ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարում ԼՂ հարցի կարգավորման բնականոն բանակցային գործընթացը շարունակելը
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անհրաժեշտ է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բնականոն գործընթացը շարունակելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Մնացականյանն ասաց հունվարի 16-ին՝ լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ հաջորդ հանդիպման ժամկետներին:
«Բնականոն բանակցային գործընթացն անհրաժեշտ է շարունակել, անհրաժեշտ է միշտ ներգրավված լինել և աշխատել: Այդ տրամաբանության մեջ, երբ հանդիպման հետ կապված բոլոր մանրամասները կհամաձայնեցնենք, կհայտարարենք»,- ասաց Մնացականյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2019թ. դեկտեմբերի 4-ին՝ Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում