկալները շարունակվելու են նաև 2020 թվականին. Գաբրիել Բալայանը՝ ՀՀ ԶՈՒ 
սպառազինության մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի առթիվ շնորհավորել է բոլոր զինծառայողներին և իրենց կյանքը տված զինծառայողների հարազատներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Բալայանն ասաց ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ զրույցում:

«Շնորհավորանքս ցանկանում եմ հղել մեր այն զինծառայողների հարազատներին, ովքեր իրենք կյանքն են տվել բանակի հզորացման, հայրենիքի անկախության, զարգացման և սահմանների անքակտելիության համար: Կարծում եմ, որ այս տոնի առաջին հասցեատերերը հենց նրանք են»,- նշեց Բալայանը և հավելեց, որ ՊՆ-ն արդեն իսկ մի շարք միջոցառումներ է ձեռնարկել՝ զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական վիճակի բարելավման համար:

Փոխնախարարի խոսքով՝ 2019 թվականին Երևանում այդ զինծառայողների ընտանիքների բնակարանային կարիքները մոտ 95 տոկոսով բավարարվել է, իսկ այժմ ծրագիրն իրականացնվում է նաև մարզերում:

«Մենք շատ ենք կարևորում նաև այն զինծառայողների վաստակը, ովքեր ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան իրենց կյանքն են վտանգում հայրենիքի պաշտպանության համար: Պաշտպանության նախարարությունն անում է ամեն ինչ, որպեսզի Զինված ուժերում մեր զինծառայողներին վերաբերող բոլոր իրավական կարգավորումները գործեն ճիշտ և հստակ: Շատ հաճախ լուսանցքից դուրս է մնում այն ձևաչափը, թե քանի դեպք է կանխվում մեր սպաների և զինծառայողների ժամացույցի պես աշխատանքի շնորհիվ»,- ընդգծեց Բալայանը:

Անդրադառնալով սպառազինությանը՝ նա շեշտեց, որ 2019 թվականն աննախադեպ է եղել և հավաստիացրեց, որ անակնկալները շարունակվելու են նաև 2020 թվականին, սակայն դեռևս չեն կարող բացահայտել, թե ինչ զինամթերք պետք է ստանա Հայաստանը:

«Անցյալ և այս տարվա բյուջետային պլանավորման մեջ բավական գումարներ են հատկացված հենց այդ կարիքները բավարարելու համար: Մենք շեշտը դրել ենք ոչ միայն սպառազինության, այլև համաժամանակյա վարձատրության բարձրացման վրա: Հույս ունեմ, որ բոլոր այդ դրական տենդենցների զարգացումը կկարողանանք ապահովել նաև 2020 թվականին»,- եզրափակեց Բալայանը:

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ