ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանափակել, խստացնել պայմանները, երբ հարուցված քրեական գործի շրջանակում հետաքննիչը կամ քննիչը կարող է ստուգումներ նշանակելտնտեսավարող սուբյեկտի նկատմամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 114 «կողմ» ձայն:
Նախագծով առաջարկվող փոփոխություններով ավելի սահմանափակվում և խստացվում են այն պայմանները, երբ հարուցված քրեական գործի շրջանակում հետաքննիչը և քննիչը կարող են ստուգումներ նշանակել: Այսպիսով, փոփոխություններով ակնկալվում է հստակեցնել այն դեպքերը, երբ կարող են տնտեսավարող սուբյեկտի մոտ ստուգողական գործողություններ իրականացվել, և ակնկալվում է այդ եղանակով հնարավորինս սահմանափակել և բացառել անհարկի միջամտությունները տնտեսական գործունեության նկատմամբ:
Աննա Գրիգորյան