Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Փետրվար

Ռազմավարական մակարդակում պետք է լուծենք հասանելիության խնդիրը. վարչապետը՝ ծննդատների փակման թեմայով

Ռազմավարական մակարդակում պետք է լուծենք հասանելիության խնդիրը. 
վարչապետը՝ ծննդատների փակման թեմայով

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ծննդատների փակման հարցում պետք է ռազմավարական մակարդակում լուծվի հասանելիության խնդիրը. կառուցվեն ճանապարհները, Շտապօգնության մեքենաներն ավելացվեն, որոնք ծննդկանին արագ կհասցնեն ծննդատուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս թեմային վարչապետն անդրադարձավ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ` պատասխանելով «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հարցին:

Պատգամավորը հիշեցրեց, որ դրվել է թվով 7 ծննդօգնության ծառայություն մատուցող կազմակերպությունների ֆինանսավորման դադարեցնելու հարց, նա  հետաքրքրվեց վարչապետի տեսակետով:

«Ես երբ հետևում էի Մարալիկի ծննդատան վերաբերյալ քննարկումներին, ասվում էր, որ այն սպասարկում է ևս 25 գյուղերի: Առաջին հարցը, որ ինձ մոտ առաջացավ, հետևյալն է` ինչու է Մարալիկի ծննդատունը սպասարկում 25 գյուղերի, ինչու դրանցում չկան ծննդատներ: Եվ ինչու այսօր մենք պահանջ չենք դնում, որ ՀՀ յուրաքանչյուր բնակավայրում պետք  լինի ծննդատուն. որովհետև դա տրամաբանական պահանջ չէ: Դա մոտավորապես նույնն է, որ պահանջենք, թե Երևան քաղաքում ամեն շենքի մոտ լինի ծննդատուն: Եթե մենք խնդիր չունենք, որ այդ 25 գյուղերից մեկի բնակիչը` ծննդկանը նստի ավտոմեքենա և օրինակ 25 կմ կտրի և հասնի Մարալիկ, ապա ինչու մենք ունենք խնդիր, որ այդ նույն բնակավայրի բնակիչը 25 կմ կտրի և հասնի Արթիկ, Գյումրի: Մենք պետք է այս հարցերում կողմնորոշվենք: Եվ եթե, Աստված չանի, այդ ծննդատանը մի դեպք լինի, և պարզվի, որ այնտեղ չկա համապատասխան մասնագետ, տեխնիկա և բժիշկներն իրենց տարեկան միջին մասնագիտական ծանրաբեռնվածությունից ցածր աշխատելու պատճառով կորցնում են իրենց պրոֆեսիոնալիզմը, դուք գալու և ասելու եք` կառավարություն ինչ էիք մտածում այդքան ժամանակ, դուք չգիտեիք, որ այնտեղ այս խնդիրը կա»,-ասաց վարչապետը:

Նա նշեց` իրեն զարմացրել է նաև, երբ հեռուստատեսությամբ տեսել է Մարալիկի ծննդատան գործադուլ անող բուժաշխատողերին, ովքեր հիվանդանոցային խալաթներով ու ոտնամաններով դուրս էին եկել, ձյան մեջ փողոցներում քայլում էին և այդ նույն խալաթով ու ոտնամանով գնալու էին ծնունդ ընդունելու:

«Մենք պետք է հասկանանք, որ պետք է ռազմավարական մակարդակում լուծենք երկու խնդիր` հասանելիության խնդիրը, որովհետև կարող է պարզվի, որ ավելի լավ է ամեն գյուղում ճանապարհները կառուցենք, շտապօգնության մեքենաներ դնենք, որ երբ ծննդականի հետ կապված խնդիր լինի, ոչ թե իրենց տան մեքենան նստեն, այլ շտապօգնությունն արագ մոտենա, հասցնի տեղ, պատշաճ մակարդակով ծառայությունը ստանա»,-ասաց Փաշինյանն ու հավաստիացրեց`  ֆինանսավորման կրճատման մասին խոսք չկա, կառավարությունը վերջին 2 տարիների ընթացում մոտ 30 տոկոսով առողջապահության ֆինանսավորումը ավելացրել է, և  այդ միջոցները պետք է ճիշտ ծախսեն:

Նա նկատեց` Եղվարդի ծննդատան փակման որոշումը վերանայվել է: «Այնտեղ, որտեղ կա ամուր փաստարկ, կառավարությունը չի կարող այդ փաստարկները չլսել, բայց այնտեղ, որտեղ չկան փաստարկներ… Մարալիկի դեպքում, եթե այդ 25 գյուղում չկա ծննդատուն, ուրեմն կարող ենք ոչ թե ծննդատուն փակել, այլ այդ միջոցները կոնսոլիդացնել, որպեսզի մենք ունենանք ծննդատուն, որտեղ ոչ թե անհրաժեշտ 10 տեխնիկայից 5-ը լինի, 5-ը չլինի, այլ ունենանք ծննդատուն, որտեղ 10 անհրաժեշտ տեխնիկան և պատշաճ մասնագիտական որակ ապահովելու  խնդիրը լուծենք, Շտապօգնության մեքենաները կանգնացնենք, ճանապարհներն էլ ասֆալտենք, փողն էլ պետբյուջեից տանք, որ երբ ծննդկանին պետք լինի, նրան արագ գնան տեղափոխեն, ծառայությունն էլ մատուցեն»,-եզրափակեց Փաշինյանը:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ