Մարզեր

432 մլն 416 հազար 88 դրամ՝ Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքների համար

2 րոպեի ընթերցում

432 մլն 416 հազար 88 դրամ՝ Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքների համար

ԳԱՎԱՌ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ 2024 թվականի մարտի 26-ից մեկնարկել և շարունակվում են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեից հատկացված 432 մլն 416 հազար 88 դրամի հաշվին։

Ծրագրի շրջանակներում նախատեսված է իրականացնել 2 հազար 690 մետր երկարությամբ երթևեկելի մասի երկշերտ ասֆալտբետոնե ծածկի կառուցում, գծանշում, ճանապարհային նշաններով կահավորում, մետաղական արգելափակոցների, պլաստիկ ազդանշանային սյուների տեղադրում և տվյալ հատվածում առկա կամրջի վերին հատվածի հիմնանորոգում։

2024 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ Սևանի տրասնպորտային հանգույցի թևերն արդեն ասֆալտապատ են։ Այժմ քանդման աշխատանքներ են կատարվում կամրջի վրա։ Երթևեկության մեծ ինտենսիվություն ունեցող կամուրջը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, նույնիսկ հեծանների ամրանները քայքայվել էին, և հիմնանորոգման անհրաժեշտություն կար։ 36 մետր երկարությամբ կամրջի վրա կատարվելու է երկշերտ ջրամեկուսացում, տեղադրվելու է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ 

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2024 թվականի ընթացքում։ 

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում