Հասարակական

Echosteo ասոցիացիայի բժիշկները ավարտեցին իրենց բարեգործական նախաձեռնությունը Գյումրիում

4 րոպեի ընթերցում

Echosteo ասոցիացիայի բժիշկները  ավարտեցին իրենց բարեգործական նախաձեռնությունը Գյումրիում

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի օստեոպատների Echosteo ասոցիացիայի բժիշկներն ավարտեցին իրենց բարեգործական ծրագիրը Գյումրիում: Քաղաքի «Սամարիթեր» վերականգնողական կենտրոնի հրավերով հունիսի 8-ից հուլիսի 28-ը կենտրոնում անվճար բուժզննում, խորհրդատվություն ու օստեոպատիկ միջամտություն էին իրականացնում ֆրանսիացի մասնագետները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սամարիթեր» վերականգնողական կենտրոնի վերականգնողական թերապիայի բաժնի վարիչ, բժիշկ-ռեաբիլիտոլոգ Հասմիկ Պետրոսյանը, ֆրանսիացի մասնագետների խումբը մոտ երկու ամիս՝ շաբաթական երկու օր աշխատել է կենտրոնում՝ տարբեր խմբերով: «Նրանց հիմնականում դիմել են ողնաշարի խնդիրներ ունեցող՝ օստրեոխոնդրոզներ, միջողային սկավառկների ճողվածքներ, խոշոր հոդերի, մկանային խնդիրներ ունեցող և ցավային սինդրոմով հիվանդները: Միայն միջողային ճողվածքներով հիվանդները բավական մեծ թիվ են կազմել»,- նշեց մասնագետը:

Ի դեպ, այս ընթացքում ֆրանսիացի մասնագետների մոտ գրանցվել է մոտ 800 այցելություն, նրանցից 300-ը՝ կրկնակի ընդունելությամբ: Ինչպես հայ, այնպես էլ ֆրանսիացի մասնագետը նման թիվը կապում են ծանր աշխատանքի, դժվար կենսակերպի և բժիշկին ուշ դիմելու հետ: «Եկած հիվանդների մեծամասնությունը ժամանակին բժիշկներին դիմելու և հետազոտվելու հնարավորություն չէր ունեցել, և այնքան էին նրանց խնդիրները բարդացել, որ ստիպված էին եկել: Բավական արհեստավարժ թիմ էր, իրենց գործը լավ գիտեին և այս ընթացքում սովորեցինք որոշակի մարտավարական հնարքներ, որոնք կտան հիվանդի «ցավը հանելու» հնարավորություն»,- հավելեց Հասմիկ Պետրոսյանը:

Այն մասին, որ երիտասարդ բժիշկների աշխատանքը բավական արդյունավետ էր, խոսում էր վերջին օրվա հոսքը՝ այցելուններից շատերը եկել էին կրկին շնորհակալություն հայտնելու:

Օստեոպատիան կամ մանուալ թերապիան արագ և արդյունավետ վերականգնում է հենաշարժողական ապարատի գործունեությունը: Հայաստանում այս մեթոդը շատ տարածված չէ, և շատ կլինիակներում այն չի կիրառվում, մինչդեռ, արտասահմանյան շատ երկրներում բավական լայն տարածում ունի: «Սա բավական երիտասարդ ասոցիացիա է: Առաջին անգամ էինք Գյումրիում՝ կենտրոնի նախկին տնօրեն, բժիշկ Ռաֆիկ Խաչատրյանի հրավերով: Ի տարբերություն Հայաստանի, Ֆրանսիայում այս մեթոդը բավական լայն տարածում ունի, և շատ կլինիկաներում կան հատուկ կաբինետներ: Հինգ տարի է անհրաժեշտ որպես օստրեոպատ վերապատրաստվելու համար, բայց արդյունքն արդարացված է, երբ տեսնում ես, որ օգնել ես մարդուն ու մեղմել նրա ցավը»- նշեց «Էկո» օստեոպատների ասոցիացիայի խորհրդի անդամ, խմբի համաղեկավար Ջուլիե Նիկոլան՝ իր և խմբի մյուս անդամների անունից շնորհակալություն հայտնելով գյումրեցի մասնագետներին՝ համագործակցության համար՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի ևս խումբը կայցելի Գյումրի: Ֆրանսիայի օստեոպատների Echosteo ասոցիացիայի մասնագետների նպատակն է առաջիկայում Հայաստանում օստեոպատների դպրոց հիմնելը:

Ավելացնենք, որ կատարված աշխատանքի համար ասոցիացիայի խորհրդի անդամներ, խմբի համաղեկավարներ Սամուել Հաջակյանն և Ջուլիե Նիկոլան արժանացան Շիրակի մարզպետի շնորհակալագրերին:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում