Էներգետիկայի ոլորտում կոալիցիա ձևավորած ՔՀԿ-ները քննարկեցին ոլորտի կարևորագույն խնդիրները

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով իրականացվող «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանուն կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացման (EU4STED)» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում ձևավորված` «Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիան անցկացրեց երրորդ նիստը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ավելի քան երկու տասնյակ ՔՀԿ-ներից ձևավորված «Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիայի» նպատակներից են` կայուն էներգետիկայի և կլիմայի փոփոխության ոլորտում հանրային քաղաքականությունների մշակումը և ջատագովումը, ՏԻՄ-երի էներգաարդյունավետության նախաձեռնությունների մշտադիտարկման և բարելավման մեխանիզմների ու կարողությունների զարգացումը և հանրային մասնակցության ապահովումը՝ կարևորելով համայնքային գործընթացներում այս խնդիրների լուծման թափանցիկությունը և կին մասնագետների ներգրավվածության բարձրացումը։

Ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավարությամբ կոնսորցիումով գործարկվող և Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակներում:

«Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիայի» նիստի ընթացքում «Էներգախնայողությանաջակցմանհիմնադրամ»-ի Կայուն էներգետիկայի ծրագրերի համակարգող Թամարա Բաբայանը ներկայացրեց «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների և աշխատանքների նկատմամբ էներգաարդյունավետության պահանջների կիրառման ուղեցույցի նախագիծը:

«Պետական գնումներ կատարողների մեծ մասն այդ համակարգից շատ մանրուքների չի տիրապետում: Այդ պատճառով մշակել ենք «Էներգաարդյունավետ գնումների ուղեցույց», որը պետական գնումներով զբաղվողներին ավելի պարզ լեզվով կբացատրի այդ գործընթացը»,- նշեց Բաբայանը:

Կոալիցիայի երրորդ նիստի ընթացքում կոալիցիայի հիմնադիր կազմակերպություններից մեկի` «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ-ի տնօրեն Աստղինե Պասոյանը ներկայացրեց «Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիայի» կողմից մինչ այժմ իրականացված աշխատանքները,ոլորտի օրենսդրական և քաղաքականության խնդիրները:

Աստղինե Պասոյանը նշեց, որ քննարկումներ են եղել կառավարության, համապատասխան գերատեսչությունների հետ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հետ ստորագրվել է հուշագիր, և այն դարձել է մեր կոալիցիայի լուսաբանող պաշտոնական գործընկերը:

Նիստի մասնակիցները քննարկումներ ունեցան նաև ՀՀ կառավարության ծրագրի էներգետիկ ոլորտի միջոցառումների և կոալիցիայի կարողությունների զարգացման վերաբերյալ:

Երրորդ նիստի շրջանակներում տեղի ունեցավ Կոալիցիայի հռչակագրին նոր ՔՀԿ-ների միացման արարողություն, որից հետո մասնակիցներին ներկայացվեց «Հայաստանի կայուն և թափանցիկ էներգետիկ զարգացմանն ուղղված ՔՀԿ-ների կոալիցիայի» կարողությունների զարգացման 2-րդ ենթադրամաշնորհային ծրագիրը: ՔՀԿ-ների ներկայացուցիչները մտքեր փոխանակեցին և իրենց առաջարկությունները ներկայացրեցին կոալիցիայի կարողությունների զարգացման, ինչպես նաև կոալիցիայի ներքին փաստաթղթերի վերաբերյալ:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։ Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝ կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնք են արդարադատությունը, մարդու իրավունքները, հանրային ֆինանսների կառավարումը, բիզնեսը, կրթությունը, սոցիալական ոլորտը. հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալական ներառում, գյուղատնտեսությունը, տնտեսությունը, էներգետիկան:

Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:

Հայերեն