Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ-ԵՄ համագործակցության բոլոր հարցերով առաջընթաց է արձանագրվել. Մհեր Գրիգորյանը՝ Վասիլիս Մարագոսին

ՀՀ-ԵՄ համագործակցության բոլոր հարցերով առաջընթաց է արձանագրվել. Մհեր 
Գրիգորյանը՝ Վասիլիս Մարագոսին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը, ողջունելով հյուրերին և շնորհավորելով անցած տոների կապակցությամբ, մաղթել է նույն կառուցողական հունով շարունակել բեղմնավոր աշխատանքը և համատեղ ծրագրերի իրականացումը 2020 թվականին: Փոխվարչապետը գոհունակությամբ է նշել, որ երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր հարցերով առաջընթաց է արձանագրվել: Մհեր Գրիգորյանը, մասնավորապես, շեշտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման հաջող գործընթացը՝ անդրադառնալով 2019 թվականի վերջին կայացած Գործընկերության կոմիտեի արդյունքներով համատեղ հայտարարությանը: Փոխվարչապետը ներկայացրել է ոլորտային ռազմավարությունների մշակման ու հաստատման գործընթացը և Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակման տրամաբանությունը՝ առանձնացնելով հիմնական մեգանպատակներն ու դրանց կապը ՀԸԳՀ-ի և Կայուն զարգացման նպատակների հետ: Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի զարգացման գործընկերների ներգրավվածությունը ռազմավարությունների մշակման գործընթացում՝ անդրադառնալով առանձին ռազմավարությունների քննարկման ընթացքում դոնոր համայնքի ներկայացուցիչների մասնակցությանը:

Վասիլիս Մարագոսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, տարեսկզբյան հանդիպումը լավ առիթ է համարել համատեղ կատարված աշխատանքը գնահատելու և առաջիկա անելիքները ուրվագծելու համար: ԵՄ պաշտոնյան բարձր է գնահատել ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ ավելացել է նաև Հայաստանին տրամադրվող աջակցությունը: Ընդգծելով, որ կարևոր է ՀՀ-ԵՄ համագործակցության շնորհիվ իրականացված աշխատանքն ու իրական արդյունքները՝ Վասիլիս Մարագոսը պատրաստակամություն է հայտնել շարունակելու զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ և լինելու նրա վստահելի գործընկերը՝ երկրի զարգացմանը միտված ծրագրերում:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են արդարադատության ոլորտի և ոստիկանության բարեփոխումների իրականացումը: Վասիլիս Մարագոսը դրական է գնահատել այս ոլորտներում կառավարության արդեն իսկ իրականացված բարեփոխումները և նախանշած անելիքները: Անդրադարձ է կատարվել Արևելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի կողմից առաջիկայում ներկայացվելիք առաջնահերթություններին և 2020 թվականից հետո համատեղ ծրագրավորման ուղղություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am